Լրահոս
Օրվա լրահոսը

Իսագուլյանը նախկին վարչապետին անվանեց «Տիգրանուհի Սարգսյան», Այվազյանը հակադարձեց՝ «անկապների խումբ» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 15,2014 12:09

«Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, որ չգտներ, թե Հայաստանի համար լավագույն տարբերակը «եւ-եւ» տարբերակն էր: Սակայն Հայաստանին պարտադրվեց «կամ-կամ»-ը: Եթե պետք է լիներ կամ-կամ, լավագույն ընտրությունը սա էր»,- այսօր «Հայելի» ակումբում ԵՏՄ անդամակցության մասին այսպիսի կարծիք հայտնեց Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի դիտարկմամբ՝ ԵՏՄ-ն հնարավորություն է տալիս տեղի արտադրողներին, որ իրենց առաջարկը համապատասխան պահանջարկի դեպքում իրացնեն: Նա վստահեցրեց, որ Հայաստանի համար կա առանձնահատուկ մոտեցում: Օրինակ, Վրաստանի հետ Հայաստանն աշխատելու է նույն մաքսատուրքով, ինչ մինչեւ Հայաստանի՝ ԵՏՄ մտնելը, չնայած որ Վրաստանը ստորագրել է Եվրոասոցացման համաձայնագիրը:

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին՝ Վարդան Այվազյանն ասաց, որ Հայաստանի վրա որոշակի բացասական ազդեցություն կարող է թողնել. «Տրանսֆերտների անկում կարող է տեղի ունենալ»:

Գառնիկ Իսագուլյանը ասաց, որ Հայաստանում չկան պայմաններ, որ գյուղացին արտադրի, գործարանն արտադրի, մանր ու միջին բիզնեսը զարգանա: Ոչ ոք չի ուզում գործ սկսի, որովհետեւ վախենում է, որ մեկը կգա, կասի 50 տոկոսը ինձ պետք է տան:

Անդրադառնալով եռյակի հանրահավաքին՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Եթե Հայաստանի հղփացած կուսակցությունը՝ ՀՀԿ-ի հետ կապ չունի, օրինակի համար եմ ասում, վարչապետ է նշանակում Տիգրանուհի Սարգսյանին, որն ասում է, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա չի անդրադառնալու ու տարին փակում ենք 20 տոկոս անկումով, դուք որ լինեիք ԱԺ-ում ընդդիմություն, չէի՞ք պահանջի այդ կառավարության ու վարչապետի հրաժարականը»,- Գառնիկ Իսագուլյանն այսպիսի հարց ուղղեց Վարդան Այվազյանին՝ հիշեցնելով, որ Տիգրան Սարգսյանը կով չտեսած՝ գնացել գյուղում գյուղացուն սովորեցնում էր, թե ինչպես պետք է կթել կովին:

Վարդան Այվազյանը պատասխանեց. «Կա անկապների խումբ, նավսյակի մաղձ են թափում, ձեզ հետ կապ չունի»:

Գառնիկ Իսագուլյանն ասաց՝ բա ինչի՞ էիք այդ մարդուն՝ Տիգրան Սարգսյանին նշանակում վարչապետ, երբ եկավ ու ասեց, թե Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը փուչիկ էր փչում, փուչիկների կառավարություն էր: Վարդան Այվազյանն արձագանքեց. «Ով Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը փուչիկ է ասել, ինքը փուչիկ է»:

Ըստ Վարդան Այվազյանի, Տիգրան Սարգսյանը չէր կարող այդպիսի բան ասել Անդրանիկ Մարգարյանի հասցեին, նա մինչ օրս էլ նրա գերեզմանին խոնարհվում, ծաղիկ է դնում: Գառնիկ Իսագուլյանը եզրակացրեց՝ «Ուրեմն փուչիկի եք վարչապետ նշանակել, ինչի՞ եք նշանակել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031