Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Անանիայի մասունքակիր Աջն այսօր ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում էր

Հոկտեմբեր 14,2014 18:59

Հոկտեմբերի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էր Ս. Անանիա, Մատթեոս, Բառնաբա, Փիլիպպոս, Հովհաննես, Շիղա և Սյուղիանոս առաքյալների հիշատակության օրը: Այդ առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Անանիայի Աջը բերվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի, որտեղ ամփոփված են սրբի մասունքերը:

Առավոտյան Թումանյան-Փարպեցի փողոցների հատման մասում քահանաներն ու հավատացյալները թափորով դիմավորեցին ու ուղեկցեցին մասունքակիր Աջը մինչև եկեղեցի:

Եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ մատուցվեց ս. պատարագ: Ս. սեղանի առաջ ս. պատարագ մատուցեց Տ. Զգոն քահանա Աբրահամյանը:
Հավարտ Ս. Պատարագի Տ. Նավասարդ Սրբազանն անդաստանի կարգ կատարեց՝ մասունքակիր սուրբ Աջով օրհնելով աշխարհի չորս ծագերը:
Մասունքակիր Աջն իր օրհնաբաշխ ներկայությամբ եկեղեցում էր մինչև երեկոյան ժամերգության ավարտը: Հարյուրավոր հավատացյալներ իրենց խոնարհումը բերեցին սրբի մասունքին և նրա բարեխոսությունը հայցեցին:

Ս. Անանիա առաքյալը
Ս. Անանիա առաքյալը Հիսուսի 72 աշակերտներից էր և Ավետարանում հիշատակվում է Ս.Պողոս առաքյալին աղոթքով բժշկելիս: Ըստ Աստվածաշնչի՝ երբ վերջինս երեք օր կուրացել էր, հենց Ս. Անանիան է նրան բժշկում, որից հետո քրիստոնյաներին հալածող Սողոսը վերափոխվում է: Նա Ս. Անանիայի կողմից Ս. Մկրտությամբ ստանում է Պողոս անունը և նախանձախնդրությամբ ու սիրով անդամագրվում քրիստոնյաների ընտանիքին:
Ս. Անանիայի գերեզմանը գտնվում է Երևանի Ս. Զորավոր եկեղեցու բակում գտնվող մատուռում: Այն հայտնի ուխտատեղի է ոչ միայն քրիստոնյաների շրջանում. այստեղ հաճախ են ուխտի գալիս բժշկության կարիք ունեցողները` անկախ կրոնական պատկանելությունից:

Ավանդույթն ասում է, որ բժշկության հրաշքներով հայտնի լինելու շնորհիվ սրբի դամբարանի մոտ կառուցված եկեղեցին հավատացյալ ժողովուրդն անվանել է Զորավոր:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031