Լրահոս
Օրվա լրահոսը

Փակագծերը բացելու ժամանակը

Հոկտեմբեր 15,2014 17:00

1988թ. փետրվարի 20-ից պարբերաբար մասնակցել եմ հանրահավաքներին: Սկզբում մասնակցում էի սեփական համոզմունքներից ելնելով, հետո՝ որպես լրագրող՝ կատարելով իմ մասնագիտական պարտականությունները: Բայց նույնիսկ հանրահավաքներից ուղիղ եթերներ ու հաղորդումներ պատրաստելիս մշտապես փորձել եմ զերծ մնալ անձնական գնահատականներից: Եվ այսօր առաջին անգամ իմ ընկալումներն ու պատկերացումները ներկայացնելու փորձ եմ անում:

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը բազմամարդության առումով կարելի է գնահատել միջին, այսինքն՝ նրանցից, երբ ընդդիմությունն ազդարարում է հարյուր հազարավոր, իսկ իշխանությունները՝ 5-6 հազար մասնակից: Բովանդակության առումով՝ կրկին միջին, երբ հարթակում կանգնածներն իրենց ելույթներում թվարկում են իշխանությունների աններելի սխալները եւ իշխանափոխության կոչեր անում: Իսկ արդյոք ժողովուրդը դա՞ է ուզում: Հարթակից ներքեւ «հիմա, հիմա» կանչերն, ի վերջո, դա չէին փաստում: Ակնհայտ է, որ ժողովուրդը կոնկրետ քայլերի կամ գոնե ռազմավարական ծրագրի է սպասում:
Ռեժիմի դեմ պայքարի ռազմավարության տարբեր ձեւեր կան՝ զինված հեղաշրջումից մինչեւ պարտիզանական պայքար: Դրանք, նույնիսկ հաջողության դեպքում, սովորաբար տանում են դեպի նոր դիկտատուրա: Մյուսը՝ իշխանությունները կամովին եւ խաղաղ ճանապարհով հանձնելուն ուղղված բանակցություն է: Դրա փորձը մենք ունենք 98-ին, երբ հրապարակում ժողովուրդն էր պայքարում, իսկ «հայտնի ուժերը» իշխանությունների հետ բանակցելուց հետո ստիպեցին հրաժարականներ տալ: Պայքարի ռազմավարության ձեւերից մեկն էլ քաղաքացիական անհնազանդությունն է, երբ քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ու խմբերի ճնշման ներքո իշխանությունները ստիպված հեռանում են:

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ռազմավարական որեւէ ծրագիր կամ հայտարարություն չհնչեց: Փոխարենը լսեցինք վարչախմբից օր առաջ ազատվելու անհրաժեշտության մասին, որ գործող վարչախումբը լեգիտիմ չէ, որ «սարգսյանական վարչախումբն արդեն այնքան է փչացել, որ այլեւս անընդունակ է բարեփոխվելու եւ որեւէ դրական քայլ կատարելու», որ երկրում ահագնացող չափերի է հասել արտագաղթը, որ Հայաստանի «իշխանական բուրգը նաեւ խորապես թաղված է կոռուպցիայի մեջ»: Այսինքն՝ այն, ինչ ժողովուրդն անգիր գիտի: Բայց գողին՝ գող, կաշառակերին կաշառակեր ասելը բավարար չէ: Նույնիսկ «հրաշալի քառյակի» հանրահավաքի ընթացքում նման բովանդակությամբ ելույթներից մեկի ժամանակ ձայն լսվեց՝ «մենք դա գիտենք»: Ժողովուրդը կոնկրետ առաջարկի է սպասում` ինչն ինչով են ուզում փոխել: Լավ, ասենք՝ հեռացրեցինք այս իշխանություններին, հետո ի՞նչ ենք անելու, ինչպիսի՞ համակարգ ենք ստեղծելու:

56 թվականին Հունգարիան փորձեց զինված դիմադրության ճանապարհով ազատվել բռնակալից, 68 թվականին Չեխոսլովակիայի վերնախավն անհնազանդության ճանապարհն ընտրեց, երկու դեպքում էլ ամեն ինչ ավարտվեց տանկերով: Իսկ 70-ականների կեսերից Լեհաստանի ընդդիմությունը գնաց քաղաքացիական հասարակություն ձեւավորելու եւ այն հզորացնելու ճանապարհով, ստեղծվեցին առանձին խմբերի շահերը պաշտպանող կոմիտեներ, ինչը դարձավ Սոլիդարնոստի հենքը: Հայաստանում, իհարկե, կան առանձին քաղաքացիական նախաձեռնություններ, դրանք հիմնականում գործում են քաղաքական ուժերից անկախ, համենայնդեպս՝ այդպես հայտարարվում է: Այնինչ երաշխավորված հաջողության համար անհրաժեշտ է, որ հանրությունը հստակ պատկերացում ունենա ոչ միայն, թե ում եւ ինչի դեմ են պայքարում, այլեւ հանուն ինչպիսի համակարգի: Ուստի, եթե անգամ կա հստակ մշակված ռազմավարություն, ապա այն պետք է հասանելի դարձնել հասարակությանը: Մինչդեռ հոկտեմբերի 10-ի հանրահավաքում առաջին նախագահն իր ելույթում հստակ նշեց, որ միայն իրենք են տիրապետում լիարժեք տեղեկատվությանը, ուստի «ելնելով նպատակահարմարությունից՝ Քառյակի ղեկավարությունն է սահմանում շարժման ընթացքի արագությունը եւ հանրային միջոցառումների ժամանակացույցը։ Ուստի ձեզանից ակնկալվում է լիովին վստահել Քառյակին եւ ըմբռնումով մոտենալ նրա կայացրած որոշումներին»: Ի՞նչ է սա՝ ժողովրդավարությո՞ւն, թե՞ ոչ իշխանական ուժերի դիկտատուրայի փորձ:

Ո՞ւր մնաց ժողովուրդը, ո՞ւր մնաց քաղաքացիական ակտիվ հանրությունը: Հանրահավաքին ելույթներ ունեցան հիմնականում քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Իսկ քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց բողոքի ակցիաների ու ճնշումների միջոցով կարողացել են ինչ-որ քայլեր պարտադրել իշխանություններին, այսօր կարծես մնացել են լուսանցքից դուրս:

Իհարկե, ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստելու փորձ արվում է, նույնիսկ երբեմն բացօթյա քվեարկություն են կազմակերպում` իբր ժողովրդին որոշումների կայացմանը ներգրավելու նպատակով: Բայց տպավորություն է ստեղծվում, որ դա սոսկ ժողովրդավարության իմիտացիա է:

Իսկ աշխարհի փորձը ցույց է տվել, որ շարժումը հաջողություն է ունենում, երբ ժողովուրդը հստակ պատկերացնում եւ արժեւորում է իր դերակատարությունը: Պայքարի ռազմավարական ծրագիրը մշակելուց հետո այն պետք է հասանելի դարձվի լայն հանրությանը: Համախոհները պետք է պատկերացնեն ու հասկանան, թե ինչ գործողություններ են նախապատրաստվում, իսկ երբ հասկանան սկզբունքները, ապա մեծ է հավանականությունը, որ կբարձրանա վստահությունը` պայքարի հաջողության հանդեպ, դա էլ կհանգեցնի բարոյական ոգու բարձրացմանը, եւ եթե հանրությունն ընդունի առաջարկը, ապա նաեւ պատրաստ կլինի լծվելու իր ապագայի կերտմանը մասնակից դառնալու գործին: Առայժմ հայտնի է, որ «հրաշալի քառյակն» ակնկալում է ժողովրդի աջակցությունը, իսկ աջակցությունն էլ, դատելով հայտարարություններից, բազմամարդ հանրահավաքներն են միայն:

ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ув. Карине! А почему не пишете более свежие образцы о “гражд. обществе, о митингах”?? Например о Украине! А? Казалось бы Украина более ближе! Нет?? И еще! Пусть 10 тыс. “недовольные” собрались! А что с остальными?? Ведь их сотни раз больше! Не так? Или предлагаете, чтобы остальные стали заложниками этих 10 тыс, точно так, как 45млн. украинцев сегодня страдают из-за 100тыс. “революционеров”? ………….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031