«Ես տեսնում եմ ժպտացող ուսանողների, որոնք հպարտ են, որ հիմա այստեղ են ու գիտեն, որ ճիշտ ընտրություն են կատարել: Ես սիրում եմ այն, ինչ հիմա տեսնում եմ և դա հրաշալի է»,- այսօր Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց կրթական ոլորտի ներկայացուցիչ, ճարտարագետ, սեյսմոլոգ կիպրոսահայ Միհրան Աղբաբյանը:
Ճարտարագետն ու Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, դասախոս պարսկահայ Վարդան Գրեգորյանը այցելել էին համալսարան՝ ուսանողներին իրենց կրթական երկար ուղուն ծանոթացնելու, նոր գաղափարներ տալու և նրանց հետ շփվելու համար:
Հյուրերը պատմեցին իրենց երիտասարդ տարիների մասին՝ ներկայացնելով արտասահմանյան կրթության առանձնահատկությունները՝ ապացուցելով, որ կրթությունը կյանքում մեծ դեր է կատարում ու ամբողջ կյանքի ընթացքում անընդհատ կարելի է և պետք է սովորել: Իսկ «տեխնիկական» խոչընդոտները երկրորդական են՝ եթե կա սովորելու իրական ցանկություն: Խոսքը գումարի,ժամանակի և անգամ մտավոր կարողությունների մասին է:
«Ուսանողները չեն ձախողում կրթությունը, սխալվում են դասախոսները: Ամեն մի ուսանող կարող է ներգրավվել կրթական գործընթացում, սիրել ուսումը, եթե նա հստակ պատկերացնում է իր անելիքն ու անցնելիք ճանապարհը: Ես սիրում եմ իմ դասախոսական աշխատանքը, ունեմ յոթ հազարից ավելի ուսանող այն ֆակուլտետում, որտեղ դասավանդում եմ»,- ասաց Վարդան Գրեգորյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի մասնագետները պետք է օգնեն, որպեսզի Ամերիկյան համալսարանը, Երևանի պետական համալսարանն ու այլ համալսարանները շատ ավելի լավը դառնան,քանի որ դրա համար մեծ ներուժ ունեն: Մտավորականը այս գործում կարևորեց հատկապես հայ մշակույթն ու պատմությունը, ազգային ավանդույթները, եկեղեցին և ժողովրդի ստեղծագործ միտքը:
Կարդացեք նաև
Հանդիպման ամբողջական տեսանյութը՝ Civilnet-ի
Սյունե ՍԵՎԱԴԱ