Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Մենք ոչ թե կորցրեցինք, այլ գտանք իրական հերոսներին»

Հոկտեմբեր 14,2014 17:09

«Բանակահեն քաղաքականություն պետք է վարել եւ տնտեսության եւ կրթության մեջ»,- այսօր Ֆրանսիական համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարի հետ հանդիպումը կայացավ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության մեծացման ծրագրի շրջանակներում շրջանակներում: ՊՆ-ի աշխատակիցները, նախարարն ինքն էլ տարբեր հանդիպումներ են ունենում հատկապես դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

«Մեր երիտասարդությանը պետք է պատրաստենք՝ մաս կազմել ՀՀ-ի անվտանգության ապահովման խնդրին, հայրենիքի պաշտպանության, բանակում ծառայելու, հետագայում ևս հայրենիքի անվտանգությանը պիտանի լինելու»,- ասաց նախարարը` հավելելով, որ կրթության եւ գիտության ներուժի օգտագործումը ռազմական նպատակներով, ամենակարեւոր ուղղություններից է:

Նա նկատեց, որ չափազանց ծանր իրավիճակներ ենք ապրում, տարածաշրջանային իրադրությունը, առկա հակամարտությունները ստիպում են մշտապես մտածել Հայաստանին սպառնացող վտանգների չեզոքացմանը պատրաստ լինելու մասին: Նախարարը ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները թե ազգային մակարդակում, թե ՀԱՊԿ-ի շրջանակներում:

«Արցախյան գոյապայքարում հաղթել ենք մեր միասնության շնորհիվ: Այժմ էլ, նման միջոցառումներով, փորձում ենք հստակ պատկերացումներ ձեւավորել, թե ինչպե՞ս պետք է համապատասխան մարմիններն իրենց դրսեւորեն`ռազմական դրության ժամանակ»,- ասաց Սեյրան Օհանյանը` նկատելով, որ արցախյան չկարգավորված խնդիրը սպառնալից երանգ է ստանում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության ֆոնին. «Մեր զինծառայողների որակական պատրաստության, անձնուրացության, պատրաստվածության, բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակի շնորհիվ, առանց որեւէ երրորդ ուժի միջամտության կարողանում ենք պահպանել հրադադարի ռեժիմը մեր սահմաններում: Անցնող տարին լարված էր, որն իր գագաթնակետին հասավ հուլիս-օգոստոսին, որի ժամանակ հայ հրամանատարն իր ենթակա զինվորի հետ կարողացավ կանխարգելել հակառակորդի սադրանքները»:

Նախարարը երախտիքի խոսքեր հնչեցրեց այդ օրերին իրենց կյանքով հայրենիքը պաշտպանած զինվորների մասին`նկատելով, որ այդ օրերի կատարվածը ոչ թե ողբերգություն, այլ հերոսապատում էր: «Մենք ոչ թե կորցրեցինք, այլ գտանք այն իրական հերոսներին, ովքեր պահեցին մեր ազգի արժանապատվությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031