Հատված ՍԴ նախագահ, մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի հարցազրույցից:
– Պարոն Հարությունյան, Վենետիկի հանձնաժողովը ի՞նչ նկատառումներ ունեցավ (հանձնաժողովի անդամները օրերս հանդիպում են ունեցել Վենետիկի հանձնաժողովի հետ եւ քննարկել փոփոխությունների հայեցակարգը։ Հանձնաժողովի անդամները նախօրեին են վերադարձել Եվրոպայից):
– Վաղը պաշտոնապես կհրապարակվի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։ Նիստում տարբեր հարցերի հետ մեկտեղ քննարկվեց նաեւ հայեցակարգի նախագծի վերաբերյալ իրենց կարծիքը։ Ընդհանուր առմամբ դրական կարծիք է արտահայտվել փաստաթղթի վերաբերյալ, բայց կային նկատառումներ, որոնք, ըստ էության, մենք իրենց հետ էլ ենք քննարկել, եւ այդ նկատառումները մենք հիմնականում կիսում ենք, պարզապես ինչ խորությամբ կամ ինչպիսի շեշտադրումով է առաջ քաշել։ Այդտեղ ամենակարեւորը, որ այսպես կոչված իրավական բաղադրիչներից բացի հստակեցվեցին նաեւ քաղաքական բաղադրիչները եւ դրանք պետք է համապատասխան քննարկումների առարկա լինեն։
Դրանք կլինեն։
Կարդացեք նաև
Վաղը ամբողջությամբ տեքստը թարգմանաբար կհրապարակվի, եւ կհրապարակվի նաեւ հայեցակարգը։ Մենք վաղը կներկայացնենք նախագահին։ Բավականին փոփոխություններ կան նախորդ նախագծի համեմատությամբ։ Ես կանխազգում եմ ձեր հարցերի իմաստը, փոփոխություններ կան, բնականաբար, մենք չենք կարող ե՛ւ հասարակական քննարկումները, ե՛ւ հանրային քննարկումները, ե՛ւ ամեն ինչը հաշվի չառնել։ Իմ սկզբունքային մոտեցումը ինչ եղել, մնում է, որ Սահմանադրությունը վերջին հաշվով կենսագոյի հիմնարար արժեքների շուրջ հասարակական համաձայնություն է, ուրեմն, պետք է լայն հասարակական համաձայնության պարագայում։ Պարզապես այստեղ կան տարաբնույթ շահերի բախումներ, որոնք նույնպես օբյեկտիվ, բնական պետք է համարել, պարզապես պետք է գտնել ճիշտ քննարկումների մոդուսը, ձեւը, որպեսզի դրանք ոչ թե ծայրահեղությունների մեջ, այլ իրականում, ըստ էության քննարկվեն եւ լուծումներ փնտրվեն, որը օգտակար կլինի երկրի զարգացման համար։
– Ամենակարեւոր շեշտադրումը, պրոբլեմատիկ հարցը երկրի կառավարման համակարգն է, խորհրդարանական կառավարման ձեւի վրա, ի վերջո, կանգ առա՞վ հանձնաժողովը։
– Չէ, ինչպես հանձնաժողովը ի սկզբանե հարցադրումը կատարել է, մինչեւ հիմա էլ շարունակում է, եւ Վենետիկի հանձնաժողովն էլ շարունակում է։ Հանձնաժողովը տալիս է այլընտրանքներ։ Ասում է՝ եթե դուք ուզում եք կառավարման այս ձեւը պահպանել, լուծումները սրանք են, բայց նկատի ունեցեք, այսպիսի խնդիրները շարունակելու են մնալ։ Եթե ուզում եք անցնել այս ձեւին, այդ պարագայում իրավական լուծումները սրանք են՝ ինչպես ընտրել կառավարման ձեւը։ Հենց այստեղ է, որ Վենետիկի հանձնաժողովը շեշտադրեց, որ այստեղ առկա է քաղաքական բաղադրիչ, քաղաքական ընտրություն պետք է կատարվի, որին համապատասխան իրավական լուծումները առաջադրվեն։ Դրա համար էլ քաղաքական քննարկումներ կգնան, վերջում նոր այդ քննարկումների արդյունքում կվերջնականացվի մոտեցումը նաեւ կառավարման ձեւի մասին։ Դրանից ելնելով՝ հանձնաժողովը պետք է թարմացվի, լրացվի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներով, անկախ նրանից, թե կո՞ղմ են, դեմ են, եթե ցանկություն ունեն գործընթացում պոզիտիվ դերակատարություն ունենալու, մասնագետներ ներկայացնեն, որ մասնագետները քննարկեն եւ այդ քննարկման արդյունքներով ծնվի ճշմարտությունը։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում