Կապանի տարածաշրջանի Սյունիքի համայնքի 80 բնակիչ ունեցող Դիցմայրի գյուղում արդեն մի քանի ամիս է՝ խմելու ջուր չկա: Բնակիչների խոսքով` իրենք մշտապես օգտվել են բնական աղբյուրներից, սակայն այս ամառ երաշտի պատճառով գյուղի բոլոր աղբյուրները ցամաքել են եւ իրենք առանց խմելու ջրի են մնացել: «Ընդհանրապես խմելու ջուր չկա գյուղում: Կապան կամ Սյունիք գյուղ գնալուց ենք ջուր բերում տարաներով կամ էլ խանութից ենք առնում: Բայց էդ հարցի լուծում չի, ինչքա՞ն կարանք ջուր կրենք… », – նշեցին գյուղացիները:
Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց, որ Դիցմայրի գյուղում խմելու ջրի խնդիրն իսկապես լուրջ է եւ հավելեց, որ Սյունիք համայնքի ջրամատակարարման համակարգի հետ կապված աշխատանքների ավարտից հետո Դիցմայրիի խմելու ջրի խնդիրը կլուծեն:
«Դիցմայրում երկու ամիս է՝ ջուր չկա, երաշտի հետեւանքով բոլոր աղբյուրները ցամաքել են, դա իրոք բնական աղետ կարելի է համարել: Մեկ ամիս է՝ այդ գյուղին ոռոգման ջուր ենք տվել, մարդիկ կարողանում են հողամասերը մշակել, բայց խմելու ջուր ընդհանրապես չկա: Մեր առջեւ խնդիր ենք դրել, որ Սյունիք համայնքում խմելու ջրի հարցը լուծելուց հետո, Դիցմայրիի խմելու ջրի հարցը լուծենք», – նշեց Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:
Սյունիք գյուղական համայնքում նույնպես խմելու ջրի խնդիր կա, բնակիչները հատկապես բողոքում են ջրի որակից, որին մենք կանդրադառնանք առաջիկայում;
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ