Այս տարվա հունվարի 4-ին ինքնությունը չպարզված Արամի կողմից Հայկ Սուքիասյանին սուր, կտրող-ծակող գործիքով հարվածելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձերբակալվել էր Արամ Մկրտչյանը, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել «կալանավորումը»: Սակայն, քանի որ բողոք չի եղել, Հայկ Սուքիասյանի կողմից դիտավորությամբ Արամ Մկրտչյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքով, քրեական հետապնդում չէր իրականացվել:
Արամ Մկրտչյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:
Դատաքննության ժամանակ, որը տեղի էր ունեցել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, պարզվել էր, որ նա հունվարի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում գնացել է հարեւանությամբ բնակվող Հովհաննես Ղազարյանի տուն: Հովհաննես Ղազարյանի մոր՝ Լիզա Ղազարյանի հետ կոպիտ խոսելու պատճառով վեճ էր առաջացել Արամի եւ Հովհաննես Ղազարյանի միջեւ: Տեղի էր ունեցել քաշքշուկ։
Արամ Մկրտչյանը հեռացել է, րոպեներ անց վերադարձել է: Նա տան դիմաց հանդիպել էր Հովհաննես Ղազարյանի աներորդուն՝ Հայկ Սուքիասյանին:
Արդյունքում նորից վեճ է ծագել, Արամը դանակով մեկ անգամ հարվածել է Հայկ Սուքիասյանի կրծքավանդակին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս։
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արամ Մկրտչյանն իրեն մեղավոր չճանաչեց եւ դատարանին հայտնեց, որ ինքը տուժողին չի ճանաչում եւ նրան դանակով չի հարվածել:
Մեղադրանքի կողմի գնահատմամբ, ամբաստանյալի պատճառաբանություններն անհիմն են, «դրանք քրեական պատասխանատվությունից եւ պատժից խուսափելու նպատակ են հետապնդում»:
Կարդացեք նաև
Տուժողը` Հայկ Սուքիասյանը, նկարագրել էր դեպքի օրը: 2014թ. հունվարի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում, մորաքրոջ՝ Նունուֆարի հետ գնացել են քրոջ՝ Հեղուշ Սուքիասյանի տուն:
Հորաքրոջ ամուսինը՝ Հովհաննես Ղուկասյանը, շնչահեղձ է եղել, իսկ հավաքվածները՝ քույրը՝ Հեղուշը, փեսան՝ Հովհաննես Ղազարյանը, նրա մայրը՝ Լիզա Ղազարյանը, հորաքույրը՝ Էլմիրա Ղուկասյանը, փորձել են օգնություն ցույց տալ: Ինքը բակից դուրս գալով փողոց, կագնել՝ ծխել է։
Այդ ընթացքում իրեն է մոտեցել, մինչ այդ իրեն անծանոթ Արամ Մկրտչյանը, որը ագրեսիվ տոնով ասել է` թե հետը հարց ունի, եւ սեռական բնույթի հայհոյանք է տվել իր հասցեին: Տուժողն ասել է, թե բռունցքով հարվածել է Արամի դեմքին, վերջինն էլ՝ աջ ձեռքով ուժեղ հարվածել է ձախ թեւատակի շրջանում՝ որից ուժեղ ծակոց է զգացել: Ինքը կրկին մի քանի անգամ բռունցքներով հարվածել է Ա. Մկրտչյանի դեմքին, որից հետո վերջինս փախել է, իսկ ինքը վազել է հետեւից, սակայն, քանի որ կողքը ծակել եւ շունչը կտրվել է, դադարել է Ա. Մկրտչյանին հետապնդել։
Դրանից հետո ոչինչ չի հիշում: Տուժողին տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել են:
Տուժողի քրոջ՝ վկա Հեղուշ Սուքիասյանի ցուցմունքով, զանգել ու տուն է կանչել ամուսնուն՝ Հովհաննես Ղազարյանին։ Քիչ անց, երբ տուն է եկել ամուսինը, բոլորը միասին սեղան են նստել: Կես ժամ անց իրենց տուն է եկել ամուսնու հեռավոր ազգական Արամը: Ամուսինը, դիմավորելով նրան, հրավիրել է նստել սեղանի շուրջ։
Արամ Մկրտչյանը նստելով սեղանին՝ ագրեսիվ տոնով դիմել է ամուսնուն, թե ինչո՞ւ իրեն լավ չի ընդունել. «Մթնոլորտը հարթելու համար սկեսուրը՝ Լիզան, բաժակ բարձրացնելով, Արամին առաջարկել է Նոր տարին շնորհավորել եւ գնալ: Արամն էլ վիրավորեց սկեսրոջս եւ բարձրանալով տեղից, երկու ձեռքերով հարվածեց ամուսնուս՝ Հովիկի գլխին»: Ըստ գործի նյութերի, ամուսինն էլ ձեռքով հարվածել է Արամին, նրան դուրս են հանել տնից: Դրանից հետո վատացել, շնչահեղձ է եղել քաղցկեղով տառապող Հովհաննես Ղուկասյանը, որին օգնություն են ցուցաբերել։
Արամ Մկրտչյանի հեռանալուց մոտ հինգ րոպե անց, պատահական իրենց տուն են եկել մորաքույրը եւ եղբայրը՝ Հայկ Սուքիասյանը: Եղբայրը հարցրել է, թե ինչ է պատահել, ինքը պատասխանել է, որ քիչ առաջ վիճաբանություն է եղել. եղբայրը դուրս է գնացել ծխելու։
Պատուհանից րոպեներ հետո դուրս նայելով` տեսել է, որ եղբայրը եւ Արամը դրսում հարվածում են իրար: Ամուսինը՝ Հովհաննես Ղազարյանը, վազել է Արամ Մկրտչյանի հետեւից, իսկ ինքը մոտեցել է եղբորը եւ տեսել, որ դանակահարված է: Վկան Ա. Մկրտչյանի կողմից եղբորը դանակահարելու պահը չի տեսել, սակայն տեսել է, որ երկուսով ոտքերով ու ձեռքերով խառը իրար հարվածներ են հասցրել եւ դրսում նրանց երկուսից բացի, այլ մարդիկ չեն եղել։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.10.2014