«Սուրիկ Խաչատրյանը որտե՞ղ է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորական թեզը պաշտպանել, այդ նշանակումն ի՞նչ էր նշանակում: Սուրիկ Խաչատրյանին նշանակել եք համալսարանի ռեկտոր, ո՞վ է Սուրիկ Խաչատրյանը»,- այսօր «Հայելի» ակումբում Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսպիսի հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին:
Նա պատասխանեց. «Սուրիկ Խաչատրյանի գիտական աստիճանները հաշվի առնելով մենք իրեն համալսարանի ռեկտոր չենք նշանակել, մարզպետ ենք նշանակել»: Գառնիկ Իսագուլյանը հեգնեց՝ «Որ մարդ սպանի՞: Երբ Սուրիկ Խաչատրյանին նշանակեցիք, արդեն պարզ էր, որ դուք մի նպատակ ունեք՝ երկիրը լցնել մարդասպաններով, մյուսներին էլ քշել այս երկրից»: Վարդան Այվազյանի խոսքերով՝ թող դա արդեն քննչական մարմինները որոշեն. «Թող որոշեն՝ կբռնե՞ն իրեն, թող բռնեն: Ես չի, որ Սուրիկ Խաչատրյանին պետք է պաշտպանեմ: Այդ տղան, ինչքան ես գիտեմ, իր հերոսական գործողությունների համար մեդալներ ունի, չէ՞»:
Գառնիկ Իսագուլյանը զարմացավ՝ «Ո՞ր հերոսական, այդ գործողությունների մի մասը նկարագրեք: Ես կարո՞ղ է այդ ժամանակ եղել եմ ԱՄՆ-ում»:
Երբ Գառնիկ Իսագուլյանը քննադատեց իշխանության տնտեսական քաղաքականությունը, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն իշխանությունը վերցրել է այն ժամանակ, երբ բյուջեի կատարողականը 50 տոկոս էր, իսկ աշխատավարձերը 8-9 ամիս չէին տալիս. «Ինքը բերել հասցրել է այսօրվա դրությանը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է եռյակին, Վարդան Այվազյանն ասաց, որ ինքը ողջունում է եռյակին, քանի որ ցանկացած միասնություն ուրախալի է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ