Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար
Ռուսլան Բաղդասարյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին
– Պարոն Բաղդասարյան, այսօր բնակիչը նույնիսկ ամենատարրական՝ կենցաղային հարցով դիմում է հանրապետության նախագահին, ինչո՞ւ է բնակիչը շրջանցում տեղական ինքնակառավարման մարմինը՝ առաջին օղակը, որը հենց կոչված է այդ հարցերով զբաղվելու:
– Չեմ կարող ասել, թե ինչու է այդպես, բայց երբ ես հանդիպում եմ բնակիչների հետ, միշտ ասում եմ՝ երբ ճանապարհների վրա փոսեր կան, չի կարելի մեղադրել հանրապետության նախագահին. այդ փոսը վերացնողն ունի համապատասխան պատասխանատու, տվյալ դեպքում՝ եթե վարչական շրջանի ղեկավարն է, ապա պետք է նրանից պահանջել:
Կոնկրետ Դավիթաշեն վարչական շրջանում համայնքին առնչվող հարցերով քաղաքացիները շատ են մեզ դիմում, ինչը եւ փաստում է այն մասին, որ բնակիչները սկսել են ավելի շատ վստահել առաջին օղակին: Ունենք թեժ գիծ, եւ իրենց հուզող հարցերով քաղաքացիները զանգահարում են այդ թեժ գծին, որը 24 ժամ աշխատում է։ Զանգահարում են նաեւ քաղաքապետարանի թեժ գծին, եւ միշտ արագ արձագանքում ենք: Մեզ մոտ մերժվում են այն դիմումները, որոնց լուծումը օրենքով թույլատրելի չէ: Ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ լինում են այդպիսի դիմումներ:
– Երկու տարի շարունակ Դավիթաշեն վարչական շրջանը լավագույնն է ճանաչվել: Այս տարի էլ «Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած մրցանակաբաշխությանը արժանացաք «Տարվա լավագույն հանրային ծառայող»-ի կոչմանը, մրցույթի կազմակերպիչներն ի՞նչն են հաշվի առել, ի՞նչ չափանիշներով են առաջնորդվել:
Կարդացեք նաև
– «Համազգային վստահություն» խորհրդի ներկայացուցիչները, որոնց չէի ճանաչում, եկան եւ ասացին, որ Երեւան քաղաքում, ըստ վարչական շրջանների, անցկացվել է սոցհարցում, ինչի արդյունքում մեր վարչական շրջանի բնակչությունը բարձր էր գնահատել իմ աշխատանքը: Տարբեր չափանիշներ են հաշվի առնվել՝ սկսած բնակիչների խնդիրների լուծման արդյունավետությունից, մինչեւ գործունակության գնահատում։ Մանրամասներին եւ մեթոդաբանությանը ավելի լավ կծանոթացնեն հենց կազմակերպիչները։ Ինձ պարզապես ասացին, որ մրցանակաբաշխություն է լինելու, եւ ես ու իմ գործընկեր՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը արժանացել ենք վարչական շրջանի լավագույն ղեկավար անվանակարգին:
– Ի՞նչ եք արել ձեր բնակիչների համար:
– Պարզապես կատարել եմ իմ պարտականությունները՝ այն ամենը, ինչը ե՛ւ օրենքով, ե՛ւ մարդկայնորեն վարչական շրջանի ղեկավարը պարտավոր է բնակիչների համար անել: Միգուցե ինչ-որ տեղ լավ եմ արել, ինչ-որ տեղ՝ վատ, կարող էին եւ չտալ այդ մրցանակը։ Ես իմ աշխատանքն եմ կատարում եւ անում եմ ոչ նրա համար, որ պարգեւի արժանանամ: Ինձ են վստահել այս պաշտոնում՝ ղեկավարել այս վարչական շրջանը, ես էլ պարտավոր եմ բարեխիղճ կերպով իմ աշխատանքը կատարել:
– Պարոն Բաղդասարյան, վարչական շրջանին տրվող գումարները բավականացնո՞ւմ են համայնքի խնդիրները լուծելուն, ի՞նչ չլուծված հարցեր կան:
– Գումարները երբեք էլ չեն բավականացնում, լուծում ենք այն խնդիրները, որոնք բյուջեով նախատեսված են։ Բավականին հարցեր էլ լուծվում են, որոնք բյուջեով նախատեսված չեն լինում, սակայն հրատապ լուծում պահանջող խնդիրներ են:
Ընթացիկ խնդիրների մասով ասեմ, որ, օրինակ, մեզ մոտ աղբահանությունն իդեալական չէ, իմ սրտով չէ։ Չնայած որ մեր բնակչությունը գոհ է, եւ եթե վերցնենք համեմատության մեջ, Դավիթաշենում աղբահանությունը բարձր մակարդակի վրա է: Բայց իմ պատկերացրած աղբահանությունն այլ է: Իսկ դրա համար արդեն միջոցներ ձեռնարկվել են, որ մեր վարչական շրջանում ավելի լավ կազմակերպենք այդ գործառույթը: Հրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկն էլ նոր ճանապարհի կառուցումն էր, որը քաղաքապետի օգնությամբ լուծեցինք: Աջափնյակ համայնքի 16 թաղամասի Մելքումով փողոցից ճանապարհն այժմ ուղիղ միանում է Դավիթաշենին, ինչի հաշվին «Ֆիզիկայի» խաչմերուկը բեռնաթափվեց: Դեպի հյուսիսային հատված գնացող մեր քաղաքացիները կարողանում են Դավիթաշենով տարանցիկ անցնել: Ճանապարհներ կան, որոնց էլի պետք է ինչ-որ հատվածներ ավելացվեն, դա էլ ժամանակի եւ ֆինանսների խնդիր է: Ընդհանրապես, բոլոր խնդիրները քաղաքապետը պահում է ուշադրության կենտրոնում, ընթացքի մեջ են եւ ժամանակին լուծվելու են:
– Հոկտեմբերի 9-ին 2796 քաղաքացու ստորագրությամբ Երեւանի քաղաքապետարան թերթիկներ հանձնվեցին, որով երեւանցիները քաղաքային իշխանություններին կոչ էին անում Երեւանն ավելի մատչելի դարձնել հաշմանդամ մարդկանց համար: Դավիթաշենը որքանո՞վ է մատչելի հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:
– Մեր վարչական շրջանը հնարավորինս հարմարեցված է հաշմանդամների պահանջներին, մասնավորապես՝ թեքահարթակներով: Բոլոր սպասարկման օբյեկտների տնտեսվարողների հետ բացատրական աշխատանքներ տանելուց հետո նրանք իրենց օբյեկտներում թեքահարթակներ են կառուցել, դպրոցներում՝ նույնպես։ Թեքահարթակներ կառուցվել են բոլոր այն տեղերում, որտեղ հնարավոր է եղել: Իսկ այժմ քաղաքաշինական ցանկացած փաստաթուղթ տրամադրելիս նախագծերում արդեն պարտադիր ներառվում են թեքահարթակները: Դավիթաշենում այդ փաստաթղթերի առումով թերություններ չկան: Իհարկե, եղել է, որ հաշմանդամ մարդիկ թեքահարթակներից դժգոհել են, քանի որ դրանք այնքան էլ հարմար չեն եղել նրանց, սակայն մենք փորձել ենք շտկել, հարմարեցնել:
– Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից սկսած՝ բոլոր քաղաքապետերը բակերը ավտոտնակներից բեռնաթափելու ցանկություն են հայտնել: Դավիթաշենում երեխաների խաղահրապարակների հաշվին բակերը շա՞տ են ծանրաբեռնված ավտոտնակներով:
– Դավիթաշենը, մնացած վարչական շրջանների համեմատությամբ, ավելի ազատ է, բայց երբ շրջում եմ, տեսնում եմ, որ միեւնույն է՝ ճնշող է, ծանրաբեռնված է:
Բայց այդ ծրագիրն իրականացնելու համար բավականին մեծ գումարներ են պետք, որպեսզի մարդկանց փոխհատուցենք սեփական ավտոտնակների դիմաց: Ժամանակի ընթացքում այդ խնդիրն էլ կլուծվի։
– ՀՀ կառավարությունը բնակչության առողջ ապրելակերպի համար հազար ու մի հայեցակարգ է մշակել: Դավիթաշենում մարդկանց առողջ ապրելակերպին նպաստող ի՞նչ է արվում:
– Դավիթաշենում սպորտդպրոցներ ճիշտ է՝ չկան, բայց սպորտային առումով բավականին ակտիվ թաղամաս է: Վարչական շրջանը փորձում է շենքերի բակերում ֆուտբոլի «մինի» դաշտեր կառուցել. ամբողջ ծավալով օգտագործում ենք այդ դաշտերը, որպեսզի երեխաները մարզվեն: Վերջերս մեր դպրոցներից մեկի թիմը հանդբոլ (ձեռքի գնդակ- Լ. Բ.) սպորտաձեւով դարձավ Հայաստանի չեմպիոն:
Անցյալ տարի մեզ մոտ բացվեց շախմատի դպրոց, արդեն բավականին շատ երեխաներ են հաճախում:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.10.2014
Ճիշտ կլիներ դիմումների մերժումները օրենքով հիմնավորվեր, հակառակ դեմքում մերժումը անհիմն եմ համարում, ինչը վստահություն չի ներշնչում: