Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարգավաճի» պատգամավորը ափսոսում է, որ «չի սատկացրել». (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 14,2014 18:17

Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ այսօր սկսվեց Արթուր Զադոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Կողմերին ծանոթացրեցին նրանց դատավարական իրավունքներին եւ հարցին, թե արդյոք ունե՞ն միջնորդություններ: Թե պաշտպանական կողմը եւ թե մեղադրանքի կողմը, տուժող, ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարո Կարապետյանը (հայտնի է Յուվեցի Կարո» անվամբ) միջնորդություններ չունեին:

dat-8

 

Դատավորի հարցին՝ կարո՞ղ է կողմը հաշտվել կամ, քանի որ հանցագործությունից անցել է 5 տարի եւ նման դեպքերում առկա է վարույթը բացառող հանգամանք, ունե՞ն միջնորդություններ, դարձյալ կողմերը պատասխանեցին բացասաբար:

Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ Արթուր Զադոյանը կրել է ապօրինի զենք-զինամթերք, դիտավորությամբ տուժող Կարո Կարապետյանին հասցրել է միջին ծանրության վնասվածք եւ սպառնացել սպանել:

dat-6

 

Դատարանը լսեց տուժող Կարո Կարապետյանին, որի ամեն երկրորդ նախադասությունը համեմված էր Ա. Զադոյանին ուղղված վիրավորական արտահայտություններով, եւ հաճախ էր դիմում լրատվամիջոցներին, որպեսզի հրապարակվի իր ասածը:

dat-5

 

Պատգամավորը նախ հայտնեց, որ ճանաչել է նախկին բռնցքամարտիկ Արթուր Զադոյանին, որը հայտնի է «Ծիծակ» մականունով, ըստ նրա՝ Արթուրը ունեցել է 35-ից ավելի անուն-ազգանուններ եւ զբաղվել է գողացված ավտոմեքենաների վաճառքով: Նա ասաց, որ Արթուրն իրեն պարտք է եղել 57.600 դոլար գումար եւ պարտքի դիմաց փորձել է իրեն առաջարկել մեքենաներ, դեպքի օրն էլ ինքը գնացել էր ավտոմեքենա տեսնելու: Նա ասաց, որ այդ ժամանակ հեռախոսով խոսելիս է եղել ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հետ եւ չի զգացել, թե ինչպես ամբաստանյալը իր հետ նախապես վերցրած ավտոմեքենայի գործիք-բանալիով՝ լոմով, հարվածել է իր գլխին: Ինչպես պատգամավորի, այնպես էլ նրա վարորդ Օնիկ Հովհաննիսյանի ցուցմունքով՝ «գլխից ֆանտանի նման արյուն է հոսել»:

dat-3

 

Պատգամավորն անցել է մեքենայի ետեւի նստարան, փոխադարձ քաշքշոցի ընթացքում վարորդը կանգնեցրել է ավտոմեքենան, նրանք դուրս են եկել մեքենայից: Օնիկ Հովհանիսյանը իր մոտ գտնվող պատգամավորի ատրճանակով երկու անգամ կրակել է օդ, իսկ Կ. Կարապետյանը երեք անգամ է կրակել՝ մեկը օդ, երկուսը ամբաստանյալի աջ ձեռքի եւ ոտքի ուղղությամբ: Վերջինս ստացել է վնասվածք, Կարո Կարապետյանի վարորդը տեսնելով Ա. Զադոյանի գուլպայի միջի «Մակարովը», հանել է այն եւ ներկայացրել ոստիկանությանը: Պատգամավորն ափսոսաց, որ «չի սատկացրել» ամբաստանյալին, որի մասին ասաց, որ նա տղամարդ չէ, այլ հղի կին է:

dat-2

 

Նա պատասխանելով Ա. Զադոյանի պաշտպան տիկին Սարգսյանի հարցերին, ասաց, որ իր մեքենայում ոչինչ չի լինում, մաքուր մեքենա է, «զապաս պակրիշկա էլ չկա, բայց զենք լինում է»: Ասաց, որ զենքերից մեկն էլ պաշտպանության նախարարն է նվիրել, թուրքի զենք է: Կարո Կարապետյանն ասաց. «Սա չի ապրելու, մինչեւ չասի զակազչիկն ով է…»: Իսկ դատավորի կիսահիշեցմանը, թե կան իրավապահ մարմիններ, օրենսդիրը պատասխանեց. «Իրավապահ մարմինը ես եմ»: Վիրավորանքը շարունակեց նաեւ Օնիկ Հովհաննիսյանը:

dat-1

Նա, որ Արթուր Զադոյանի կին պաշտպանին շարունակ դիմում էր «պարոն» բառով եւ ասաց, թե կրթություն չունի, հայտարարեց դատարանում, որ Արթուրի որդին իրենն է:

Ի դեպ, դատական նիստերի դահլիճում նստածներն էլ խրախուսում էին, իսկ մի քանի անգամ էլ պատգամավորը բղավեց իր վարորդի վրա, ինչին դատավորը միջամտեց, ասելով, որ սանկցիա կկիրառի: «Կիրառողները շատ են, կիրառեք»,- ասաց Կարո Կարապետյանը:

dat-9

Ըստ էության, վարորդը տվեց այն ցուցմունքները, ինչը տեսել էր, մի քանի անգամ շեշտելով, որ շոկի մեջ է եղել, ինքը չի տեսել նման արյուն, չի տեսել, թե ինչպես է ամբաստանյալը լոմով խփել Կարոյի գլխին: Միայն ասաց. «Շփոթվել էի, օդ եմ կրակել, մեշեն էր, պիտի սատկեր»:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Մանրամասները՝ տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031