«Առավոտ» օրաթերթում հրապարակված (28.01.2014) «Դերասանի առեղծվածը» հարցադրման շարունակությունը
Մարդկային կյանքի բոլոր ոլորտներում էլ գործում են համապատասխան օրինաչափություններ եւ օրենքներ, իսկ արդյո՞ք այդպես է նաեւ թատրոնում, բեմական արվեստում: Անշուշտ, այո կասի քիչ թե շատ գրագետ մարդը, բայց միեւնույն ժամանակ կարող է նաեւ մտաբերել Դիդրոյի կարծիքը. «Արվեստում չկա մի օրենք, որ հանճարը չկարողանա խախտել»: Ուրեմն ի՞նչ, եթե հանճար ես, կարող ես ուզածդ անե՞լ: Իհարկե, մեր օրերում այս պատասխանը հազիվ թե գոհացնի խստապահանջներին, քանի որ աջ ու ձախ, ուզենք թե չուզենք, գործ ունենք հենց այդպիսի անօրինապահ «հանճարների» հետ. մանավանդ, որ հուզախառն գերադրական բնորոշումները՝ ուղղված «ընտրյալ» արվեստագետներին, վաղուց են սովորական դարձել եւ ներկայումս դրանք արդեն բողոք էլ չեն առաջացնում: Այնպես որ, «հանճարներ» մենք ինչքան ուզես ունենք, ուստի նաեւ օրենք խախտողներ:
Այստեղից հարց է ծագում. հարկ կա՞, արդյոք, որ մեր չափանիշները վերջապես ճշգրտվեն: Անկեղծ ասած, դա հեծանիվ հնարելու պես մի բան կլիներ եւ այդ մասին խոսելն էլ ավելորդ կհամարեինք, եթե խնդիրն ավելի խորքային չլիներ, քան թվում է առաջին հայացքից: Անտարակույս, «շնորհալի», «տաղանդավոր» եւ առավել եւս «հանճարեղ» հասկացությունների նշանակությունը նոր չէ, որ պետք է պարզաբանվի, բայց ե՞րբ եւ ինչպե՞ս ստացվեց, որ այդքան անփույթ դարձանք մեր գնահատականների նկատմամբ: Բանն այն է, որ դրդապատճառը ոչ թե բառիմաստների միտումնավոր աղավաղումն է, այլ վերաբերմունքը դեպի թատրոնն ու դերասանը: Հազվադեպ չէ, երբ առանց վարանելու, քմահաճորեն եւ հանիրավի երկինք են հանվում կամ էլ անխնա բզկտվում արվեստի գործեր, որ ըստ էության նույնպիսի օրինազանցություն է, ինչպես եւ հասարակական կարգ խախտելը: Դիցուք՝ ոչ ոք չի փորձի անհիմն եւ անտեղի վերանայել հարաբերականության տեսությունը կամ էլ անտեսել մաթեմատիկական որեւէ օրենք, բայց ահա թատրոնում, մասնավորապես՝ դերասանի արվեստում հեշտությամբ կարող է ամեն ինչ հանկարծ գլխիվայր շրջվի եւ ոչ մի առարկության չարժանանա, նույնիսկ՝ չնկատվի: Ինչո՞ւ, մի՞թե հայ թատրոնում այլեւս չեն գործում դերասանի վարպետության փորձված եւ հստակեցված օրինաչափություններն ու օրենքները:
Գուցե պատճառն էլ հենց այն է, որ քչերն են մտահոգված ճանաչելու դրանք, ընդ որում, ոչ թե ձեւականորեն՝ իբրեւ ինչ-որ տեղ գրված օրենսգիրք, այլ մասնագիտորեն՝ իբրեւ տարրական գրագիտություն: Արդյո՞ք ժամանակը չէ վերադառնալ այն պարզ ճշմարտություններին, որ սովորում է յուրաքանչյուր արտիստ ուսումնառության շրջանում: Թե՞ այստեղ էլ շարունակենք ճղճիմ ամբոխավարության սկզբունքով «ուրիշներին» վերագրել մեր անձնական թերությունները՝ փառասիրությունը, ծուլությունն ու տգիտությունը:
Կարդացեք նաև
ԳՐԻԳՈՐ ՕՐԴՈՅԱՆ
Արվեստագիտության դոկտոր,
պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ
14.10.2014