Ըստ Պարույր Հայրիկյանի՝ ոչ իշխանական ուժերը իշխանականից չեն տարբերվում
«Հոկտեմբերի 10-ին մեր ժողովրդի համար իսկապես կարեւոր հարցին որեւէ անդրադարձ չեղավ»,- այսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրահավաքին, հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա նկատեց, որ ԱԺ ոչ իշխանական եռյակը այդ հանրահավաքին պատրաստվել էր վեց ամիս, բայց արդյունքում՝ հայտարարություն եղավ, որ հաջորդ հանրահավաքի ընթացքում նոր կասեն իրենց ասելիքը: Նրա խոսքերով՝ միայն «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ մի փոքր մոմի լույս տալ համատարած խավարում.
«Անհասկանալի, անկազմակերպ, աննպատակ, մանրախնդիր, գլխավոր նպատակներն արհամարհող, հակաժողովրդական, քաղաքացու նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերող հավաք էր՝ բարձրագույն արժեքներից շատ հեռու: Այդպիսի միջոցառումները կարող են միայն մտածող հայ մարդկանց հիասթափեցնել»:
«Ես նախապես ուրախ էի, որ մարդիկ հավաքվում են, բայց հետո տեսա, որ այդ հանրահավաքը որեւէ դրական բան տալ չի կարող: Մինչեւ իրենց հաջորդ հանրահավաքը պետք է ինչ որ ճշտումներ կատարեն, ես ի նկատի ունեմ անկազմակերպվածությունը: Ընդամենը երեք ղեկավար եք կամ երեք ու կես, բա դուք սկզբից չգիտե՞ք՝ ինչ եք անելու, չգիտե՞ք՝ ձեր հիմնական հայտարարությունը որն է, անգամ հանրահավաքի օրվա մասին որոշակիություն չունեք»:
Պարույր Հայրիկյանը խոստովանեց, որ նախապես հանրահավաքից մեծ ակնկալիքներ չուներ, բայց հանրահավաքից հետո նա հասկացավ, որ ոչ իշխանական ուժերը իշխանականից չեն տարբերվում. «Նույն КГБ-ի տարբեր մասնաճյուղերն են, անկախ նրանից, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն ինչպես կդրսեւորի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ