Հատուկ շահագրգռություններ չունեցող
մարդիկ կարող են բանավիճել սկզբունքային հարցերի շուրջ
Անգլիացի գրող Ջիլբերտ Քիթ Չեսթերտոնը մի առիթով ասել էր՝ «Տանել չեմ կարողանում լեզվակռիվը (quarrel), այն խանգարում է ինձ հաճույք ստանալ բանավեճից»: Դրանք իսկապես տարբեր բաներ են. բանավեճի մեջ կա որոշակի փոխլրացում, ներդաշնակություն՝ այն միտված է ավելի բարձր մակարդակում հակասությունների վերացմանը, «հանմանը»՝ Aufheben, եթե օգտագործենք Հեգելի եզրաբանությունը: Լեզվակռիվը ներդաշնակություն եւ ավելի բարձր մակարդակ չի ենթադրում, ընդհակառակը՝ մանրացնում է հակասությունները, դարձնում դրանք ավելի կենցաղային, քաղքենիական:
Բանավեճի դասական օրինակ է 19-րդ դարի կեսերին Ռուսաստանում «սլավոնամոլների» եւ «արեւմտամետների» բանավեճը, որն, ինչպես հասկանում եք, արդիական է նաեւ այսօր: Չաադաեւը եւ Տյուտչեւը ոչ միայն հարգում էին իրար, այլեւ բազմաթիվ հարցերում համաձայնում, եւ նրանց վեճը, ի վերջո, ավելի բարձր մակարդակում ներկայացնում է ռուսական քաղաքական մտքի, իրականության մեդալի երկու կողմը:
Նույնը՝ մեր իրականության մեջ: 19-րդ դարի երկրորդ կեսին ազատական «Մշակը» եւ պահպանողական «Մեղուն» վիճում էին իրար հետ: Ինձ, բնականաբար, առաջինն ավելի հոգեհարազատ է, բայց կարո՞ղ ենք մենք մեկին կպցնել «ազգայինի», իսկ մյուսին «ապազգայինի» պիտակը: Կարո՞ղ ենք մենք պնդել, որ «Մշակը» դեմ էր ազգային արժեքների պահպանմանը, իսկ «Մեղուն» անտարբեր էր մարդու ազատության գաղափարին: Հենց դա ես նկատի ունեմ՝ ասելով, որ վեճի մեջ պետք է որոշակի ներդաշնակություն, միասնականության զգացում լինի:
Ներքաղաքական վեճերում այդպիսի զգացողություն ունենալն, իհարկե, բավականին դժվար է: Այստեղ բախվում են տարբեր խմբերի նախեւառաջ՝ տնտեսական շահերը, եւ այդ շահերը սպասարկելու համար գործում են քարոզիչների խմբեր, որոնք, պարզ է, վիճում են իրար հետ, վարկաբեկում, վիրավորում են իրար եւ այլն: Դա արդեն լեզվակռիվ է: Որպես լրատվամիջոց մենք դրան անդրադառնում ենք, որպես քաղաքացի՝ այդ լեզվակռիվն ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Ընդհանրապես, որքան բուռն է բանավեճը, այնքան, իհարկե, ավելի հետաքրքիր է: Որքան բանավեճն անձնավորված է եւ համեմված անձնական բնույթի «կոմպրոմատներով», այնքան ինձ համար անհետաքրքիր է, որովհետեւ պարզել, թե ով է վիճող անձերից ավելի կատարյալ՝ անիմաստ զբաղմունք է: Ո՞ր մեկս ենք կատարյալ:
Կարդացեք նաև
Քաղաքականապես շահագրգռված մարդկանց, քարոզիչների բանավեճը հատուկ է բոլոր քիչ թե շատ զարգացած երկրներին: Մեր եվրասիական «ախպերների» մոտ, ինչպես նաեւ Միջին Ասիայում, Կուբայում եւ Հյուսիսային Կորեայում, այն գրեթե բացակայում է՝ հասկանալի պատճառներով: Բայց մեզնից զարգացած երկրներում՝ Արեւմուտքում, բացի քարոզչականից, կա բանավեճի ավելի բարձր մակարդակ: Այն դեռ զուտ ակադեմիական չէ, բայց, մյուս կողմից, «այսրոպեական» էլ չի՝ «Պողոսը լավն է, Պետրոսը՝ վատը», «բա դու ո՞վ ես, որ Պողոսի մասին բան ասես», «բա դու ո՞վ ես»:
Օրինակ բերեմ մեր իրականությունից: Հայաստանում, վստահ եմ, կան մարդիկ՝ բավականաչափ կրթված, կայացած եւ անկախ, որոնց համար միեւնույն է՝ ՀՀԿ-ն է հաղթելու, թե ԲՀԿ-ն: (Անձամբ ինձ թվում է, որ «ՀՀԿ-ԲՀԿ» համակարգը ստեղծված է հենց այսօրվա իրավիճակը պահպանելու, ոչ թե ինչ-որ բան փոխելու համար, բայց դա առանձին խոսակցության թեմա է): Հավանաբար վերը հիշատակված՝ հատուկ շահագրգռություններ չունեցող մարդիկ կարող են քննարկել ավելի սկզբունքային հարցեր, քան այն, թե ով, ում եւ երբ կփոխարինի այսօր, վաղը կամ 2017-18 թվականներին:
Մասնավորապես, ինձ հուզում է հետեւյալ հարցը՝ արդյոք մեր երկիրը սկզբունքորեն հնարավո՞ր է արդիականացնել նախեւառաջ՝ հոգեւոր, մշակութային, իսկ այնուհետեւ, որպես հետեւանք՝ քաղաքական եւ տնտեսական առումով: Այնպես, ինչպես 20-րդ դարում արդիականացվել են Քեմալի Թուրքիան, Սաակաշվիլու Վրաստանը, Հարավարեւելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ: Ասելով «այնպես»՝ նկատի չունեմ կրկնել թվարկած երկրների ճանապարհը, խոսքը նրանց արձանագրած որակական փոփոխությունների, բեկումնային զարգացման մասին է: Դա, կարծում եմ, պարապ հարց չէ: Որովհետեւ «ժողովրդի հետ» շփումները երբեմն հանգեցնում են ինձ բացասական պատասխանի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.10.2014
Gilbert K. Chesterton
Շնորհակալ եմ, ուղղեցի
Միտումնավոր ու նաև ոչ միտումնավոր դաշտն են լցնում, որ գիտակից քաղաքացին կորի տափակ ու անհեռանկար դիսկուրսների հորձանուտում, օրինակ՝ ամբողջ դաշտը լցված է եռյակի իշխանափոխության մասին ինֆորմացիայով, կամ քլնգում են, կամ ինքնամոռաց պաշտպանում, քլնգում քլնգողներին, ու հակառակը։ ոչ մեկ հարց չի հնչեցնում՝ կոնկրետ էտ մարդկանց կողմից իշխանափոխությունը կբերի՞ արդյոք Ձեր հոդվածի վերջում նշված որակական փոփոխություններին։ ըտեղ դիսկուրսը կկանգնի,
եռյակը ոչ մի բառ չասեց՝ քլնգողներ, եկեք, մենք ավելի լավն ենք, ժողովուրդ մենք լավն ենք որովհետև….. իսկ քլնգողներն էլ չասեցին՝ եռյակ, քեզ սիրում հարգում ենք, բայց քո ու իշխողի տարբերությունը որնա՞, մենակ ինքնամոռաց իրար են քլնգում, իշխողն էլ ծափ ա տալիս
Սկզբունքայինը հենց բերում է նրան (ինքդ ես օրինակներ բերում), որ քաղաքական նորմալ առաջնորդություն է պետք, որ հոգևոր, մշակության առաջընթաց լինի, և այլն, և այլն: