Սիրով նվիրում եմ վաղամեռիկ գործընկերոջս,
կրթության մշակ Սամվել Պեպանյանի լուսավոր հիշատակին
ՀՀ կառավարության վերջին որոշմամբ վերջնականապես տապալվելու են դպրոցների տնօրենների առանց այդ էլ ձեւական ընտրությունները:
1999 թվականի հունիսի 1-ի ՀՀ կառավարության որոշմամբ, Համաշխարհային բանկի 15 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագրով նախատեսվեց կրթության ոլորտի առաջին բարեփոխումը՝ ներդրվեց դպրոցների խորհուրդներով կառավարման նոր համակարգ, որի համաձայն դպրոցների տնօրենները պետք է ընտրվեն խորհուրդների կողմից, որպեսզի բարձրացվեր դպրոցների կառավարման ինքնավարությունն ու ինքնակառավարումը: Սա ենթադրում էր դպրոցի խորհրդի կողմից ընտրված տնօրենի ինքնուրույն, ստեղծագործ, նախաձեռնող գործունեություն, որը պետք է ապահովեր կրթության որակն ապահովող պետական պատվերի անվերապահ կատարում: Հակառակ պարագայում ենթադրվում էր, որ տնօրենը պետք է ենթարկվեր պատասխանատվության: Սա կարեւորվում էր նաեւ նրանով, որ հասարակությունն, ի դեմս խորհրդի, պատասխանատվություն էր ստանձնում դպրոցի կառավարման գործում, որը ժողովրդավար կառավարման չափանիշ կարող էր լինել:
2009 թ. ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքն այս պահանջը ամրագրեց մի կետով, ըստ որի ՊՈԱԿ-ի խորհրդի կողմից ընտրված տնօրենն աշխատանքային պայմանագիրը կնքում է իրեն ընտրած խորհրդի հետ` 5 տարի ժամկետով: Օրենքի պահանջին հակառակ, ստորադաս իրավական փաստաթղթով` ՊՈԱԿ-ի Օրինակելի կանոնադրության 46-րդ կետով ամրագրվեց, որ ընտրված տնօրենն աշխատանքային պայմանագիրը կնքում է լիազոր պետական այն մարմնի ղեկավարի հետ, որի ենթակայության տակ գործում է դպրոցը: Կառավարության այս քայլը փաստեց, որ ինչպես երկրում ցանկացած ընտրություն, սա էլ ցանկացած կեղծիքով ու կամայականությամբ ծառայելու է իշխանությունների վերարտադրմանը, այսինքն երկրում բացակայում է ժողովրդավար կառավարման քաղաքական կամքը: Նշեմ, որ արդեն ԱԺ-ում գտնվող նախագծով կամրագրվի այս «բարեփոխման» hետընթացը:
Հետեւությունն ակնհայտ է: Անցած 15 տարիների փորձը ցույց է տալիս, որ իշխանություններին բոլորովին ձեռնտու չէ ինքնուրույն, ստեղծագործ, նախաձեռնող գործունեություն ծավալող տնօրեն, այլ անհրաժեշտ է դրածո տնօրեն, ով չի ստեղծագործի, ինքնուրույնությունը հակացուցված է, նախաձեռնությունը` պատժելի: Այս ցուցանիշներով «ընտրված» տնօրենը ենթարկվում է կրթության շահերից չբխող, ընտրություններում անհրաժեշտ տոկոսներ «խփող», կրթության ոլորտը քաղաքականացնող եւ այդ նպատակով ուսուցիչներին շահագործող հրամաններին: Եվ ընդհակառակը, պաշտպանված է, եթե անգամ աշակերտների գիտելիքների արտաքին գնահատման ցուցանիշները շատ ցածր են, դրամահավաքությունը առօրյա եւ հրապարակային գործունեություն է եւ նույնիսկ պետական միջոցները յուրացնում է:
Կարդացեք նաև
Ինչեւէ, Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը ընդունվեց ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ, որն անընդհատ ենթարկվել է փոփոխության (նախավերջինը՝ 25.08.11 N1221-Ն):
Վերջին փոփոխությունը եղել է ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N777 որոշմամբ, որն ակնհայտորեն նպատակ ունի մրցույթների գործող իմիտացիոն գործընթացը դարձնել ամբողջովին ձեւական եւ անօրինական:
Կարգն ասում է, որ տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից հաշված, հաստատության խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում կազմակերպում եւ անցկացնում է տնօրենի թափուր տեղի համար մրցույթ:
Այս ժամկետը խախտելու մի քանի փաստ գիտեմ: Առաջինը Երեւանի թ.27 հիմնական դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի հայտարարությունը դեռեւս չկա, չնայած ժամկետներն արդեն անցել են, երկրորդը՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն ազատվել է հուլիսի 16-ին, այսինքն ըստ կարգի հոկտեմբերի 16-ին արդեն պետք է ավարտված լիներ մրցույթը, սակայն այն նշանակվել է նոյեմբերի 13-ին, նույն վիճակն է Տավուշի մարզի Դիլիջանի թ.4 դպրոցում, որտեղ դպրոցի տնօրենն ազատվել է հուլիսին, սակայն դեռ մրցույթ չի էլ հայտարարվել: Մարզպետները կամայական կերպով են մոտենում այս կարգին, իսկ կամայականությունը պայմանավորված է իշխանության համար ցանկալի թեկնածու որոնելու պարագայով: Կոնկրետ Դրախտիկում միակ հավաստագիր ունեցողը պատմության ուսուցիչն է, ով իշխանության համար ցանկալի թեկնածու չէ, որովհետեւ խոսող է, իր իրավունքները պաշտպանող է, լռող չէ ու կամակատար չի լինելու: Հետաքրքիր է, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզպետները գիտե՞ն այն մասին, որ փոփոխված կարգով, անհայտ հիմնավորմամբ, հաստատության մարզային ենթակայության դեպքում, շրջանցելով մարզպետներին, անհիմն լիազորություններ է սահմանվել փոխվարչապետին, ում, եթե կարգով նախատեսված պատճառներով տնօրեն չի ընտրվել, ներկայացնում են հավակնորդների անձնական գործերը: Սա հակասում է հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրության 46-րդ կետի պահանջին, որն էլ իհարկե հակասում է «Հանրակրթության մասին» այս պահին գործող օրենքին: Փաստորեն, պաշտոնների նշանակման առումով ի տարբերություն մարզպետների, ԿԳՆ նախարարի եւ Երեւանի քաղաքապետի համար սահմանվել է արտոնություն:
Սույն կարգի այս վերջին փոփոխությունները վերջնականապես ապահովում են մրցույթների տապալումն ու փաստորեն ՊՈԱԿ-ների տնօրենների պաշտոնը դառնում է նշանակովի: ՀՀ փոխվարչապետի մակարդակով ամեն ինչ արվում է իշխանության համար ցանկալի դրածոների նշանակման գործընթացն իրականացնելու համար եւ ուրեմն հարց եմ բարձրացնում.
Ինչո՞ւ պետությունը 1999 թվականին 15 մլն դոլար վարկ վերցրեց, պարտքի տակ մտավ, գործող տնօրեններիս վերապատրաստելու եւ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթներով ապահովելու վրա գումարներ ծախսեց, քարոզեց, որ ինքնակառավարման մարմին եք ունենալու, ձեր լավ նախաձեռնությունները խրախուսվելու են, որպես կրթության կազմակերպիչներ ինքնավար եք լինելու, իսկ եթե ձեր կազմակերպած կրթության որակը վատը լինի, նաեւ պատասխանատվություն եք կրելու: Ներդրվեց նաեւ աշակերտների թվով ֆինանսավորման սկզբունքը, որը նույնպես 15 տարի է չի վերանայվում, այնինչ ակնհայտ է, որ այն հատկապես սահմանամերձ գյուղերի մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցների համար վերանայման կարիք ունի: Ինչո՞ւ: Որեւէ մեկը պատասխան պիտի տա՞ վերջապես «կրթության բարեփոխում» կամ որեւէ «բարեփոխում» անվան տակ պետությանը պարտքերի մեջ թաղելու, այնուհետեւ դրանից ետ կանգնելու եւ մեր սերունդներին այդ պարտքերը ժառանգելու իշխանությունների վտանգավոր գործելաոճի համար: Գլորվում ենք, մինչեւ ո՞ւր….. Տնօրենին նշանակեք, նրա գործունեության պատասխանատվությունն էլ նշանակողի վրա դրեք, էս դարդից պրծնենք էլի:
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.10.2014
Իսկապես շատ ցավոտ հարց է: Բայց իշխանություններին պետք է կառավարվող դպրոց, որի ղեկավարը դողա վերևների ամեն զանգից: Իսկ որ ազգը սկսվում է դպրոցից, և նրա ուժը ևս գալիս է դպրոցից, դա հետո- ավելի հարմար ժամանկներում, երբ ցորենի հատիկը դառնա նռան հատիկի չափ: