Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու եռյակի հանրահավաքին չհնչեցին ի պաշտպանություն քաղբանտարկյալների ելույթներ

Հոկտեմբեր 15,2014 17:33

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շարունակվում է «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստը (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան):

Դատական նիստերի դահլիճում էին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, Քաղաքացիական պայմանագիր նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նիկոլ Փաշինյանը մինչ նիստը սկսելը լքեց դահլիճը, այն բանից հետո, երբ հայտարարվեց, թե պետք է դահլիճն ազատել, որ ամբաստանյալների հարազատները կարողանան մուտք գործել: Սա որակվեց` որպես «պրովոկացիա»:

Aravot.am-ը Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց` արդյոք այն, որ ԱՄՆ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Շանթ և ընկերներ» գործով իր կարծիքն է հայտնել միջամտություն չէ՞ր գործին և այս պարագայում ակնկալո՞ւմ է դատարանի անաչառություն, պատգամավորը պատասխանեց. «Այնքան էլ ռոմանտիկ չեմ մեր դատական համակարգի նկատմամբ, քանի որ որոշումները թելադրանքով են կայացնում: Ցավոք, մեզ մոտ պրակտիկա կա, որ դատարանը ավելի շատ մեղադրողի ֆունկցիա է կատարում, քան դատարան»:

Aravot.am-ի հարցին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն էլ բացասաբար արտահայտվեց  Շահեն Հարությունյանի դատավճռի վերաբերյալ, արդյոք այս ամենից հետո հնարավոր է այս հարցում վերանայում, տիկին Վարդանյանը պատասխանեց. «Ես անկեղծ ասած կուզենամ` որպես քաղաքացի, որ որոշումը վերանայվի, քանի որ ես այստեղ անչափահաս երեխայի նկատմամբ հաշվեհարդարի տարրեր եմ տեսնում»:
Մեր դիտարկմանը, որպես ԲՀԿ պատգամավոր ինքը քննադատում է Շանթի և ընկերների հանդեպ կատարվածը, այդ դեպքում ինչո՞ւ եռյակի հանրահավաքին ի պաշտպանություն քաղբանտարկյալների ոչինչ չհնչեց այդ մասին ԲՀԿ-ի կողմից, Էլինար Վարդանյանը պատասխանեց. «Հանրահավաքի օրակարգը այլ էր և հանրահավաքի ընթացքում բարձրացվել են տասներկու կետերը ու հանրային պահանջ առաջացրած այլ հարցեր»:

Raffi Hovhannisyan
Նույն հարցին ի պատասխան «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե հենց ինքն է այդ հարցին անդրադարձել, իսկ մյուսներն իրենք են պատասխանատու իրենց քայլերի համար»:

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն էլ մինչ նիստի սկսելը լքեց նիստերի դահլիճը:Մեր հարցին ի պատասխան նա ասաց. «2008-ի մարտի 1-ի դատական նիստերից հետո սովորություն չունեմ դատական նիստերի մասնակցելու, քանի որ վիրավորական եմ համարում ոտքի կանգնել այս անիրավ, ոչ թե ՀՀ-ի և հայ ժողովրդի, այլ ռեժիմի, լիսկայության շահերը սպասարկող դատարանի առաջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031