Լրահոս
Օրվա լրահոսը

Հայի բախտ. Միստիկա. Հայաստանի ծնունդն ու վերածնունդը

Հոկտեմբեր 14,2014 14:44

Սա (Արամ նահապետը – Ա.Պ.) աշխատասեր և հայրենասեր մարդ լինելով […], լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել թե ինչպես օտարացեղ ազգերը ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները և օտարները տիրում են իր հայրենակից հարազատների վրա:

Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

Ըստ ազգածին ավանդության, հայոց նախահայր Հայկի որդի Արամանյակը Վանա լճի շրջանում գտնվող իր հայրական երկրամասից՝ Հարքից, անցնում է հյուսիս՝ Այրարատ և բնակվում Արարատյան դաշտում, Արագած լեռան ստորոտին: Նրա որդի Արամայիսն այդտեղ կառուցում է Հայաստանի առաջին մայրաքաղաքը և կոչում այն իր անունով՝ Արմավիր: Հայկի երկիրը՝ Հարքը, այս համատեքստում կարելի է անվանել «նախնական Հայաստան», իսկ Արարատյան դաշտը որպես կենտրոն ունեցող Հայաստանը՝ իրական, պատմական Հայաստանն է: Հետագայում էլ Հայաստանի բազում մայրաքաղաքների ճնշող մեծամասնությունը գտնվել են Արարատյան դաշտում, Այրարատ նահանգում:
Արամանյակից և Արամայիսից մի քանի սերունդ անց, նրանց ժառանգը՝ Արամ նահապետը, որին Մանուկ Աբեղյանը «երկրորդ Հայկ» է անվանում, ընդարձակում է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից և ստեղծում մի նոր Հայաստան: Այսինքն, վերակերտում է Հայաստանը նոր, ավելի հզոր էությամբ: Արամի աթոռանիստը մնում էր Արմավիրը, իսկ նրա անունը հիմքն է ազգածին ավանդության մյուս նման անունների՝ Արամանյակ, Արամայիս, գուցե նաև Հարմա: Ըստ խորենացու, այլ ազգերը սկսում են հայերին կոչել արմեն և նման ձևերով Արամի անունից, իսկ Սեբեոսը շեշտում է Արամանյակ նահապետի ազգածին դերը: Կարելի է ասել, որ Արամ- տարրով կոչվող երեք նահապետները՝ Արամանյակը, Արամայիսը և Արամը, երեքն էլ միասին, հայոց՝ օտարների կողմից տրվող արմեն ցեղանվան էպոնիմներ՝ անվանադիր նախնիներն են:

Արամի հաղթանակների մասին եղել են բազում զրույցներ: Ի միջի այլոց, նա հաղթում է Բարշամ անունով ասորեստանցի մի առաջնորդի և սպանում նրան Ասորեստանի կողմերում: Այս Բարշամին, իբր, տեղացիները աստվածացրել և պաշտել են: Այստեղ, իրականում, խոսքը վերաբերում է ասորական Բաալշամին «Երկնքի տեր» աստծուն: Նա ազգածին ավանդության մեջ հանդես է գալիս իր անվան աղավաղված ու կրճատ՝ Արամի հետ հանգավորված ձևով, բայց հիշողությունը նրա աստվածային ծագման մասին պահպանվել էր հայոց մեջ:

Սա ըստ ավանդության: Իսկ ի՞նչ է ասում պատմությունը:

Մ.թ.ա. 780-ական թվականներից Ուրարտուի Արգիշտի I հզոր արքան, Մենուա արքայի որդին, գրավում և յուրացնում է Արարատյան դաշտը և հարակից տարածքները: Մ.թ.ա. 782 թվականին նա այդտեղ կառուցում է Էրեբունի քաղաք-ամրոցը, հետագա Երևանը: Մի քանի տարի անց, մ.թ.ա. 776-ին, նա, մոտ 40 կմ արևմուտք, կառուցում է մեկ այլ մեծ քաղաք-ամրոց և կոչում այն իր անունով՝ Արգիշտիխինիլի՝ «Արգիշտիականք»: Արգիշտիխինիլիի արևելյան հատվածն է, որ հայ ավանդության մեջ կոչվում է Արմավիր:
Այսպիսով, Հայաստանի և՛ առաջին, և՛ վերջին մայրաքաղաքները կառուցվել են ուրարտական նույն արքայի՝ Արգիշտիի I-ի կողմից: Ընդ որում, զարմանալիորեն, առաջին մայրաքաղաքը վեց տարի ավելի ուշ, քան վերջինը: Մինչդեռ նրանց միջև ավելի քան մեկ տասնյակ այլ մայրաքաղաք (Բագարան, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Դվին, Վաղարշապատ, Անի և այլն), երկուս ու կես հազարամյակ և բազում պատմական դարաշրջաններ են ընկած (ուրարտական, Աքեմենյան, Արտաշիսյան, Արշակունյան, արաբական, Բագրատունյան, սելջուկյան, մոնղոլական): Ինչ խոսք, աշխարհի պատմության մեջ եզակի երևույթ է: Բնիկ հայկական թարսություն՝ հայի բախտ:
Արգիշտի I-ը ժամանակի ամենահզոր տիրակալներից էր, գուցե ամենահզորը: Նա ժառանգել էր իր գահը դժվարին ժամանակներում: Գահակալության առաջին իսկ տարիներից նա ստիպված էր պայքարել հզորագույն հարևանի՝ Ասորեստանի դեմ: Բայց այդ պայքարում, նա, ի վերջո, հաղթական դուրս եկավ: Ահա թե ինչ է գրում նրա մասին ասորեստանյան զորահրամանատար Շամշի-իլուն.
Երբ ուրարտացի Արգիշտին, որի անունը սարսափելի է, ինչպես ծանր փոթորիկը, որի ուժերն ընդարձակ են […] սկսեց պատերազմի պատրաստվել, նրա ողջ բանակը սարերի մեջ շարժվում էր մեզ մոտենալու…

Հաջորդ տողերում Շամշի-իլուն պատմում է Արգիշտիի դեմ իր հաղթանակի մասին: Բայց եթե նա նույնիսկ չի խաբում և այդ անգամ հաղթել է Արգիշտիին, միևնույն է, ինչպես ասվեց, ի վերջո Արգիշտին է, որ հաղթանակով է դուրս եկել այդ պատերազմից: Հաղթել դարաշրջանի գերտերություն Ասորեստանին՝ դա բացարձակ հաղթանակ է, ուժեղների մեջ ամենաուժեղը լինելու ցուցիչ: Եվ ինչպե՜ս սարսափազդու են նրան բնորոշել իրենք ամենուրեք սարսափ տարածող ասորեստանցիները: Այդպիսի բան մեր երկրի պատմության մեջ այլևս չի կրկնվել:

Փորձենք համադրել ազգածին ավանդությունն ու պատմական տեղեկությունները: Արմավիրը կառուցող և իր անունով կոչող լեգենդար Արամայիսը համապատասխանում է Արգիշտիխինիլին կառուցող և իր անունով կոչող պատմական Արգիշտիին: Թե ինչպես է լեգենդար կերպարը միահյուսվել իրական արքայի կերպարին, այլ հարց է: Բայց, ամեն դեպքում, Արամայիս-Արգիշտի համապատասխանությունն ակնհայտ է: Արգիշտին է հարավից նվաճում Արարատյան դաշտը, և դրանով նա համապատասխանում է Արամանյակին՝ դաշտն առաջինը հարավից բնակեցնողին: Արգիշտին համապատասխանում է նաև Արամին՝ նա է հաղթում ասորեստանցիներին և իր երկիրը հասցնում նոր, ավելի հզոր աստիճանի: Ի միջի այլոց, Շամշի-իլու անունը, ինչպես և առասպելական Բարշամը, կապված է աստծու անվան հետ (արևի աստված Շամաշի անունից): Այսինքն, կարելի է ասել, որ պատմական Արգիշտի I-ն իր գործերով միավորում է Արամանյակի, Արամայիսի և Արամի կերպարները: Այլ կերպ ասած, նա հանդես է գալիս որպես Արամ- տարրով կոչվող հայ առասպելական նահապետների գործերը միավորող պատմական կերպար:

Ուրարտական արքաները սիրում էին իրենց կոչել անուն-հայրանունով, համարյա ռուսական ձևով, և Արգիշտին հայտնի է որպես Արգիշտի Մենուախինի՝ «Արգիշտի Մենուաորդի» (Էրեբունի-Երևան առաջին տոնակատարությունից հետո ոմանք նրան մտերմիկ ռուսական ձևով սկսեցին կոչել Արգիշտի Մինայիչ): Մենուա կամ Մինուա անունը, ըստ հեղինակավոր մի ստուգաբանության, հայերեն մանուկ բառի հնագույն անվանաբանական կիրառությունն է (Գևորգ Ջահուկյան): Ամեն դեպքում, անունների նմանությունն ակնհայտ է: Ըստ այդմ, մի քիչ մոդեռնացնելով անցյալը, Արգիշտին, ըստ լեգենդի՝ Արամայիսը, կարելի է ասել, որ եղել է Մանուկի որդին: Հին հայերեն նա կկոչվեր Մանուկյան (-յան ածանցը սկզբնապես հայրանվանական ցուցիչ էր, որը հետո է միայն ազգանվանական կիրառություն ձեռք բերել):
***
Անցավ մոտ երկու հազար յոթ հարյուր տարի: 1918 թվական: Ռուսական զորքի հեռանալուց հետո թուրքերը հասել են Արարատյան դաշտ, հայոց առաջին մայրաքաղաք Արմավիրին՝ Սարդարապատ (կողքի գյուղերից մեկի անվանումն է): Կյանքի և մահվան միջև մեկ քայլ է: Հաղթանակ Սարդարապատի ճակատամարտում կամ կործանում՝ այլ ելք չկա: Եվ ահա, մեր առջև հառնում է հայկական դեռևս գոյություն չունեցող պետականության առաջնորդ, ընտրված դիկտատոր Արամ Մանուկյանի կերպարը:

Սարդարապատի հաղթանակը տեղի ունեցավ Արամ Մանուկյանի կամքի շնորհիվ: Նա էր, որ մոբիլիզացրեց ժողովրդի ուժերը: Այլ ճանապարհ չկա՝ հաղթանակ կամ կործանում: Եվ հաղթեցինք: Ստեղծվեց նոր Հայաստանը:

Այն, ինչ ստեղծվել էր Հայկի և նրա առաջին սերունդների՝ Արամանյակի, Արամայիսի ու Արամի կողմից, ենթակա էր կործանման: Եվ փրկությունը տեղի ունեցավ նույն կետում, որտեղ ստեղծվել էր հայոց առաջին մայրաքաղաքը: Փրկությունը մահից հենց նոր ծնունդ է իրականում: Սա երկրի վերածնունդն էր, կարելի է ասել: Եվ փրկչի անունը նույնական էր հազարամյակներ առաջ իր հաղթանակներով նոր Հայաստան կերտողի անվանը՝ Արամ: Այդ անունը, ինչպես ասվեց, համապատասխանում է նաև Արամանյակին և Արամայիսին: Իսկ սրանք, պատմական համատեքստում, Արգիշտիին: Արամ Մանուկյան և Արամ/Արամանյակ/Արամայիս նահապետներ, իսկ պատմական կտրվածքով՝ Արգիշտի Մենուախնիի կամ, մեր լեզվով, Մանուկյան:

Պատահականությո՞ւն էր դա:

Արամ Մանուկյանի իսկական անունն է Սարգիս (Սերգեյ) Հովհաննիսյան: Արամ Մանուկյանը կեղծանուն է: Ճակատագիրը, որը որոշել էր, որ նա պիտի փրկի ու վերակերտի Հայաստանը, դարձրեց Սարգիս Հովհաննիսյանին Արամ Մանուկյան, այնպես, որ նրա անունը առավել համապատասխան լինի իր դերին: Կրկնի նոր Հայաստան կերտած առասպելական Արամի, և այդպիսով, նաև մյուս ազգածին նահապետների անունները, ապա՝ նույնիսկ պատմական Արգիշտիին: Ընդ որում, մինչև Հայաստանի դիկտատոր դառնալը Արամ Մանուկյանը եղել է Վանի հայոց առաջնորդը, ղեկավարել Վանի հերոսամարտը 1915-ին: Դրանով նա նորից կարծես կրկնում է Արգիշտի I-ի՝ Վանի արքայի կերպարը:

Պետք է ավելացնել, որ Արամ Մանուկյանի ժամանակ Ուրարտուի վերաբերյալ տեղեկություններ համարյա չկային: Անունների և կերպարների այս համապատասխանությունը չէր կարող ստեղծված լինել ըստ հայտնի պատմության: Այս մոտեցումը՝ հերոսի անվան կրկնությունը որպես առաջին անկախ հանրապետության սրբազան անցյալի վերահաստատման առհավատչյա, գործեց յոթանասուն երկու տարի անց, 1990-ին, երբ Հայաստանի անկախության հռչակագիրը կարդաց մեկ այլ Արամ Մանուկյան:

Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    գրեցի կոմենտս, ջնջեցի: հետո ելի գրեցի, ու էլի ջնջեցի: ոնց գրում եմ, կամ ծաղր ա ստացվում, կամ համարյա վիրվորականին մոտ մի բան, որ երևի չարժի էլ ուղարկեմ: բայց այ հեղինակ, ախր էնքան էժանագին ստուգաբաբություն ես անցկացնում, հայկական անունների, ու խայտառակ ձևով երևակայություն օգտագործում, որ նախորդ երկու հոդվածներիցդ տպավորությունը լրիվ փչացրեցիր: լրիվ անկապ համեմատություն: Ասենք խբագրի անունն ես գովում, հասկացանք: բայց հայ բախտը հանգիստ թող: որ մեր բախտ բացողը դու ըլնես, մեր վիճակն էլ ես կլնի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031