«Մենք միշտ էլ գլուխ ենք գովել, որ Ռուսաստանի հետ միայն տնտեսական ոլորտում ունենք բազմաթիվ պայմանագրեր»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նա համարում է, որ շատ հայ գործարարներ կարողացել են մտնել ռուսական շուկա մինչեւ Եվրասիական տնտեսական միության ստեղծվելը: Սակայն, ըստ նրա կանխատեսման՝ այդ հայ գործարարները խնդիրներ կունենան, քանի որ ռուսական շուկայում գնողունակության անկում է լինելու.
«Պետք չէ մոռանալ, որ ժողովուրդը սկսել է վատ ապրել՝ գնողականության անկումով: Իսկ երբ ասում են, որ Արեւմուտքից չի գա միրգ բանջարեղեն, եւ մենք այդ շուկան կարող ենք գրավել, գիտե՛ք Ռուսաստանի շուկան այն շուկան էր, որ մշտապես դրա պահանջն ունեցել է, այսինքն՝ երբեւէ չի եղել իրավիճակ, որ մենք արտահանենք լոլիկ Ռուսաստան, բայց, քանի որ լոլիկ է ներմուծվում նաեւ Լեհաստանից, մեր լոլիկը չի վաճառվել: Ինչ արտահանել ենք հա էլ ծախվել է, 10 անգամ շատ արտահանեինք էլի ծախվելու էր: Այդ բացն առանձնապես նոր շուկա չի ստեղծելու»:
Նա հավելեց, որ ԵՏՄ-ին անդամակցելով տեխնոլոգիաների եւ զենքի ներմուծման հետ կապված խնդիրներ կառաջանան, քանի որ Հայաստանը գնում է դրանք նաեւ այլ երկրներից.
Կարդացեք նաև
«Մենք բացի Ռուսաստանից զենք ենք գնում նաեւ Չինաստանից: Չինական զենքը գնով էժան է, որակով ռուսականին չի զիջում: Երբ մենք զենք էինք ներմուծում մեր մաքսերը 0-ական էին, Ռուսաստանը՝ որպես զենք արտահանող երկիր, մեծ ներմուծման մաքսեր ունի: Սա նշանակում է՝ կա՛մ մենք պետք է Եվրասիական տնտեսական միության ղեկավարությունից կարողանանք որոշակի քվոտաներ ունենանք՝ զենքի անմաքս ներմուծման համար, կամ ստիպված ենք լինելու մաքս մուծել, մինչեւ 40 տոկոս»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ