Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ «փոխզիջում» է կայացել եվրասիական կուլիսներում

Հոկտեմբեր 15,2014 16:30

Իսկ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին 3 տարվա ընթացքում
4 միլիարդ դոլարի զենքի վաճառքը դեռ միայն սկիզբն է

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովին հաջորդած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանը վերջապես անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը։ Սերժ Սարգսյանը Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթը պատմական է որակել, նշել է, թե դրանով սկսվելու է հետխորհրդային տարածքում ինտեգրման նոր փուլ։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որը մի քանի ամիս առաջ Հայաստանի անդամակցության առնչությամբ իր հայտնի վերապահումներն էր հրապարակայնորեն ներկայացրել` այս անգամ նշել է, թե խոչընդոտներ այլեւս չկան. «Առավել եւս, որ հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող այն հարցում, թե որ սահմաններով է Հայաստանն անդամակցելու, այդ հարցն էլ արդեն հանված է»։

Կարելի է եզրակացնել, որ եվրասիական եռյակն ինչ-որ համաձայնության է եկել Ղարաբաղի հարցով, ինչը ընդունելի տարբերակ է համարվել նաեւ Հայաստանի իշխանությունների համար: Սակայն թե խոսքը կոնկրետ ինչ փոխզիջման մասին է՝ լռում են թե՛ պաշտոնական Երեւանը, թե՛ եվրասիական եռյակի երկրները:

Մինչդեռ այս օրերին ադրբեջանական մամուլը ցնծության մեջ է: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունը Բաքվում «սենսացիոն» են անվանում: Օրինակ՝ haqqin.az-ի հաղորդմամբ` «Հայաստանն ընդունել է Վլադիմիր Պուտինի` «Եվրասիական միություն առանց Լեռնային Ղարաբաղի» նախագիծը»: Իսկ սա, ըստ այս լրատվամիջոցի, նշանակում է, որ «Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանում կստեղծվի մաքսային անցակետ», եւ որ դա «Ադրբեջանի համար քաղաքական եւ դիվանագիտական մեծ ձեռքբերում է»:

Այն, որ Ադրբեջանի շահերը ԵՏՄ-ում պաշտպանողներ կան, այդ մասին վաղուց ենք համոզվել: Փաստ է նաեւ, որ Ռուսաստանը չի դադարեցնում պաշտոնական Բաքվի ուղղությամբ ռեւերանսները, ԵՏՄ-ում Ադրբեջանին տեսնելու ակնարկները: ՌԴ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը ԵՏՄ-ին նոր երկրների անդամակցության, կառույցի ընդլայնման նոր հույս է հայտնել: «Հիմա արդեն չորս երկիր կա. Հայաստանը միացավ»,- փաստել է նա՝ հույս հայտնելով, որ ԵՏՄ համաձայնագիրն առաջիկայում կվավերացվի հայկական խորհրդարանի կողմից: Ջաբարովի խոսքով՝ ինտեգրման գործընթացից չի կարելի անտեսել նաեւ նախկին խորհրդային այլ հանրապետություններին. «Վատ չեն զարգանում նաեւ հարաբերություններն Ադրբեջանի հետ, եւ մենք այդ ուղղությամբ կառուցողական համագործակցության հույս ունենք: Եթե ժամանակի ընթացքում Ադրբեջանը նման որոշում կայացնի (անդամակցի ԵՏՄ-ին)՝ չնայած Լեռնային Ղարաբաղում վաղեմի հակամարտությանը, ապա դա կլինի այդ հակամարտության լուծման հենց այն ուղին, երբ երկու երկրները միասին ընդգրկված կլինեն տնտեսական մեկ միությունում»:

Պաշտոնական Բաքուն առայժմ չի արձագանքում ռուսական կողմի շարունակական ակնարկներին՝ թերեւս տպավորություն ստեղծելով, թե Ադրբեջանը լրջորեն մտածում է Եվրասիական տնտեսական միությանը միանալու հեռանկարների մասին: Իլհամ Ալիեւն իր հերթին ռուսական կողմին սիրաշահելու քաղաքականություն է վարում: Մինսկում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում Ալիեւը նույնիսկ կարծիք է հայտնել, թե ԱՊՀ-ն իրեն չի սպառել եւ կարեւոր հարթակ է տարբեր խնդիրներ լուծելու համար, եւ որ Ադրբեջանը կարեւոր նշանակություն է տալիս ԱՊՀ-ին մասնակցությանը:

Ռուս-ադրբեջանական համագործակցության հիմքերի խորացման ուղղությամբ նոր ջանքեր են գործադրվում: Ինչպես երեւում է, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին երեք տարվա ընթացքում չորս միլիարդ դոլարի զենքի վաճառքը դեռ միայն սկիզբն է: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով ժամանեց Ադրբեջան: Նա բանակցություններ է վարել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Շոյգուն հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ քննարկում են ռազմական ու ռազմատեխնիկական կարեւոր ասպեկտներ եւ տարածաշրջանի կայունության ու անվտանգության ապահովումը: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները մտադիր են փոխգործակցության խնդիրներին, առաջին հերթին Կասպից ծովում, կարեւոր գործնական ուղղվածություն հաղորդել, նրանք պայմանավորվել են նաեւ 2015-ին մի շարք համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել:

Լրատվամիջոցները հայտնեցին, որ հոկտեմբերի 13-ին Շոյգուն ու Հասանովը ստորագրել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջեւ 2015թ. համագործակցության ծրագիրը: Հասանովը տեղեկացրել է, որ այդ ծրագրի համաձայն՝ նախատեսվում է ռուսական արտադրության ժամանակակից սպառազինություն եւ ռազմական սարքավորումներ գնել: Շոյգուի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահն էլ վստահեցրել է, թե երկու երկրների միջեւ համագործակցության բոլոր ուղղություններում, այդ թվում նաեւ ռազմական ոլորտում առկա է լավ դինամիկա: Շոյգուն կարեւորել է, որ երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է դինամիկ, ընդ որում՝ Ադրբեջանը ստանում է ժամանակակից զենք:

Ռուս-ադրբեջանական շահերը մեր տարածաշրջանում կարծես ոչ միայն համընկնում են, այլեւ դեռ խորանում են, իսկ ռազմական համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին հավաստիացումները սկսել ենք լսել ավելի ու ավելի հաճախ: Այս համատեքստում ուշագրավ էր վերջերս Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի դիտարկումը, երբ նա հայտարարեց, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի կայունության համար ու կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների:

Եվրասիական տնտեսական միության հաջորդ գագաթնաժողովը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին՝ Մոսկվայում։ Ի՞նչ ծուղակ է նախապատրաստվում այս անգամ Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Արդյոք ծուղակը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետի տեղադրո՞ւմն է կամ թեկուզ դրա «ձեւական» առկայությունը: Ի վերջո՝ ԵՏՄ պայմանագրի եւ Մաքսային միության կանոնադրությունից բխում է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պետք է մաքսային անցակետ տեղակայվի: Դրա ձեւական լինելու մասին պնդումները կարող են ընդամենը Մոսկվայի քմահաճույքներն ամեն կերպ արդարացնելու քաղաքականություն լինել, որին մեր քաղաքական-հասարակական դաշտը, հավանաբար, պատրաստ է:

Արդյոք Նազարբաեւի նշած` «փոխզիջման հասնելու նրբանկատություն պահանջող» եւ եվրասիական կուլիսներում համաձայնության արժանացած հարցը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսային անցակետի տեղակայո՞ւմն է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Если Азербайджан тоже вступит в ЕАЭС, это для нас будет только в пользу! От этого выиграют все!!

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031