Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունիսոն» հ/կ-ի ներկայացուցիչ. «Հաշմանդամությունը չպետք է սայլակի հետ ասոցացվի»

Հոկտեմբեր 15,2014 17:43

Կիեւում մեկնարկած «IDEAS. ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» թեմայով համաժողովի մասնակիցների թվում է «Ունիսոն» հ/կ-ի հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանը: Aravot.am –ի հետ զրույցում նա փաստեց, որ մարդիկ հաշմանդամ բառը լսելիս, առաջինը որ պատկերացնում են, անվասայլակն է կամ ձեռնափայտը, մինչդեռ իրականում հաշմանդամության տեսակներն ու կարիքները տարբեր են:

«Վերջին շրջանում աճել է հետաքրքրությունը դեպի միջավայրի հարմարեցման գաղափարը, մինչդեռ կան հաշմանդամության տեսակներ, որոնք պահանջում են այլ տեսակի, օրինակ` բժշկական միջամտություն: Շատ երկրներում գործում է ոչ միայն բժշկական կամ սոցիալական մոդելը, այլ այդ երկուսի համակցումը՝ բժշկասոցիալական մոդելը, որը ենթադրում է հնարավորինս տրամադրել բուժում, իսկ եթե բուժումը չի բերում բարելավման, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ցանկացած անձ իրեն հարմարավետ զգա»:

Մարիաննա Չալիկյանը որպես օրինակ բերում է երիկամների քրոնիկ անբավարարությունը, որը մի տեսակ դուրս է մնացել հարմարեցման համատեքստից: «Վերջին շրջանում աճել է քրոնիկ հիվանդությունների թիվը, ու շատ կուզենայի, որ այդտեղ եւս լինեին համապատասխան պայմաններ: Ցավոք ոչ բոլոր դեղերն են Հայաստանում վաճառվում կամ տրամադրվում»,-ասում է մեր զրուցակիցը՝ անդրադառնալով նաեւ օրգանների փոխպատվաստման խնդրին:

«Հիվանդության վերջին փուլում գտնվող մարդկանց երիկամների փոխպատվաստման հարցը մեզանում դեռեւս բաց է, չնայած կան սակավաթիվ բժիշկներ , որոնք անցկացնում են փոխպատվաստումներ: Օրենսդրորեն որոշ բաներ ամրագրված են՝ մահացած մարդկանց օրգանների փոխպատվաստումն արգելված չէ Հայաստանում, սակայն չգիտես ինչու այն չի գործում, գուցե նրանից է, որ կիրառման մեխանիզմներն ապահովված չեն: Մինչդեռ զարգացած երկրներում այդ գործընթացն ապահովում է պետությունը, բոլոր նման վիրահատություններն անցկացվում են պետպատվերով, դոնոր չլինելու դեպքում էլ՝ մարդուն տրամադրում են լիարժեք վերականգնվելու հնարավորությունները: Մեզ մոտ բոլոր խնդիրները՝ եւ ֆինանսական եւ դոնորի որոնման, դրված են զուտ տվյալ անձի վրա»,-նշում է Մարիաննա Չալիկյանը:

Նա հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում մատչելիության մշտադիտարկում անցկացնել՝ ոչ թե թեքահարթակների կամ սայլակների, այլ սննդի գծով: «Հայաստանում որոշակի սննդակարգերին հետեւող մարդիկ սպասարկման ոլորտի հաստատություններում մշտապես բախվում են մատչելիության խնդիրներին: Որեւէ ռեստորանում կամ սրճարանում չկա դիետիկ ճաշացանկ, որից առողջական խնդիրներ ունեցող այցելուները կարող են ընտրություն կատարել, մինչդեռ դա երկու կողմին էլ օգտակար կլիներ՝ եւ այցելուին եւ հաստատությանը»,-կարծում է «Ունիսոնի» հանրային կապերի պատասխանատուն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031