Սոնան օգոստոսի 4-ին է ծնվել՝ երբ Վերանիկա Օգանեզովան դեռեւս 6.5 ամսական հղի էր: 1 կգ 300 գրամ քաշով ծնված փոքրիկի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել, սակայն մոտ երեք շաբաթ առաջ Սոնայի ծնողներին մասնագետները հայտնել են, որ երեխան հնարավոր է ունենա տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ, ինչը կարող է բերել կուրության:
Վաղահաս ծնված Սոնայի մոտ մասնագետները հայտնաբերել են անհասության ռետինոպաթիա հիվանդությունը, այն է ՝ ցանցաթաղանթի անոթների ոչ նորմալ աճ, որը կարող է բերել տեսողության անվերադարձ կորստի: Սա մի հիվանդություն է, որը հատուկ է վաղահաս ծնված երեխաներին:
Հոկտեմբերի 14-ին Սոնային տեսողության կորստից լազերային վիրահատական միջամտության միջոցով փորձում էր փրկել Հայաստանում մանկական ռեթինոպատիայի կանխարգելման աշխատանքներում ներգրավված վիրաբույժ, Քանաքեռ Զեյթուն բժշկական կենտրոնի Աչքի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Թադեւոս Հովհաննիսյանը:
«Կատարել ենք լազերային միջամտություն, այսինքն, ակնահատակի ախտահարված հյուսվածքի այրում, որ ախտահարված հյուսվածքը չվնասի առողջ հյուսվածքին: Հիվանդության բնույթն այնպիսին է, որ ախտահարված հյուսվածքը վնասելով առողջ հյուսվածքին կարող է բերել կուրության: Մենք կանխարգելում ենք այդ պրոցեսը», ասում է վիրաբույժ Թադեւոս Հովհաննիսյանը:
2010 թ.-ից մեկնարկած Հայկական ակնաբուժության նախագծի մանկական կուրության կանխարգելման ծրագրի շրջանակներում վերապատրաստված բժիշկ Հովհաննիսյանի մասնակցությամբ անց են կացվել Հայաստանի պատմության մեջ առաջին` մանկական ռեթինոպատիա հիվանդությունը կանխարգելող 50-ից ավելի վիրահատությունները: Հայկական ակնաբուժության նախագծի միջոցով հայաստանյան մասնագետներին օգնում են նաեւ օտարերկրացի միջազգային ճանաչում ունեցող բժիշկները. ԱՄՆ-ից` Թոմաս Լին եւ Մեծ Բրիտանիայից Չեն Վոնգը, ովքեր պարբերաբար այցելում են Հայաստան:
Մանկական անհասության ռեթինոպատիան ժամանակին Հայաստանում բուժել կամ կանխարգելել չէին կարողանում: Չկային համապատասխան սարքավորումներ եւ մասնագետներ: Որոշ երեխաների տանում էին Սանկտ Պետերբուրգ՝ վիրահատության, այն էլ արդեն հիվանդության այն փուլում, երբ անհրաժեշտ էր կատարել բարդ խոռոչային վիրահատություն: Հաճախ երեխաների տեսողությունը փրկել չէր հաջողվում:
Այսօր Հայաստանում ծնված բոլոր անհաս նորածինները հետազոտվում են, հիվանդության զարգացումը հսկվում է մասնագետների կողմից եւ անհրաժեշտության դեպքում կատարվում են համապատասխան վիրահատական միջամտություններ:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային եւ մանկական կլինիկայի ղեկավար, Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը ընդգծում է, որ այսօր Հայաստանում ստեղծվել է աշխարհում եզակի ակնաբուժական վիրասրահ, որտեղ բարդ խոռոչային վիրահատությունները արդեն կատարվում են նաեւ հայաստանյան մասնագետների կողմից:
«Մենք արդեն կարծես թե դառնում ենք տարածաշրջանային կենտրոն, որովհետեւ արդեն մեզ դիմել են Վրաստանից: Հետազոտությունն ու վիրահատությունը նախատեսվում է Հայաստանում», – ասում է պարոն Կալենտերյանը:
Վերանիկա Օգանեզովան ասում է, որ նախկինում վիրահատված երեխաների արդյունքների վերաբերյալ դրական տեղեկատվություն ունի:
«Շատ լավ բաներ եմ լսել: Ծանոթ աղջիկ ունեմ, ում փոքրիկին վիրահատել են: Մի քանի օր առաջ ստուգել են, ամեն ինչ նորմալ է այլեւս տեսողության հետ»:
Փոքրիկ Սոնայի լազերային վիրահատությունը դեռ բուժման առաջին փուլն է: Սոնան շարունակելու է մնալ բժիշկների հսկողության ներքո: Հնարավոր է կարիք լինի այլ միջամտության:
«Մենք այսօր կարող ենք հաջորդ փուլում ավելի բարդ վիրահատություններ էլ կատարել` Հայաստանում ստեղծված Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում: Կանխարգելելով հիվանդության զարգացումը մենք նպաստում ենք առողջ սերնդի զարգացմանը», – ասում է վիրաբույժ Թադեւոս Հովհաննիսյանը: