«Չի կարա ազնիվ ոստիկան լինել, եթե ոստիկանապետը ազնիվ չէ, չի կարա լինել ազնիվ ոստիկանապետ, եթե վարչապետը ազնիվ չէ, չի կարա լինել ազնիվ վարչապետ, եթե ՀՀ նախագահը ազնիվ չէ»,-այսօր «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց ամբաստանյալներից ազատամարտիկ Վարդան Վարդանյանը: Նա վստահեցրեց, թե բոլոր այս մարդկանց երեխաները տարիներ անց ամաչելու են իրենց ծնողների համար, այնինչ իրենց երեխաները, եթե իրենք դատվեն էլ՝ պատվով են կրելու այս ազգանունը:
Նա հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերը, թե պետք է ձուկը գլխից բռնել ու հորդորեց. «Ժողովուրդ ջան, հելեք ու ձկան գլխից բռնեք»: Անդրադառնալով ՀՀԿ-ին` ամբաստանյալն ասաց. «ՀՀԿ-ն մեզ հարազատ կուսակցություն է եղել, մեզ շատ մոտիկ մարդ է եղել հիմնադիրը, բայց. ցավոք, նրա մահվանից (Շանթ Հարությունյանը միջամտեց` Անդոյի մահվանից հետո.- Տ. Հ.) ամեն բան փոխվեց, կուսակցությունը լրիվ այլ ճանապարհով գնաց»: Շանթ Հարությունյանն էլ նետեց. «Եթե կուսակցության նախագահը Ադրբեջանի գործակալ է, ի՞նչ ես ուզում»:
Ամփոփելով պաշտպանական ճառը` Վարդան Վարդանյանը հայտարարեց, թե մտնելով Եվրասիական տնտեսական միություն` վերջնականապես կործանվեցինք ու ասաց. «Հիմա մեզ որ դատում են, ուղարկելու են Ռուսաստան նստենք: Ուզում եմ իմանալ` ինձ մաքսազերծելո՞ւ են, թե՞ առանց մաքսազերծման են ուղարկելու բերդ»:
Նշենք, որ Շանթ Հարությունյանը իր պաշտպանական ճառի ժամանակ հայտարարեց, թե «ՀՀ-ում ամբողջ իրավական մտածողությունը դեբիլ է»: Այնուհետև իր հիասթափությունը հայտնեց. «Ամբողջ աշխարհում, երբ գործում էր անմեղության կանխավարկածը, Սովետմիությունում հակառակն էր՝ գործում էր մեղավորության կանխավարկածը եւ մինչեւ հիմա էլ Հայաստանում այդպես է: Նախեւառաջ օրենքում պետք է լինի տրամաբանություն, իսկ եթե չկա այդ տրամաբանությունը, նշանակում է, որ պետք է իրավական արդարադատություն, իսկ եթե դա չկա, նշանակում է, որ հանրությունը դեբիլ է:
Հայաստանում ամբողջ իրավական մտածողությունն է դեբիլ: Հասարակ բան՝ Սահմանադրությունում գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց «ժողովուրդը» լղոզված եւ տրամաբանությունից զուրկ արտահայտություն է, քանի որ «ժողովուրդ» նշանակում է «ժողովված մարդիկ» : Այսինքն ՝ Հայաստանում 50 հազարն էլ է ժողովուրդ, 3 միլիոնն էլ, սփյուռքից տարեկան եկող 150 հազար մարդն էլ է ժողովուրդ: Հիմա իշխանությունը պատկանու՞մ է այդ դրսից եկած մարդուն՝ ո՛չ, իշխանությունը պետք է պատկանի քաղաքացիներին: Ուրիշ բան ասեմ, եթե Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուրեմն իմ հետ խոսալուց պետքա ասեք ժողովրդի մասնիկ Շանթ Հարությունյանը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու համար: Ես չեմ հասկանում, թե դատի ժամանակ ինչու՞ են փաստաբանները ասում, որ դատարանը հաշվի առնի մեղմացուցիչ հանգամանքները: Եթե տրամաբանությամբ շարժվենք, դա նշանակում ա, որ արդեն մեղքը ապացուցվել ա ու հիմա էլ խնդրում ենք, որ մեղմացուցիչ հանգամանքները հաշվի առնեն: Տենց չի լինում. մեկը կարողա մարդ սպանի, բայց քանի որ հինգ երեխա ունի՝ չդատվի: Իմ համար էս ամեն ինչը ապուշություն ա»:
Կարդացեք նաև
Մնացական Մարտիրոսյանն այս ելույթից հետո հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է ամբաստանյալներ Վահե Մկրտչյանին, Ալբերտ Մարգարյանին, Միսակ Առաքելյան պաշտպանական ճառին պատրաստվելու ժամանակ տրամադրելու հիմքով: Հաջորդ նիստին պաշտպանական ճառերից բացի կողմերը կարող են օգտվել ռեպլիկների իրավունքից, այնուհետև դատարանը կմտնի խորհրդակցական սենյակ` այս գործով վճիռ կայացնելու համար»:
Հաջորդ դատական նիստը հայտարարվեց հոկտեմբերի 17-ին, ժամը 12.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ