Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նորանշանակ խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանն ավելի վաղ մեր զրույցում նշել էր, որ Սուրիկ Խաչատրյանի անձի հանդեպ բացասական տրամադրվածությունն ուղեկցվում է մամուլի կողմից: Մեր այն դիտարկմանը, որ մարդկանց դժգոհության առիթ է տվել հատկապես այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանը կրկին մարզպետ է նշանակվել 2013թ.-ի հունիսի 1-ին Գորիսում նրա տան դիմաց տեղի ունեցած սպանությունից հետո, պարոն Հովհաննիսյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց.
«Շատ անցանկալի երեւույթ է եղել, բայց եթե որեւէ մեկն ինքնասիրություն ունեցող մարդու, ընտանիքի վրա, կնոջ վրա, տան վրա կրակի` հետեւանքներն անկանխատեսելի կլինեն: Վերջին հաշվով Սուրիկ Խաչատրյանը չի գնացել ինչ-որ մեկի տան վրա, Սուրիկ Խաչատրյանի տան վրա եկել են: Ես շատ եմ հարգում Բուդաղյանների ընտանիքը, անձամբ ծանոթ եմ եղել Ավետիքի հետ, անձամբ ծառայել եմ գնդապետ Արտակ Բուդաղյանի հետ եւ շատ հարգում եմ այդ ընտանիքը, բայց այդ ոգելից խմիչքի ազդեցության տակ եղած միջադեպը, որն արյամբ, մահվամբ լուծվեց՝ այսօր չարչրկվում է: Ողբերգական այդ արյունը լրատվության միջոցները դարձրել են շոու-ծրագիր եւ չեն խղճում անգամ Բուդաղյանների ընտանիքին, որ մարդ է կորցրել: Մի՞թե կարելի է այդքան չարչրկել երեւույթները», – ասաց բոլորովին վերջերս մարզպետի խորհրդական նշանակված Վոլոդյա Հովհաննիսյանը եւ հավելեց, որ ոչ ոք չէր ցանկանա այդ ողբերգությունը տեղի ունենար, առավելեւս, ճիշտ չի գտնում, որ այդ ողբերգությունը շահարկվում է լայնորեն:
«Մեր լրատվամիջոցները պարզապես անգործությունից ելնելով, ինֆորմացիայի պակասից ելնելով` ստեղծել են շոու- միջադեպ: Դեպքի մասին ոչ թե լուսաբանում է գնում, այլ լրատվական չարախնդում է գնում: Եթե լուսաբանում-չարախնդում չի, ապա թող օբյեկտիվ լուսաբանեն, համենայնդեպս, ես չեմ լսել երբեք, որ ասեն Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել իր տան վրա եկել են կռվելու հարբած մարդիկ:
Վերջին հաշվով` Սուրիկ Խաչատրյանը տանը նստած` իր կնոջ վրա, իր տան ուղղությամբ կրակել են: Ինչո՞ւ այսօր ոչ մեկը չի մեղադրում Բուդաղյաններին` կատարած արարքի համար, միայն մեղադրում են ինքնապաշտպանվողին: Եվ հետո բավական չէ՞ մենք արհամարհենք մեր իրավական համակարգը եւ անմեղության կանխավարկածը Սահմանադրության»,-ասաց զրուցակիցս` նշելով, որ ինքը իրավական համակարգին ավելի շատ է վստահում, քան լրատվական:
Կարդացեք նաև
Խորհրդականի կարծիքով` մամուլը միակողմանի է լուսաբանում միջադեպը եւ թույլ չի տալիս մյուս կողմին իր ասելիքը նույնպես լսելի դարձնել: Նա նաեւ քննադատաբար է մոտենում, որ հատկապես տվյալ դեպքի մասին բարձրաձայնում են Սյունիքի հետ կապ չունեցող անձինք` հասարակական ակտիվ գործիչներ եւ այլն` համարելով, որ վերջիններս իրենց հեռուստաելույթներով իրենց կարծիքը փաթաթում են հասարակության վրա:
Նշենք, որ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ հնարավոր չէ Արտակ Բուդաղյանի գործով դատարանը օբյեկտիվ քննություն իրականացնի, քանի դեռ Սուրիկ Խաչատրյանն է Սյունիքի մարզպետը:
«Հայկ Ալումյանը դատապաշտպան է եւ կարող է հայտարարել ցանկացած բան, Հայկ Ալումյանի հայտարարությունները՝ որպես դատապաշտպան եւ փաստաբան, ինձ համար հիմք չեն ծառայում, ինձ համար հիմք են ծառայում Հայաստանում արդարադատություն իրականացնող համակարգը, դատարանի որոշումը»-, ասաց Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Հովհաննիսյանը, որը Արցախյան ազատամարտի մասնակից է, պահեստազորի գնդապետ, դեռեւս 2005 թվականի մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարություն էր արել. «Վազգենն ուզում էր երկիր կերտել ազնիվ շինարարի, մանկավարժի, հայրենիքի շինականի, այլ ոչ թե փափկասուն արմենչիկների եւ տկարամիտ օլիգարխների համար»: Եվ այդ պատճառով ազատվել էր աշխատանքից Ռոբերտ Քոչարյանի հրամանով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Սրա ասածներին/օգտագործած բառերին նայեք. «շոու-ծրագիր են սարքել», «ոգելից խմիչքի ազդեցության տակ եղած “միջադեպ”», «Լիսկայի “տան վրա են գնացել”»: Լիսկայի նորանշանակ խորհրդականի բերանից ինչի ուրիշ բառեր պիտի՞ սպասենք:
Ո՞ր ԻՐԵՆ ՀԱՐԳՈՂ ազատամարտիկը Լիսկայի խորհրդական կդառնա: Այդ ի՞նչ «խորհուրդներ» պիտի տաս նախկինում 3 անգամ պաշտոնապե՛ս դատված Լիսկային:
ՀԳ. Ավետիք Բուդաղյանին կրակեց-սպանեց ԹԻԿՈՒՆՔԻՑ՝ երբ Ավետիքը ՀԵՌԱՆՈՒՄ էր: ԿԵՍ ԺԱՄ շտապ.օգնություն (և ոստիկանություն) չեկա՛վ. մարդը, այդ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԲԱՆԴԱՅԻ աչքի առաջ, արյունաքամվելով մահացավ:
Վոլոդյա,մի քիչ ամոթ,աբուռը քեզ չէր խանգարի,դրա միջոցով կերածդ հացը հանգիստ մարսում ես,էս աստիճանի չի կարելի էլի
Բրավո, պարոն Հովհաննիսյան, իրոք, որ այլասեռված է դառել մեր լրատվամիջոցները: Տան վրա հարձակված հարբած լակոտները, որոնք հարձակվում են մարզպետի տան վրա, դա աններելի է: