Այսօր` հոկտեմբերի 14-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դատավորներ Եվա Դարբինյանի, Գագիկ Ավետիսյանի եւ Արշակ Խաչատրյանի նախագահությամբ շարունակվում էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը:
Հիշեցնենք` առաջին ատյանի դատարանը վճռել է Վահե Ղուկասյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 17 տարի ժամկետով:
Դատական նիստի ընթացքում մեղադրող Շիրոյանը նշեց, որ Վահե Ղուկասյանի հեռախոսի վերծանման տվյալներով հիմնավորվել է Վահե Ղուկասյանի՝ Հարություն Խաչատրյանին հետեւելու փաստը: Դատախազը կարծում է, որ պատահական չէ, որ այդ օրը Վահե Ղուկասյանը ինքնաձիգը դրել է ավտոմեքենայի հետեւի նստարանին, իսկ ատրճանակը՝ մեքենայի խցիկում, քանի որ այդտեղից կարող էր անմիջապես օգտագործել.
«Ղուկասյանը առավոտյան վերցնելով ինքնաձիգ եւ ատրճանակ դուրս է եկել տնից եւ շրջել քաղաքում: Եթե Ղուկասյանը որեւէ մեկին սպանելու նպատակ չուներ, ապա ո՞րն էր հիշյալ զենքերը ավտոմեքենայում քաղաքում շրջելու իմաստը՝ առանց մտավախություն ունենալու, որ դրանք կարող են իր մոտ հայտնաբերվել»:
Կարդացեք նաև
Պարոն Շիրոյանը նշեց, որ դատարանը իր դիրքորոշումն է հայտնել, որ Տաթեւիկ Կարապետյանի, Սարգիս Գասպարյանի, Ասյա Խաչատրյանի, Շուշանիկ Օհանյանի ցուցմունքներում իրենց դատաքննական ցուցմունքներով պաշտպանության տակ են առնում Վահե Ղուկասյանին.
«Վերջիններս առանց պատճառաբանելու փոխել են իրենց ցուցմունքները՝ դեպքը նկարագրելով այլ կերպ, որոնք հակասում են նաեւ Ղուկասյանի ցուցմունքներին: Եվ այն,որ չեն պարզվել պաշտպանության տակ առնվելու շարժառիթները, չի նշանակում,որ վերջիններիս դատաքննական ցուցմունքները իրականություն են»:
Մեղադրող Շիրոյանը, անդրադառնալով Հայկ Ալումյանի հայտարարությանը, թե դատարանը դատական ակտը կազմել է ենթադրությունների հիման վրա, հայտարարեց, որ դատարանը դատական ակտը կազմել է դատաքննության ընթացքում ուսումնասիրված հավաստի փաստերի հիման վրա. «Իսկ ինչ վերաբերում է բողոքի այն պարբերությանը, թե նշանակված պատիժը խիստ է, նշեմ՝ դատարանը իրավացիորեն հաշվի է առել կատարված աղետի հասարակական վտանգի բնույթը, Վահե Ղուկասյանի անձը, պատասխանատվությունը, ինչպես նաեւ պատիժը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքների բացակայությունը, որի արդյունքում կայացվել է օրինական եւ հիմնավոր դատական ակտ»:
Պարոն Շիրոյանը նշեց, որ համարում է՝ խախտումներ տեղի չեն ունեցել, դատավճիռն ամբողջությամբ պատճառաբանված եւ հիմնավոր է: Նա խնդրեց դատարանին մերժել ամբաստանյալ Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած բողոքն ամբողջությամբ, իսկ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնել նույնական ուժի մեջ:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ