Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն անգամ փշաքաղվում եմ Տիգրան Մանսուրյան կատարելիս». չինացի երգիչ

Հոկտեմբեր 14,2014 17:01

Այս տարին Տիգրան Մանսուրյանի համար հոբելյանական է: Մաեստրոն 75 տարեկան է:

Եղբորը նվիրված հոբելյանական միջոցառումներին որոշել է մասնակցություն ունենալ նաև անվանի օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը:

Նա Հայաստանում է իր երեք աշակերտների՝ տենոր Ջիանգ Հոնգշինի, կոլորատուր սոպրանո Ջեորջիա Կոկկորիսի և սոպրանո Ռիան Սաունդերսի հետ, որոնք այսօր երեկոյան «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում կայանալիք հոբելյանական համերգին կկատարեն բացառապես հայկական գործեր:

«Շատ դժվար էր աշակերտներիս համար հայերեն սովորելը, քանի որ հայերենը հեշտ լեզու չէ, բայց նրանց ասել եմ, որ եթե բառերը չհասկանան, չեն կարողանա երգը հոգով երգել: Հոգիները հանել եմ, որ հայեցի հնչողություն, մաքուր հայերեն լսենք: Կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Մանսուրյանը՝ ուրախությամբ հավելելով, որ իր սաները մեծ ոգևորությամբ են ընդունել հայերեն սովորելու, հայերեն երգելու, Հայաստանում ելույթ ունենալու իր առաջարկը և որ Հայաստան գալուց հետո էլ շատ տպավորված են մեր երկրով. «Ես նրանց ասացի նաև, որ ֆինանսապես Հայաստանը չի կարող իրենց օգնել: Եթե ուզում են գալ Հայաստան, պիտի իրենց աշխատավարձից խնայեն ու տոմս գնեն: Նրանք մեծ սիրով համաձայնեցին, միայն թե գային: Եկել են և կկատարեն Կոմիտաս, Մանսուրյան, Վ. Տերյանի, Հ. Սահյանի վոկալ շարքերը, Քուչակի հայրենները, ինչպես նաև եվրոպական արիաներ»,- ասաց երգչուհին:

«Երբ նոր էի փորձում հայերեն սովորել, դա շատ բարդ ու անհաղթահարելի մի բան էր թվում ինձ, բայց երբ սկսեցի Տիգրան Մանսուրյանի գործերը սովորել, իմ և հայերենի միջև եղած անջրպետն անհետացավ: Եվ հիմա հպարտ եմ, որ ծանոթ եմ Մանսուրյանի, Կոմիտասի գործերին ու պիտի հենց հայերենով ներկայացնեմ դրանք: Դա բոլորովին այլ զգացողություն է: Ես ամեն անգամ փշաքաղվում եմ Տ. Մանսուրյան կատարելիս»,- ասում է Ա. Մանսուրյանի հետ Հայաստան ժամանած երգիչներից Ջիանգ Հոնգշին (Չինաստան):

Ազգությամբ հույն երգչուհի Ջեորջիա Կոկկորիսն էլ վստահ է, որ Մանսուրյանի գործերը կատարելու համար դրանք պիտի արյանդ միջով անցկացնես, կլանես յուրաքանչյուր բջջով. «Ինձ համար շատ կարևոր է հայկական երաժշտությունը ներկայացնել հենց հայերենով. այդպես զգացողություններն ավելի իրական են»,- ասում է երգչուհին:

Եվ վերջում, անդրադառնալով իր ստեղծագործական կյանքին, Ա. Մանսուրյանը նշեց, որ հիմա դժվար շրջան է իր համար, քանի որ աշակերտների թիվը գնալով ավելանում է. «Դա ինձ ինչ-որ տեղ խանգարում է երգել,- ասում է սոպրանոն,- պիտի կամ դասավանդես, կամ երգես, երկուսը միասին չի լինում»:

Ինչ վերաբերում է Ա. Մանսուրյանի և իր աշակերտների համերգներին, դրանք այսօրվա համերգով չեն ավարտվում: Հաջորդը հոկտեմբերի 18-ին է Արցախում, որը դարձյալ նվիրվում է մաեստրոյի 75-ամյակին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Շնորհակալ եմ հետաքրքիր հոդվածի համար: Արաքսյան մեր 118 դպրոցի երգչախմբի մենակատարն էր եվ ի շնորհիվ նրա գեղեցիկ ձայնի եվ երգչախմբի ղեկավար, արժանահիշատակ պարոն Գրքաշարյանի մեր երգչախումբը համարվում էր Երեվանի ամենալավ դպրոցական երգչախմբերից մեկը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031