Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակ-քառյակը «պահեց» իշխանության թիկունքը

Հոկտեմբեր 15,2014 16:00

Ազատության հրապարակն անուղղակի ողջունեց Հայաստանի`
ԵՏՄ-ին անդամակցությունը

«Դա տպավորության հարց չէ, այլ իշխանության թիկունքը պահելու, հնարավոր բողոքը զսպելու, ուշադրությունը շեղելու նպատակ է: Իմ խորին համոզմամբ` թե իշխանության, թե եռյակի կամ քառյակի, չգիտեմ հիմա իրենք քանիսն են, գործողությունները միտված են եղել մի նպատակի` կազմակերպված, համակարգված կերպով Հայաստանը տարան դեպի ինքնիշխանության կորուստ` Եվրասիական տնտեսական միություն»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը` արձագանքելով հարց-դիտարկմանը` ուրբաթ օրը կայացած եռյակի հանրահավաքից տպավորություն չստեղծվե՞ց, որ այդ ուժերը, մեծ հաշվով, աջակցում են իշխանություններին եվրասիական ինտեգրման գործընթացում, ավելին՝ նաեւ անուղղակի ողջունեցին այն:

Հիշեցնենք, որ եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», հանրահավաքում Եվրասիական տնտեսական միությանը դեմ խոսեց միայն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի ելույթն այդպես էլ չավարտվեց, կիսատ մնաց: Ապա ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «20-30 ջղաձիգներ» անվանեց այդ, իր բնորոշմամբ, անշրջելի գործընթացին դեմ արտահայտվողներին: Երեկ մամուլի ասուլիսում այդ առիթով լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ամբողջացրեց պատկերը` նկատելով. «Եթե դուք դեմ եք Եվրասիական միությանը, ո՞վ էր խանգարում ձեզ հենց այդ նույնը օրը գնալ եւ ելույթ ունենալ այնտեղ, բողոքել Սերժի դեմ, ով ստորագրում էր այդ պայմանագիրը: Այս քսան-երեսուն ջղաձգվողներին ես մեղադրում եմ Հայաստանը ծախելու մեջ: Նրանք ջղաձգվում են, բայց չեն գնում բողոքեն: Պատմության մեջ մնալու է, որ այդ օրը, երբ համաձայն իրենց եզրակացության՝ մեր երկրի ինքնիշխանության վաճառք է տեղի ունեցել, նրանք ոչ մի բողոքի ակցիա չեն իրականացրել: Տեր-Պետրոսյանը դրա մասին է ասում՝ դուք օրակարգ չեք կարողանում ձեւավորել»: Ստացվում է, որ Հայաստանի ինքնիշխանության վաճառքին դեմ լինելը եռյակ-քառյակի օրակարգում չկա, իրենք բողոքում են, բայց բողոքում են վարչակազմից, այլ ոչ թե նրանից, որ այդ վարչակազմը վաճառեց Հայաստանի ինքնիշխանությունը:
Կարելի՞ է ենթադրել, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը իրականում ցույց տվեց, որ հարթակում հավաքվել էին անհամատեղելի գործիչներ, ովքեր միասին երկար ճանապարհ չեն կարող անցնել: Հավանաբար, մանավանդ, որ ի հեճուկս բոլոր պնդումների՝ հանրահավաքից երկու օր անց Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ միասնական օրակարգ չկա: Արթուր Ղազինյանի համար ի սկզբանե էլ զարմանալի է եղել եռյակ-քառյակի կառուցվածքը. «Այդ ուժերը միասնական մեկ օրակարգ չէին էլ կարող ձեւավորել, որովհետեւ «Ժառանգությունը» միշտ հանդես է եկել որպես Հայաստանի` եվրոպական ինտեգրման ջատագով, վերցրեց կուրս, որը տանում էին եռյակի քաշող ուժերը` ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: Բայց այս դեպքում հարց է առաջանում` ի՞նչ է անում այդ կառույցում «Ժառանգությունը»: Պատասխանը պարզ է` լուծում է իր քաղաքական օրակարգում մնալու խնդիրը»: Մյուս ուժերը` ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, մեր զրուցակցի կարծիքով՝ լուծում են հետխորհրդային Հայաստանում նեոսովետական վարչակարգի պահպանման հարցը, քանզի շատ լավ հասկանում են, որ Հայաստանում արդեն ձեւավորվել է անկախության սերունդը, որը վաղ թե ուշ վարչակարգի փոփոխության հայտ է ներկայացնելու, որը փոփոխություններ կբերի բոլոր ոլորտներում: «Հետեւաբար, պայմանական ասած, հին գվարդիայի ուժերն ամեն ինչ անում են բնական սերնդափոխության գործընթացը թույլ չտալու համար: Բայց դա ընդամենը ժամանակի հարց է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Այն մարդը, ով կարծում է, որ Եռյակը պահումէ իշխանությունների թիկունքը, իրավունք չունի վերլուծաբան կամ փորձագետ կոչվել. նրանք շատ լավ գիտեն որ դա այդպես չէ, ուղղակի այդպես են ասւոմ, քանի որ այժմ դա է ընդւոնված կամ հրահանգված. ու ընդհանարապես նման կարծիքներին պետք չի ուշադրություն դարձնել, քանի որ դրանք բոլորը նույն բանն են ասւոմ տարբեր բառերով

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031