Այսօր Ամերիկյան համալսարանի դահլիճում կազմակերպված համաժողովին, որը տեղական ինքնակառավարման մարմիններում տեղի ունեցած բարեփոխումների թեմայով էր, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այդպես էլ չեկավ: Նրան փոխարինում էր փոխնախարար Վաչե Տերտերյանը:
«Հանրային երկխոսություն եւ համայնքային զարգացում. հետագա քայլերը՝ համատեղ ջանքերով» խորագրով միջոցառմանը ներկա էին գյուղապետեր, քաղաքապետեր, մարզպետեր: Վերջիններս էլ, տեսնելով, որ վերեւներից մարդ չկա, համաժողովից կամաց-կամաց «ծլկեցին», մինչդեռ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններում 4 տարի շարունակ կատարված աշխատանքները հենց համայնքների խնդիրներին էին առնչվում:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը վարժ հայերենով, ներկայացրեց, թե ՏԻՄ ոլորտի բարեփոխումների համար տրամադրած 15 միլիոն դոլարն ինչ ծրագրերի վրա են ծախսվել` հավաստիացնելով, որ այդ ծրագրերի հետեւանքով 400 հազար բնակիչների կյանքի որակը բարելավվել է, աջակցել են նաեւ Մարդու իրավունքների գրասենյակին, տարածքային կառավարման նախարարությանը, արդարադատության նախարարությանն էլ` հ/կ-ների մասին նոր օրենքի մշակման հարցում:
Կարդացեք նաև
Քաունթերփարթ ինթերնեշնլի մասնագետները պարզել են, որ ՏԻՄ ոլորտում բարեփոխումներ անելու համար ոչ միայն գումարներ, ներդրումներ են բացակայում, այլեւ մարդկային ռեսուրսներ, ինչի հետեւանքով մի շարք գյուղական համայնքներ չեն մասնակցել գնումների գործընթացին:
Համաժողովի կազմակերպիչներն ասացին, որ այն համայնքներին էլ, որոնց շինարարության համար վստահել են, գումարներ են տրամադրել, բայց եւ վերահսկել են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ