Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Գործադիրը հավանություն է տվել մի շարք օրենքների նախագծերի փաթեթին՝ այն սահմանված կարգով ԱԺ ներկայացնելու համար: Մասնավորապես՝ ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով և նույն փաթեթով առաջարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ավելի հստակեցնել պետական ծառայությունների տիպերի հիմքով տրվող աշխատավարձերի դասակարգումը՝ առանց փոփոխելու հաստատված դրույքաչափերը: Վարչապետ Ա. Հարությունյանը, անդրադառնալով ներկա քաղաքականությանն ու որոշված դրույքաչափերին, ընդգծել է, որ աշխատավարձերի և թոշակների առումով ԼՂՀ-ն պետք է ՀՀ-ում գործող նույն քաղաքականությունը վարի:
Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ներկայացնելով ««Կուսակցությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, դրա ընդունումը պայմանավորել է կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և ֆինանսական գործունեության վերահսկողության արդյունավետության բարձրացմամբ: Փոփոխություններով առաջարկվում էր, մասնավորապես, արգելել կուսակցությունների գույքի նվիրատվությունը: Կուսակցությանը տրվող նվիրատվության,ինչպես նաև կուսակցության համար կատարված աշխատանքների ու ծառայությունների ընդհանուր չափը մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հազարապատիկը:
Գործադիրը հավանություն է տվել նաև ««ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն ուղարկել Ազգային ժողովի քննարկմանը: Ինչպես նշել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Մարտունու շրջանի Ճարտար և Ղուզե Ճարտար համայնքների միավորմամբ: Արդյունքում կարիք կա Ճարտար համայնքում փաստացի ձևավորված նոր բնակավայրին իրավական կարգավիճակ, իսկ միավորված համայնքին՝ քաղաքի կարգավիճակ տրամադրելու:
Արտադրական ենթակառուցվածքների նախարարության առաջարկով՝ կառավարությունը փոփոխություն է կատարել ընթացիկ տարվա փետրվարի 11-ի ընդունած «Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգըհաստատելու մասին» N 57 որոշման մեջ: Ներկայացնելով փոփոխության անհրաժեշտությունը՝ փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ այն պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 10-ից ուժի մեջ մտած էլեկտրաէներգիայի նոր սակագներով: Որոշմամբ ավելացվել է բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի որոշ մասի սուբսիդավորման չափը 3.55 դրամով՝ այն հասցնելով համապատասխանաբար ցերեկային սակագների համար 16.85 դրամի, իսկ գիշերային սակագների համար՝ 11.85 դրամի: Որոշման ընդունմամբ բնակչության կողմից ցերեկային և գիշերային ժամերին սպառվող էլեկտրաէներգիայի համար գործելու է 25 դրամ սակագինը:
Կառավարությունը քննության է առել կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկված 2011թ. հունիսի 21-ի N 410 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Ընդունված որոշման արդյունքում այսուհետ բացի նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական, արհեստագործական և բարձրագույն կրթության հաստատություններից, ԿԳ նախարարության կողմից կրթական գործունեության համար լիցեզիաներ կտրամադրվեն նաև բժշկական հաստատություններին: ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանն անդրադարձել է նաև ընթացիկ տարվա ուսումնական հաստատություններում սովորողների թվին՝ նշելով, որ նոր ուսումնական տարվա տվյալներով Արցախի դպրոցականների թիվը 21,745 է, որը նախորդ տարվա համեմատ աճել է 332-ով:
Գործադրի 2005 թվականի դեկտեմբերի 20-ի N 556 որոշման մեջ կատարված փոփոխություններով կարգավորվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ԼՂՀ քաղաքացիներին ցուցաբերվող անվճար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման մեխանիզմները: Որոշման գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Գործադրի ղեկավարի հարցին ի պատասխան՝ առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանը հավելել է, որ նշյալ արտոնություններից օգտվող սոցիալական խմբերի ցանկը փոփոխության չի ենթարկվում որոշման ընդունմամբ:
Կառավարությունն ընդունել է ««Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտեր սահմանելու և կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը: Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի խոսքով՝ զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման գործընթացով պայմանավորված՝ որոշումով նախատեսվում են զբաղվածության պետական կարգավորման, պլանավորման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման նոր մոտեցումներ: Կառավարության ղեկավարի հարցմանն ի պատասխան՝ Ս. Ավանեսյանը զեկուցել է հոկտեմբերի 19-ին նախատեսված աշխատանքի տոնավաճառի կազմակերպման ընթացքի մասին: Վարչապետը հորդորել է նրան մեծ ուշադրություն դարձնել գործատուների և աշխատանք փնտրողների միջև կայուն կապ ստեղծելու վրա՝ օգտագործելով նաև առցանց հարթակները: Ա. Հարությունյանը կարևորել է աշխատանքի շուկայի թափանցիկության ու ճկունության խթանումը՝ դաշտում մրցակցություն ստեղծելու տեսանկյունից:
Ընդունելով կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը և թաղման նպաստի չափը սահմանելու մասին» N 11 և «Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված զինվորական կենսաթոշակները հաշվարկելու մասին» որոշումների մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծերը՝ գործադիրը սահմանել է զինվորական ծառայության մեկ տարվա ստաժի արժեքը 1300 դրամ: Հաստատվել են նաև այլ տիպի զինվորական կենսաթոշակների չափերը: Երկրորդ նախագծի ընդունմամբ սահմանվել է նախկինում նշանակված զինվորական կենսաթոշակները վերահաշվարկելու համար հիմք ընդունվող զինծառայողի անձնական գործակիցը որոշելու կարգը:
Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ներկայացրած նախագծով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ԼՂՀ կառավարության 2010թ. հունվարի 26-ի N 32 որոշման մեջ: Ըստ նրա՝ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանումների, քանակի և երկարությունների փոփոխության հետ կապված անվանացանկերի ճշգրտմամբ: Որոշմամբ հստակեցվում է ԼՂՀ տարածքում նշյալ անվանացանկն՝ըստ ճշտված անվանումների և երկարության չափերի, քանակների, որը հնարավորություն կտա ճիշտ կազմակերպել և ծրագրավորել ճանապարհների շահագործման, պահպանման, սպասարկման գործընթացը: Որոշմամբ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները դասակարգվել են երեք խմբի՝ միջպետական, պետական և տեղական նշանակության :
Նիստի ավարտին Տող գյուղում կայանալիք գինու փառատոնի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես է եկել ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, ով, մասնավորապես, նշել է, որ այն կկայանա հոկտեմբերի 18-ին, ժամը 12-ին, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին