2012թ. ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Միթ Ռոմնին Այովա նահանգից սենատորի թեկնածու Ջոնի Էռնստի քարոզարշավի ժամանակ ընտրողներին զվարճացրել է՝ Բարաք Օբամայի մասին անեկդոտ պատմելով, գրում է «Հիլ»-ը:
«Օբաման գումար կանխիկացնելու համար բանկ է մտնում, սակայն ինքնությունը հաստատող փաստաթուղթը մոռացած է լինում: Բանկի աշխատողը խնդրում է նախագահին, որ որևէ կերպ ապացուցի, որ ինքը Բարաք Օբաման է: Օբաման հարցնում է. «Ինչպե՞ս կարող եմ դա անել»: Աշխատակիցն ասում է. «Օրերս մեզ մոտ էր եկել Ֆիլ Միքելսոն (ամերիկացի գոլֆ խաղացող), նրա մոտ նույնպես չկար ինքնությունը հաստատող փաստաթուղթ, բայց նա վերցրեց գոլֆի ձողը ու գնդակը գլորեց անցքի մեջ: Ու մենք միանգամից հասկացանք, որ նա Ֆիլ Միքելսոնն է: Նման բան եղավ նաև Անդրե Աղասիի հետ: Որպես ապացույց նա վերցրեց թենիսի ռակետը, հարվածեց գնդակին ու կպավ ուղիղ նշանակետին: Իսկ ի՞նչ կարող եք դուք անել, որ ցույց տաք ձեր ինքնությունը»: Օբաման պատասխանում է «Գաղափար չունեմ, ինչ կարելի է անել»:
Ու աշխատակիցն ասում է. «Պարոն նախագահ, դուք ձեր գումարը մե՞ծ, թե՞ փոքր դրամներով եք ուզում»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ