Ծաղկաձորում ավարտվեց հոկտեմբերի 13-14-ը անցկացված «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովը: Համաժողովի ավարտին փակման խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին միջոցառմանն ակտիվ մասնակցությունը ցուցաբերելու, յուրաքանչյուրն իր հերթին այն յուրովի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար: «Համաժողովի ընթացքում քննարկված հարցերը և ձեր կողմից արված շեշտադրումները կրկին բոլորիս ստիպեցին մեր ուշադրությունը հրավիրելու և կենտրոնանալու կատարողական վարույթի այնպիսի զգայուն ասպեկտների և առանձնահատկությունների վրա, ինչպիսիք են, օրինակ, հարկադիր կատարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների նորամուծությունների պատշաճ կիրառումը, հարկադրանքի միջոցների արդյունավետության և մարդու իրավունքների պաշտպանության ողջամիտ հարաբերակցությունը, պարտապանի, պահանջատիրոջ և երրորդ անձանց իրավունքների և շահերի ճիշտ հավասարակշռությունը»,- ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
Միհրան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ մասնակիցների շնորհիվ համաժողովը օգտակար է եղել բացահայտելու և առավել լավ հասկանալու նշված, ինչպես նաև բոլորի համար համընդհանուր դարձած այլ հիմնախնդիրներ, ավելի խորն ըմբռնելու այդ հիմնախնդիրների էությունը և գտնելու դրանց լուծման հնարավոր ուղիներ, ինչն իր հերթին, անշուշտ, իր նպաստն է բերելու կատարողական վարույթի զարգացման և կատարելագործման գործին ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով: «Հուսով եմ, որ Հայաստանում անցկացրած երկու օրերը ձեզ համար, իրոք, տպավորիչ էին, հաճելի և արդյունավետ: Ակնկալում եմ ձեզ կրկին տեսնել հետագայում ևս կազմակերպվող նմանատիպ միջոցառումներին Հայաստանում: Բոլոր նրանց, ովքեր ճամփորդելու են այսօր, մաղթում եմ բարի և անվտանգ ճանապարհ, իսկ մնացողներին՝ հաճելի ժամանակ»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Նա նաև հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում ծավալված քննարկումների արդյունքում հնարավոր կլինի հանդես գալ նոր նախաձեռնություններով և առաջարկներով, որոնք կնպաստեն ծառայության արդյունավետության բարձրացմանը: Ըստ նրա՝ համաժողովն արդյունավետ էր և հաջողված:
«Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովը մեկնարկել էր հոկտեմբերի 13-ին: Համաժողովին մասնակցել են 18 երկրների պատվիրակություններ, որոնցից 15-ը ներկայացված են եղել առաջին դեմքերով: Համաժողովի մասնակիցներին իր ուղերձն էր հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով այնուհետև լրագրողների հետ զրույցում կարևորել է նման համաժողովների անցկացումը, որոնք կնպաստեն Հարկադիր կատարման ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Կարդացեք նաև
Համաժողովի մասնակիցները հոկտեմբերի 13-ին Ծիծեռնակաբերդում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որից հետո «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանում ծանոթացել են հայկական ձեռագործության արվեստին, մասնակցել համաժողովը խորհրդանշող գորգի պատրաստման վերջին աշխատանքներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ