«Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը ներկայացնում է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայի մենակատար Յուրի Ռոզումի համերգը Հայաստանում:
Համերգը, որը տեղի կունենա այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, նվիրված է անվանի դաշնակահարի 60-ամյակին:
Համերգին կմասնակցեն և հոբելյարին կշնորհավորեն Խաչատրյանի անվան եռյակը, սոպրանո Հասմիկ Թորոսյանը, ինչպես նաև Խաչատրյանի անվան եռյակի ստեղծած Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի կրթաթոշակառուները։
Սա Յուրի Ռոզումի առաջին այցելությունը չէ մեր երկիր: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մի քանի անգամ արդեն եղել է Հայաստանում, շատ հայ ընկերներ ունի, ծանոթ է հայկական մշակույթին, մասնավորապես, երաժշտությանը: Միշտ երազում է երկար ժամանակով լինել այստեղ, որպեսզի հնարավորություն ունենա այցելելու մեր երկրի պատմամշակութային վայրերը:
Կարդացեք նաև
Դաշնակահարը, սակայն, երբեք չի մոռանում իր առաջին մենահամերգը, որը Հայաստանում է կայացել. «Ընդհանրապես Հայաստանի հետ ինձ շատ բան է կապում՝ սկսած 40 տարի առաջ դարձյալ Կամերային երաժշտության տանն ունեցած համերգից: Այս անգամ էլ է նույն տեղում լինելու համերգս: Դա այնքան խորհրդանշական է ու գեղեցիկ: Գիտեք՝ առաջին համերգը առաջին սիրո նման է. երբեք չես մոռանում, և ես երջանիկ եմ, որ 60-ամյակս Հայաստանում նշելու հնարավորություն է ընձեռվել ինձ»,- ասում է Յ. Ռոզումը:
Ծրագրում հնչելու են Շոպենի, Ռախմանինովի, Սկրյաբինի ստեղծագործություններից. «Նույն ծրագիրն է, ինչ 40 տարի առաջ: Դա նշանակում է, որ այն ժամանակվանից ես ուրիշ ոչինչ չեմ սովորել»,- կատակեց դաշնակահարը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ