«ՀՀ իշխանության անունից հանդես եկող Սերժ Սարգսյանն այդպիսի իրավասություն և լիազորություններ չուներ, որ գնար Մինսկ ու ստորագրեր նման փաստաթուղթ: Մենք դա գնահատում ենք որպես բռնազավթած իշխանության ներկայացուցչի պահվածք»,-այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) ՀՀ անդամակցությանը:
Տիկին Փոստանջյանը նշեց, որ «դա ոչ թե անդառնալի ու անշրջելի փաստ է, այլ ժամանակավոր երևույթ, որի մեջ գցել է մեզ Սերժ Սարգսյանը, ինչպես Մադրիդյան սկզբունքները, հայ-թուրքական արձանագրությունները: Սա էլ այդ ավանտյուրայի տիրույթում գտնվող ստորագրություն է»:
Անդրադառնալով եռյակի հանրահավաքին՝ տիկին Փոստանջյանն ասաց.«Ողջունելի է, որ հանրահավաքը գոնե կայացավ, իհարկե, այն տեղի չունեցավ ոչ այն ուժերի կողմից, որոնք նախաձեռնել էին: Հարթակը միասնական օրակարգը չհրապարակեց»:
Հարցին՝ ինչո՞ւ հարթակում չէր, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Հարթակի խնդիր չունեմ. գերադասում եմ լինել այնտեղ, որտեղ ինձ են հաշվետվություն ներկայացնում… Հաշվետվությունը միասնական օրակարգով հանդես գալն է»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է քառյակի մաս կազմող ՀՅԴ-ին, Փոստանջյանը շեշտեց, որ այն ուժերը, որոնք «կապ են ունեցել այս ռեժիմի հետ, պետք է վիրահատական միջամտությամբ անջատվեն»:
Զարուհի Փոստանջյանն ասուլիսի էր եկել հարթակի միասնական օրակարգով: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ դա ի՞ր նախաձեռնությունն է, թե՞ քննարկվել է եռյակի հետ ու որո՞նք են լինելու իր քայլերը, քանի որ առաջին կետով ինքը պահանջում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելը, իսկ ԲՀԿ-ից, օրինակ, հայտարարել են, թե իրենք Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը չեն պահանջում, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Սա իմ առաջարկն է, այն դեռ չի քննարկվել, բայց սրանք նվազագույն այն հարցերն են, որոնք պետք է ունենա միասնական հարթակը»: Հարցի երկրորդ հատվածին ի պատասխան տիկին Փոստանջյանն ասաց. «Եթե իշխանափոխության պահանջ հրապարակում են, պետք է հստակ օրակարգ ունենա և օրակարգի քայլերից մեկն էլ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացն է, որը պետք է սկսի ԱԺ-ում, որին պետք է միանան մյուս խմբակցությունները»:
Հարցին՝ արդյոք վիրավորական չէ՞ր «Ժառանգության« նկատմամբ նման վերաբերմունքը, երբ ԵՏՄ-ին անդամագրմանը դեմ հանդես եկող Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ անդամակցումն այլևս անշրջելի է, և ընդամենը երկու-երեք տասնյակ մարդիկ են ջղաձգվում անդամակցությունից, Փոստանջյանը պատասխանեց. «Քաղաքական գործիչները չեն վիրավորվում, իրենց էմոցիաները զսպում են, իսկ վիրավորողի նկատմամբ հասարակությունն է վերաբերմունք դրսևորում՝ վիրավորողին ընդունում են որպես անբարո մարդ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ