Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած Մելիք Գասպարյանի կինն Ամիրյանի բնակիչներին ասում է՝ զանգեք Հովիկ Աբրահամյանին

Հոկտեմբեր 14,2014 13:46

Ամիրյան 4 հասցեի բնակիչներն արդեն տասը տարի է՝ անհույս սպասում են իրենց բնակարաններին: 88 ընտանիքի տները նույն հասցեում իրացվելուց հետո, մարդիկ մնացել են անտուն: Նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի մահից հետո, կառուցապատման իրավահաջորդը դարձել է նրա կինը՝ Անահիտ Մնացականյանը, որը, սակայն, բնակիչների պահանջին պատասխանում է՝ ես գործ չունեմ, դիմեք Հովիկ Աբրահամյանին: Շենքն այժմ կիսակառույց է, ջուր, գազ, հոսանք ու վերելակ չունի: Չնայած այս ամենին՝ Երեւանի քաղաքապետարանը 2012-ին փաստաթուղթ է տվել, թե շենքը հանձնված է շահագործման:

«Մեր շենքի կողքի հյուրանոցը Հովիկ Աբրահամյանի տարածն է կամ նրա որդունը, մի խոսքով՝ նրա ընտանիքինն է: Նշանակում է՝ մեր շենքն էլ է նրանը, եթե Մելիք Գասպարյանի կինն ասում է դիմեք նրան: Ամեն տարի ասում են դեկտեմբերի 31-ին հանձնելու են, արդեն տասն այդպիսի տարիներ են անցել: Ամեն բողոք ներկայացնելուց հետո, իբր ձեւական աշխատում են, բայց դա տարվա մեջ մի ամիս է տեւում»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում ասաց տուժած բնակիչներից մեկը՝ Վաչագան Թադեւոսյանը:

Նրա խոսքերով, 2007-ին շենքն արդեն պետք է պատրաստ լիներ,
սակայն կառուցապատողի մահից հետո շինարարությունը անորոշ ժամանակով հետաձգվեց, քանի որ, Վաչագան Թադեւոսյանի խոսքերով, ֆինանսների նախարարության լիազոր ներկայացուցիչը «խաբեությամբ» 2009-ին մեկ այլ պայմանագիր է կնքել շենքի բնակիչների հետ, որտեղ շենքի կառուցապատման ժամկետի վերաբերյալ ոչ մի տող նշված չէ. «Ֆինանսների նախարարության պաշտոնյան՝ Հայկ Դավթյանը, խաբեությամբ մեզ համոզեց, որ պայմանագիր կնքենք, ով խանութի տարածք ուներ, փոխեց բնակելիի, չնայած, որ այդ ամենի հետեւանքով կրկին վնասներ պետք է կրեինք, բայց համաձայնեցինք, որպեսզի դա էլ չկորցնենք, ասաց ամենաուշը երեք ամսից ձեր շենքը պատրաստ կլինի, բայց դրանից հետո տեսեք քանի՞ երեք ամիսներ ու տարիներ են անցել»:
Բնակչի խոսքերով, կառույցն ավարտին հասցնելու պահանջով դիմել են դատարան, բայց դատարանը նրանց պահանջը չի բավարարել. «Փաստաբանն էլ հրաժարվեց մեր գործից, ասաց անիմաստ պետք է գումարներ ծախսենք, միեւնույն է՝ բոլոր դատարաններում գիտեն, որ մեր գործով չպետք է զբաղվեն: Սա ինչի՞ մասին է խոսում, որ շենքի տերերը, իսկապես, նրանք են»:

Վաչագան Թադեւոսյանի խոսքերով, վերջին անգամ, երբ նամակ են հանձնել ՀՀ նախագահին, նախագահականը պատասխանել է, թե ֆիննախի հետ հաշտության պայմանագիր եք կնքել. «Բայց չեն ասում, որ ֆինանսների նախարարությունը խաբեությամբ է մեզ հետ այդ պայմանագիրը կնքել, հիմա մեզ ասում են՝ ձեր պայմանագիրն անժամկետ է, սպասեք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031