Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաբարձրագույն ուսումնական հաստատությունը նշեց հիմնադրման 140-ամյակը

Հոկտեմբեր 15,2014 14:00

Օրերս Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հանդիսությունների սրահում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի բարձր նախագահությամբ, բարձրաստիճան հոգեւորական եւ աշխարհական հյուրերի ներկայությամբ նշվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի, ներկայումս՝ Աստվածաբանական համալսարանի հիմնադրման 140-ամյակը:
Վեհափառն իր խոսքում նշելով հայ եկեղեցական կրթական հաստատությունների եկեղեցաշինության անքակտելիության մասին՝ ասաց, որ Գեւորգյան, Վազգենյան ճեմարանների ու մյուս հոգեւոր հաստատությունների սաներն իրենց ուսումը շարունակում են աշխարհի աստվածաբանական այլ համալսարաններում: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ փաստեց, որ, ըստ էության, ճեմարանը հայ իրականության մեջ առաջին բարձրագույն կրթական հաստատությունն է: Ցուցադրվեց «Շողակաթ» հեռուստաընկերության «Բաբախող սիրտը» ֆիլմը (հեղինակ՝ Նելլի Ռաֆայելյան, ռեժիսոր՝ Վահե Սուքիասյան): Բարձրարվեստ կատարումներով էլ հանդես եկան Կոմիտասի անվան պետական քառյակը, «Հովեր» երգչախումբը (ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան), ճեմարանի երգչախումբը եւ այլն:

«Առավոտը» Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական հաստատությունների վերատեսուչ գերաշնորհ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին խնդրեց հակիրճ ներկայացնել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի պատմությունը: «1866թ. Գեւորգ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր Երկրորդ ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգեւոր-կրթական հաստատություն: Ճեմարանի բացումը կատարվում է 1874թ.: Տարբեր տարիներ ճեմարանում դասախոսել են մեծանուն մանկավարժներ Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Կոմիտասը եւ այլք: Ընդ որում, դասախոսների մի մասը ճեմարանի նախկին սաներն են: Այստեղ են մշակվել հայկական դպրոցների ուսումնական ծրագրերը, կազմվել դասագրքեր ու ձեռնարկներ, գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի բազում երկեր, որոնցից շատերը հայագիտության մնայուն արժեքներ են: Ի դեպ, ավելի քան կես դար Անդրկովկասի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի շրջանավարտներով»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Սրբազանն ասաց նաեւ, որ 1917թ. վերջին քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետեւանքով Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի որոշմամբ ճեմարանն անժամանակ դադարեցրել է պարապմունքները՝ շենքը տրամադրելով զինվորական հրամանատարությանը: 1915-20թթ. փորձեր են արվել Գեւորգյան ճեմարանը վերաբացելու ուղղությամբ, սակայն ապարդյուն: «Ճեմարանի դասախոսները որոշիչ դեր են խաղացել Հայաստանի համալսարանի ստեղծման գործում: Ճեմարանի գրադարանի եզակի եւ հարուստ հավաքածուն (45 հազար գիրք) դարձել է Ազգային գրադարանի եւ Մատենադարանի հիմնարար ֆոնդերից… 1945թ. նոյեմբերին Գեւորգ Զ Չորեքչյանի ջանքերով բացվել է Էջմիածնի հոգեւոր ճեմարանը, որն ավելի համեստ շրջանակներում շարունակել է ավանդույթները, իսկ 1999թ. ճեմարանի շենքը որպես սեփականություն վերադարձվել է Մայր աթոռին:

Ճեմարանի վերաբացման հանդիսությունն էլ կայացել է 1997-98թթ. ուսումնական տարվա շեմին»,- ներկայացրեց գերաշնորհ եպիսկոպոս Սարոյանը: Հավելեց նաեւ, որ սկսած 1999թ.՝ ճեմարանում նոր հիմնավոր կազմակերպչական աշխատանքներ են կատարվել, ավելացել է ընդունվող սաների թիվը, միաժամանակ բարձրացել տեսչության եւ դասախոսական կազմի պատասխանատվությունը: Սրբազանը հատկապես նշեց, որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրամանով եւ անմիջական մասնակցությամբ հիմնարար փոփոխություններ են մտցվել ուսումնական ծրագրերում, ճեմարան են հրավիրվել դոկտոր, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ, իսկ 2001-02թթ. ուսումնական տարում Գեւորգյան ճեմարանը ստացել է բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն էլ, հաշվի առնելով ճեմարանի ուսումնական ծրագրերի թարմացումն ու հարստացումը, նրան շնորհել է Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ:

Գեւորգյան հոգեւոր ճեմարանի նախկին սան, ճանաչված երգիչ Թովմաս Պողոսյանը մեզ հետ զրույցում նախ նշեց. «Ճեմարանը մեր ժողովուրդը համարել է ոչ միայն պատմական արժեք, այլեւ՝ ազգային: Եթե հայ եկեղեցին մեր հավատավոր ժողովուրդն է, ապա ճեմարանը դարձավ նրա գաղափարաբանն ու քարոզիչը»: Հետո էլ հավելեց. «Աստված ինձ շնորհ է արել՝ թեկուզ կարճ ժամանակ, ուսանել ճեմարանում: Տակավին պատանի էի, երբ հայտնվեցի բացառիկ ազգային-հոգեւոր այդ հաստատությունում: Հենց այստեղ սկսվեց ձեւավորվել իմ անձը, մարդու եւ հայի տեսակը: Իհարկե, հետո ստացել եմ բանասիրական, ապա՝ կոնսերվատորիական կրթություն, որից հետո էլ մեկընդմիշտ կողմնորոշվեցի զբաղվելու հայ աշուղական արվեստով, որն իր ծագումով լինելով համաարեւելյան, Ջիվանու շնորհիվ իր վերելքն ապրեց՝ դառնալով ավելի ազգային, իհարկե՝ հենվելով մեր ժողովրդական ու հոգեւոր երգարվեստի վրա»:

Դիրիժոր Ռուբեն Ասատրյանն անցյալ ուսումնական տարվանից հանդիսանում է ճեմարանի երաժշտության տեսության դասախոսը եւ արական երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը: Տեղեկացնելով, որ երգչախումբը ստեղծվել է ճեմարանի բացման օրվանից, պարոն Ասատրյանն ասաց, որ մեկ տարի է, ինչ ինքն այդ հաստատությունում է, որի ընթացքում երգչախումբը բազում ելույթներ է ունեցել, իսկ այս տարվա գարնանն առաջին անգամ մենահամերգով հանդես եկել Կոմիտասի անվան երաժշտության տանը: Մեր զրուցակցի խոսքերով՝ շուրջ 80 սան է ընդգրկված երգչախմբում, որոնք ունեն ձայնային պատշաճ տվյալներ ու թեեւ հոգեւոր այդ հաստատության ուսումնական ընթացքը գերհագեցած է, այն սաները, որոնք չեն մասնակցում երգչախմբի պարապմունքներին, հաճույքով ներկա են լինում փորձերին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Թովմաս Պողոսյանը (ձախից),
գերաշնորհ արքեպիսկոպոս Սարոյանը եւ Ռուբեն Ասատրյանը:

«Առավոտ» օրաթերթ
14.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031