Հայաստանում անցկացվող Երեւանի միջազգային Կոմունիկացիոն բիենալեի շրջանակներում, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-18-ը, օտարերկրյա մասնագետները, մեկնելով Արցախ եւ ծանոթանալով Արցախի մշակույթին, կփորձեն ստեղծել Արցախի բրենդը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Երեւանի միջազգային կոմունիկացիոն բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Պրն Մարտիրոսյանի խոսքով՝ երեք օրը բավարար չէ, որպեսզի հյուրերը ծանոթանան Արցախի մշակույթին եւ ստեղծեն բրենդը, սակայն. «Եթե սիրահարվում են, ապա դրա համար ակնթարթ է պետք միայն: Սա ինֆորմացիայի կուտակում է եւ այս ինֆորմացիայի շնորհիվ է, որ ամիսների եւ տարիների աշխատանքի արդյունքում ստեղծվելու է Արցախի բրենդը»:
«Prime Commercial» ընկերության տնօրեն Սամվել Սահակյանն ավելի մանրամասն ներկայացրեց եւ նշեց, որ այցի շրջանակներում բիենալեի մասնակից մի քանի երկրների ներկայացուցիչներ Արցախում պետք է շփվեն եւ ընկալեն Արցախ երկրի առանձնահատկությունները, ծանոթանան մշակույթին, վանքերին, հյուրասիրությանը:
«Այդ ամենին ծանոթանալուց հետո նրանք կհամախմբվեն մի սենյակում եւ կսկսեն աշխատել Արցախի բրենդի վրա: Այնուհետեւ Արցախի բրենդի վերաբերյալ առաջարկները կներկայացվեն Արցախի կառավարությանը»,- տեղեկացրեց բանախոսը:
«Իսկ որպեսզի մեր հյուրերը լիովին հասկանան՝ ինչ է հայկական աշխարհը եւ մշակույթը, մենք մեր հյուրերին տոլմա պատրաստելու ենք հրավիրելու, որպեսզի նրանք իմանան, որ տոլման հայկական է: Նաեւ հյուրերի հետ գնալու ենք խաղող ճզմելու եւ գինի պատրաստելու: Պատրաստելու ենք նաեւ հայկական խորոված»: Ինչպես տեղեկացրին բանախոսները՝ այս ամենը լինելու է Աշտարակի ձորում:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ Երեւանի միջազգային Կոմունիկացիոն բիենալեն նպատակ ունի աշխարհի տարբեր անկյունների գովազդային ընկերությունների միջեւ ամրապնդել կապը եւ զարգացումը, գիտելիքներ փոխանակել եվրոպական եւ ասիական ընկերությունների միջեւ եւ դասընթացների միջոցով ապահովել ուսանողների եւ գովազդային ոլորտի աշխատողների մասնագիտական աճը:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ