Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղվանից կմեկնարկեն Երեւանի միջազգային կոմունիկացիոն բիենալեի աշխատանքները

Հոկտեմբեր 15,2014 15:04

Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում կանցկացվի Երեւանի միջազգային Կոմունիկացիոն բիենալեն, որը նպատակ ունի աշխարհի տարբեր անկյունների գովազդային ընկերությունների միջեւ ամրապնդել կապը եւ զարգացումը, գիտելիքներ փոխանակել եվրոպական եւ ասիական ընկերությունների միջեւ եւ դասընթացների միջոցով ապահովել ուսանողների եւ գովազդային ոլորտի աշխատողների մասնագիտական աճը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երեւանի միջազգային կոմունիկացիոն բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Բիենալեին կմասնակցեն ավելի քան 10 երկրների ներկայացուցիչներ՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Մոլդովայից, Ղազախստանից, Վրաստանից, Իրանից եւ այլն: Բիենալեին ներկայացված կլինեն հետեւյալ անվանակարգերը՝ հեռուստատեսային եւ վիդեո գովազդ, տպագիր եւ արտաքին գովազդ, թվային եւ նոր մեդիա, ռադիո գովազդ, գրաֆիկ դիզայն, մարքեթինգային արշավներ, PR արշավներ, գիրք, սոցիալական գովազդ:

Ինչպես ներկայացրեց պրն Մարտիրոսյանը՝ բիենալեի շրջանակներում վաղ առավոտից սկսվելու են վարպետության դասերը, որոնք հիմնականում վերաբերում են մարքեթինգի ոլորտին. «Վարպետության դասերի ընթացքում հանրությունը կծանոթանա կարեւոր մասնագիտությունների տեր մարդկանց: Այս 17 երկրների առաջատարների կողմից կստանան անմիջական, այժմեական գիտելիքներ այսօրվա աշխարհի վերաբերյալ»:

Պրն Մարտիրոսյանը լրագրողներին ներկայացրեց վարպետության դասերի թեմաները. «Պատմություն այն մասին, թե ինչպես են գովազդային արշավները դառնում սոցիալական, բրենդի կառուցման ոչ ստանդարտ գործոններ, գիտակցությունը եւ զգացմունքները բրենդինգի մեջ, գովազդային գործակալությունների աշխատելու հիմունքներ, բիզնեսի կառուցվածքը եւ մարքեթինգի անհրաժեշտությունը եւ այլն»: Լինելու է նաեւ Հայաստանի բրենդինգի վերաբերյալ վարպետության դաս, որը կկարդա Վազգեն Քալաջյանը:

«ԱյՓի մարքեթինգ» ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանն էլ ներկայացրեց ինտերնետային գովազդի դասընթացները, որոնցից ամենակարեւորը համացանցի չափագրման դասընթացն է: «Դասընթացը շատ կարեւոր է, քանի որ այն հնարավորություն կտա Հայաստանում չափագրել ինտերնետ հանրությունը՝ իր մասշտաբով եւ սեռատարիքային առանձնահատկություններով»:

«Prime Commercial» ընկերության տնօրեն Սամվել Սահակյանը նշեց, որ բիենալեի շրջանակներում օտարերկրյա մասնագետները, մեկնելով Արցախ եւ ծանոթանալով Արցախի մշակույթին, կփորձեն ստեղծել Արցախի բրենդը:
Արմեն Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ բիենալեի շրջանակներում ժյուրիի բոլոր անդամները լինելու են կանայք. «Մենք գիտենք, որ ամեն ինչ էլ կանայք են ղեկավարում: Հայ կանայք հմուտ լինելով անում են այնպես, որ չդիպչեն տղամարդու արժանապատվությանը, քողարկված են անում, ահա այս պատճառով էլ ժյուրիի անդամները լինելու ենք կանայք»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031