«Մեր օրացույցում հոկտեմբերի 10-ը փոքր սեւ օր է»,- այսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա նշեց, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն անդամակցությունը ի սկզբանե դատապարտված է, քանի որ կատարողն ինքն է հայտարարել, որ այդ անդամակցությունը քաղաքակրթական ընտրություն չէ. «Եթե քաղաքակրթական ընտրություն չէ, մնում է հակաքաղաքակրթականը, գնահատականը տրված է: Սերժ Սարգսյանն ինքը ամենավատ գնահատական է տվել: Սա դատապարտված է. անվտանգություն չես կարող ապահովել նրա հետ, ով եղել է քո դարավոր թշնամին»:
Պարույր Հայրիկյանը հավելեց, որ տնտեսական զարգացման տեսակետից Ռուսաստանն այսօր տնտեսապես կործանման առաջ է կանգնած. «Ուրեմն՝ տնտեսական տեսակետից միությունը որեւէ հեռանկար չունի: Բա էդ դեպքում ի՞նչ մնաց շահեկան, եթե տնտեսությունը, ֆինանսները եւ անվտանգությունը չկա, ինչո՞ւ պետք է Հայաստանն այսօրվա Ռուսաստանի հետ կապի իր ապագան»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ