Երիտասարդ կոմպոզիտոր, դաշնակահար, հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի ղեկավար, ՌԴ «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր Արփինե Կալինինան երկրորդ տարին է, ինչ կատարելագործվում է Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի մագիստրատուրայում, որպես կոմպոզիտոր: Օրեր առաջ Ակադեմիայի Dukes Hall սրահում Ակադեմիայի սիմֆոնիկ նվագախումբը կատարեց եւ ձայնագրեց կոմպոզիտորի` սիմֆոնիկ մեծ նվագախմբի համար գրված «Պոռթկում» ստեղծագործությունը: Ուսումնական տարվա ընթացքում Լոնդոնում, որպես պրեմիերա, կկատարվեն Արփինեի ստեղծագործությունները, կոմպոզիտորը հանդես կգա Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգով:
-Ի՞նչ նոր լիցքեր տվեց Ձեզ «Պոռթկում» ստեղծագործության կատարումը:
– Ստեղծագործությանս կատարումն ինձ համար մեծ իրադարձություն էր: Նվագախմբային մի շարք երկեր ունեմ, սակայն մինչ օրս հնչել էին միայն կամերային նվագախմբի համար գրվածները: Սա իմ` սիմֆոնիկ նվագախմբի համար գրված երկերից առաջինն էր, որի կատարումը լսեցի դահլիճից:
Ստեղծագործության կատարումը եւ ձայնագրումը Ակադեմիայի Կոմպոզիցիայի բաժնի նախաձեռնությունն էր, որը կոչվում էր փորձ-կատարում եւ հնարավորություն էր ընձեռում կոմպոզիտոր -դիրիժոր -նվագախումբ օղակների միջեւ ակտիվ համագործակցություն սահմանել, եռակողմ կարծիքներ ու դիտարկումներ փոխանակել. այն իրոք հարստացրեց ինձ: Հնարավորություն ունեցա լսել ու բացահայտել գրածիս ու կատարվածի տարբերությունը, խմբագրել պարտիտուրը` լսելով ստեղծագործությանս իրական հչողությունը: Լինում են դեպքեր, երբ թղթին ես հանձնում մի բան, որի իրական հնչողությունը, երբ լսում ես, պարզվում է, չի համապատասխանում քո գրածին (նվագախումբը բազում գաղտնիքներ ունի), այդ ժամանակ է, որ օգնության են գալիս կենդանի կատարումը, փորձը, դիրիժորի խորհուրդները, որոնցից հետո կարող ես փոփոխություն կատարել գրածիդ մեջ` ճշգրտելով այն եւ, ի վերջո, ստանալ ուզածդ հնչողությունը: Կարծում եմ` յուրաքանչյուր, հատկապես երիտասարդ կոմպոզիտորի համար սեփական սիմֆոնիկ երկը կենդանի կատարմամբ լսելու հնարավորությունն անգնահատելի փորձ է, այն նաեւ վստահություն է տալիս այս մեծածավալ ժանրում ավելի շատ գործեր կերտելու: Սա ինձ համար խթան է առավել մեծ ոգեւորությամբ պատրաստվելու հաջորդ ստեղծագործություններիս (լարային կվարտետ, խմբերգ, կվինտետ եւ այլն) լոնդոնյան կատարումներին եւ հատկապես Հայոց ցեղասպանության 100 -ամյակին նվիրված համերգին:
-Ի՞նչ ծրագիր եք ներկայացնելու այդ համերգին:
Կարդացեք նաև
-Առաջին բաժնում հայ եւ հիմնականում բրիտանացի երաժիշտների կատարմամբ կներկայացնեմ կոմիտասյան համերգ-դասախոսություն` շարունակելով իմ ղեկավարած «Կանթեղ» անսամբլի կոմիտասյան լայնածավալ համերգաշարը (Հայաստանում տեղի է ունեցել 23 համերգ-դասախոսություն, իսկ այս գարնանը Լոնդոնում բրիտանացի սոպրանո Քիրսթի Անդերսոնի հետ ներկայացրեցինք 24-րդ համերգ-դասախոսությունը … ոգեւորիչ էր լսել, թե անգլուհի երգչուհին ինչ սրտառուչ սիրով էր Կոմիտաս երգում: Այդ համերգից առաջ Լոնդոնում հուզմունքով իմացա, որ Կոմիտասյան համերգաշարի համար արժանացել եմ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Հայկյան հատուկ մրցանակին եւ որ այն շնորհել է ՀՀ նախագահը):
Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգի երկրորդ բաժնում կհնչեն հատվածներ հայոց հնագույն ավանդազրույցների հիման վրա գրված իմ օպերայից, որով, ի հակակշիռ 1915-ի հայոց տիեզերացունց ողբերգությանը, կընդգծվի հայ ժողովրդի հզոր ներուժն ու հարատեւելու անկասելի ոգին:
-Հայրենիքից հեռու այսքան ծրագրեր դժվար չէ՞ իրագործել:
-Դժվար է, պատասխանատու, բայցեւ ոգեւորիչ… ամեն անգամ, երբ արտերկրում հնչում է ստեղծագործությունդ եւ օտարազգի երաժիշտ-կատարողները նշում են, որ այն մեծ սիրով են կատարում` թեւավորվում ես… Հեռվից առավել շատ ես արժեւորում հայրենիքդ, քեզ ծանոթ հայրենիքիդ գույները, հնչյունները ուրիշ երանգներ են ստանում` փոխելով նաեւ ներաշխարհդ, ստեղծագործությունդ…
Հայրենիքից հեռու վերարժեւորեցի նաեւ մեր երաժշտական դպրոցի ավանդույթները: Ինձ երջանիկ եմ համարում, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում սովորել եմ պրոֆեսորներ Լեւոն Չաուշյանի (կոմպոզիցիա), Մարո Ղազարյանի (դաշնամուր), Վահրամ Բաբայանի (գործիքավորում) մոտ, որոնք սերմանել են պրոֆեսիոնալիզմ, պատասխանատու, խստապահանջ վերաբերմունք մասնագիտության, սեփական գործի հանդեպ, խթանել ստեղծագործական ինքնուրույն ու լայնախոհ մտածելակերպ: Օրեր առաջ Ուսուցչի տոնն էր: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ուսուցիչներիս ու սիրելի դասախոսներիս:
Ս. ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.10.2014