Լրահոս
Օրվա լրահոսը

«Անօրինական միգրացիայի հիմնական պատճառը սահմանված խիստ օրենքներն են»

Հոկտեմբեր 14,2014 15:00

«Լեհաստանում օտարերկրացիները աշխատելու համար պետք է աշխատանքի թույլտվություն ունենան: Սակայն բացառություններ կան, որոնցից մեկը Լեհաստանում պարզեցված կերպով՝ առանց աշխատանքի թույլտվության աշխատելու հնարավորությունն է: Ահա այդպիսի հնարավորություն է տրվել այս տարվանից նաեւ Հայաստանի քաղաքացիներին»,- այս մասին այսօր Aravot.am- հետ զրույցում տեղեկացրեց Լեհաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի քաղաքականության նախարարության աշխատաշուկայի վարչության ներկայացուցիչ Ալեքսանդրա Լենգան, որը մասնակցում էր «Միգրացիայի կողմնացույց» հանրային իրազեկության արշավի շրջանակներում կազմակերպած «Օրինական միգրացիա դեպի Լեհաստան եւ Ֆրանսիա. հնարավորություն եւ կարգավորումներ» խորագրով սեմինարին:

Մեր զրուցակիցը ներկայացրեց, որ Հայաստանի քաղաքացիները պարզեցված կերպով Լեհաստանում աշխատելու համար հնարավորություն ունեն աշխատել 6 ամիս ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում. «Աշխատելու իրավունք կա ցանկացած ոլորտում, սակայն անհրաժեշտ է հայտարարագրում նշել ոլորտը: Իսկ աշխատելու համար պետք է կնքել պայմանագիր գործատուի հետ»:

Նրա ներկայացմամբ՝ միայն Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ այս տարվանից էլ Հայաստանի քաղաքացիները իրավունք ունեն նման պարզեցված կերպով աշխատել Լեհաստանում: Անցյալ տարի 438 Հայաստանի քաղաքացու աշխատանքի թույլտվություն է տրվել Լեհաստանում, իսկ 2014 առաջին կիսամյակում՝ միայն 265-ն են աշխատում կնքված պայմանագրերով:

Նման կերպ, մեր զրուցակցի խոսքով, խրախուսվում է օրինական միգրացիան: Մեր հարցին, թե որքա՞ն անօրինական հայ ներգաղթյալ կա Լեհաստանում, նա տվյալներ չներկայացրեց, սակայն չժխտեց նաեւ, որ հայերը անօրինական միգրանտների մեծ մասն են կազմում. «Իսկ ամենաշատ անօրինական միգրանտները Լեհաստանում ուկրաինացիներն են»:

Մեր դիտարկմանը, թե ամեն դեպքում անօրինական կերպով ներգաղթյալներն ավելի շատ են Եվրոպայում, քան օրինական կերպով մեկնածները եւ ո՞րն է դրա պատճառը, Ալեքսանդրա Լենգան պատասխանեց, որ առաջին պատճառներից մեկը հենց խիստ օրենքներն են. «Գուցե նրանց մեծ մասը օրինական կերպով մեկնելու ձեւերին տեղյակ չեն, եւ հենց դա է պատճառը: Իսկ մյուս պատճառն էլ, թե ինչու են անօրինական ներգաղթյալներն ավելի շատ, այն է, որ նրանք ավելի շատ են մնում երկրում, քան իրենց վիզան թույլ է տալիս: Ամեն դեպքում, անօրինական միգրանտների թիվն անհայտ է, քանի որ նրանք գրանցված չեն»:

Մեր մյուս հարցին էլ, որ Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, ինչպե՞ս կարող են փոխվել միգրացիոն հոսքերը այս պարագայում դեպի Եվրամիության երկրներ, Ալեքսանդրա Լենգան պատասխանեց, որ այս կերպ հայերը ավելի շատ եւ արագ տեմպով կշարունակեն արտագաղթել դեպի Ռուսաստան, սակայն հոսքը դեպի Եվրամիության երկրներ չի դադարի:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “… չժխտեց նաեւ, որ հայերը անօրինական միգրանտների մեծ մասն են կազմում. «Իսկ ամենաշատ անօրինական միգրանտները Լեհաստանում ուկրաինացիներն են»”: Դուք ձեր գրածից բան հասկացաք: փաստորեն հայերը մեծ մասն են կազմում, բայց ուկրաինացիք ամենաշատն են: ապրեք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031