Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանին որպես տուժող հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ լրացուցիչ հարցաքննության: Հարցաքննությունը սույն թվականի հունիսի 23-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի առնչությամբ էր:
Aravot.am-ի հետ զրույցում Անի Գեւորգյանը նշեց, որ վաղը կրկին իրեն հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն այս անգամ առերեսվելու ոստիկանի հետ. «Ցուցմունքում նշել էի, որ իմանալով Սարյան փողոցից քաղաքացիներին բռնությամբ բերման են ենթարկում՝ ես գնացի ոստիկանության կենտրոնական բաժանմունք, որտեղ ոստիկանները շղթա կազմած սկսեցին հեռացնել լրագրողներին, որի ընթացքում ոստիկաններից մեկը հարցվածեց դեմքիս»:
Սակայն Անի Գեւորգյանը որեւէ ակնկալիքներ չունի, քանի որ սույն թվականի փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում, երբ ոստիկաններից մեկը խոչընդոտել է իրեն կատարել իր աշխատանքը եւ կար այդ ամենի մասին վկայող տեսանյութ Հատուկ քննչական ծառայությունը այդ գործով իրեն տուժող չէր ճանաչել եւ կարճել էր գործը. «Իսկ այս դեպքում, փաստորեն, հիմնվելով միայն իմ ցուցմունքի վրա ՀՔԾ-ն ինձ տուժող է ճանաչում: Այսինքն՝ սա խոսում է նրա մասին, որ քրեական գործերում բացակայում են իրավական հիմքերը, հնարավոր չէ հասկանալ, թե ինչ գործողություններ կատարելու նպատակով քաղաքացին կարող է ապավինել օրենքին եւ սպասել արդար որոշման եւ արդար քննության»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ