Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «CNBC» հեռուստակայանին տված հարցազրույցում հայտնել է, որ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերակառուցել հնարավոր չէ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Վարչապետի կարծիքով՝ «որոշ ժամանակ անց պատժամիջոցները կչքանան, բայց այն, որ դրանք մեր հարաբերությունների մեջ սեպ խրեցին, ոչ մի կասկած չկա»:
Նա «տկարամտություն է» անվանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում հայտարարությունն այն մասին, որ՝ «մարդկության դեմ սպառնալիքները թվարկելիս, նա առաջին տեղում դրել է Էբոլա համաճարակը, երկրորդում՝ Ռուսաստանը և միայն երրորդում՝ «Իսլամական պետությունը»:
«Ի՞նչ վերակառուցման մասին է խոսքը: Պետք է վերադառնալ նորմալ կեցվածքի, գոնե զրոյական կեցվածքի ու միայն դրանից հետո մտածել, թե ինչպես են մեր հարաբերությունները զարգանալու դրանից հետո», – ասել է նա:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Եվրոպայի կիրառած պատժամիջոցներին Մեդվեդևը նշել է, որ Մոսկվայի և Բեռլինի հարաբերությունների վրա դրանք դեռևս բացասաբար չեն ազդել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ