ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Լիբանանի պատվիրակության հետ
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Լիբանանի Հանրապետության պատվիրակության հետ:
Կողմերն արձանագրել են, որ մեր օրերում բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում՝ անհրաժեշտ համարելով խորհրդարանական համագործակցության աշխուժացումն ու խորացումը:
ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել 2000 թվականին Լիբանանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Լիբանանի հավասարակշռված դիրքորոշման համար:
Կարդացեք նաև
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է վերջերս Դեյր էզ Զորի հայկական Սուրբ նահատակաց եկեղեցու պայթեցմանը՝ այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսեւորում: Նա ընդգծել է, որ եկեղեցու պայթեցումը ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է: Լիբանանյան կողմն իր հերթին քննադատել է հայկական եկեղեցու պայթեցումը՝ նշելով, որ նման գործելաոճը որեւէ առնչություն չունի իսլամի հետ:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ