Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքա՞ն կարող ենք հայերենով պատմել մեր ցավի մասին». Արա Գևորգյան

Հոկտեմբեր 15,2014 17:46

«Կանք ու կլինենք». այսպես է կոչվում երաժիշտ, երգահան Արա Գևորգյանի (երաժշտության հեղինակ) և գրող Լևոն Բլբուլյանի (խոսքերի հեղինակ) նոր երգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ստեղծագործությունն արդեն ձայնագրվել է հայերեն և անգլերեն տարբերակներով (անգլերենը «Remember» անվանումն ունի):

«Ես շատ եմ ուզում, որ մենք մեր մեծ ցավի մասին խոսենք նաև օտարի լեզվով: Եթե ուզում ենք, որ այն ճանաչելի դառնա աշխարհում, ապա ինչքա՞ն կարող ենք հայերենով պատմել իրար դրա մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արա Գևորգյանը՝ պարզաբանելով, թե ինչու է որոշել երգը թարգմանել նաև անգլերեն:
Ի դեպ, անգլերեն տեքստի հեղինակը ամերիկացի երգիչ Դանիել Դեքերն է:
«Ասում են՝ շատ ազդեցիկ է ստացվել, չգիտեմ: Ագրեսիա չկա մեջը: Կարևորն այն է, որ լավ մասնագետներ են ասում՝ Էդուարդ Թոփչյանը, Հովհաննես Չեքիջյանը»,- ասում է Ա. Գևորգյանը:

Ինչպես տեղեկացրեց պարոն Գևորգյանը, երգը ձայնագրվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ: Այժմ ընթացքի մեջ են նոր երգի տեսահոլովակի պատրաստման աշխատանքները:
«Մենք ավելի վաղ էինք սկսել նոր երգի վրա աշխատել, դեռևս Արամայիս Սահակյանի հետ, սակայն չկարողացանք ավարտել և այնուհետև սկսեցինք աշխատել ամերիկաբնակ կոմպոզիտոր Հենրիկ Անասյանի հետ, բայց նրա գրածը շատ դիպուկ, մի տեսակ ճակատային ստացվեց, ագրեսիան ու կռիվը շատ էին մեջը, դրա համար որոշեցինք նոր տեքստ գրել: Իսկ նոր տեքստը գրեց Լևոն Բլբուլյանը»,- պատմեց Ա. Գևորգյանը՝ հավելելով, որ երգն արդեն երգել են 15 հայկական երգչախմբեր:

Այն հնչել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդում, որտեղ էլ կատարվել են տեսահոլովակի նկարահանումները. «Ուղղաթիռից նայելիս Ծիծեռնակաբերդում պատկերված է 1915 թիվը: Պատկերը ստացվում է մոտ 500 հոգանոց երգչախմբի միջոցով, որը Երևանում էր Սփյուռքի նախարարության հրավերով՝ մասնակցելու համահայկական երգչախմբերի փառատոնին»,- ասաց երգահանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ պայմանավորվածություն ունեն, որ սփյուռքում գտնվող երգչախմբերը, որոնք եկել էին Հայաստան ու կատարել այս երգը, իրենց երկրներում 2015 թվականի ապրիլի 24-ին դուրս գան փողոց և երգը կատարեն անգլերենով. «Բանակցություններ են տարվում նաև այն ուղղությամբ, որ տարբեր երկրների հեռուստաընկերություններ ներկայացնեն տեսահոլովակը»,- հավելեց Ա. Գևորգյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031