Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին, ով Հայաստան է ժամանել՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացվող խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին` արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ֆրանսիական երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերություններում առկա բարձր մակարդակի եւ ինտենսիվ շփումների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նպաստավոր դաշտ են ստեղծում՝ երկու երկրների միջեւ առկա բազմաբնույթ համագործակցության առավել ամրապնդման եւ ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:
Կողմերը քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձևաչափով ընթացող համագործակցությունը:
Կարդացեք նաև
Հանդիպման օրակարգում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության սերտացման հարցերը։
Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում նախարար Նալբանդյանը կարևորեց Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միասնական ջանքերն` ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։
ՀՀ ԱԳՆ