Արեւելագետ Խաժակ Թումոյանը եռյակի գործունեությունը իշխանությունների հերթական քաղաքական խաղն է համարում:
«Սերժ Սարգսյանի շախմատային դեբյուտը: Եթե նախկինում իրենց հաջողվել է հաղթել, այս անգամ նրանց մոտ դա չի ստացվի: Այստեղ կա խաբկանք. եթե հիշում եք՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակ համացանցը ողողվեց կադրերով, իբր մարտիմեկյան դեպքերի ժամանակ մասնակցություն են ունեցել մի քանի այժմյան պաշտոնյաներ՝ Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, նույնն էլ այսօր են ուզում անել, ժողովրդին տանել հանրահավաքի ու զենք հանել անմեղ մարդկանց դեմ»,- այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց արեւելագետը:
Նրա համոզմամբ, ոչ քառյակին, ոչ եռյակին հավատալ պետք չէ. «Պետք է հավատալ այն ուժերին, որոնք ապականված չեն: Տարբեր հարթակում գտնվող քաղաքական ուժերն այսօր նույն բարիկադում են հայտնվել և ուզում են իշխանափոխություն իրականացնել: Քառյակը այսօր ուղղակի շփոթության մեջ է գցում ժողովրդին: Այսօր ԲՀԿ-ն հասարակության շրջանում ունի մեծ վարկանիշ, և իշխանություններն ու մյուս ընդդիմադիր ուժերը փորձում են այս ուղիով վարկաբեկել այս քաղաքական ուժին, ինչպես որ ժամանակին արեցին Արթուր Բաղդասարյանի հետ: Եթե ԲՀԿ-ն խելամիտ լինի, դուրս կգա քառյակից և ինքնուրույն կնախաձեռնի այսպիսի շարժում: Ժողովուրդն իր միջից պետք է հանի իր լիդերին, ինքը պետք է ընտրի լիդեր, բայց այսօր հասարակությունն այնքան է հիասթափված իշխանությունից, որ բոլորի հետևից գնում է: Այս իշխանությունների հետ առճակատման չի կարելի գնալ, քանի որ իշխանությունն էլի կարող է կրկնել մարտիմեկյան դեպքերը»:
Պարոն Թումոյանը պատահական չի համարում նաեւ Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցության օրը հանրահավաք կազմակերպելը: Ըստ նրա՝ այդկերպ կարողացան ժողովրդի ուշադրությունը շեղել պայմանագրի ստորագրումից. «Մեր իշխանությունները գործակատարներ են արտաքին ուժերի համար և լեգիտիմ են միայն նրանց համար: Հայաստանում իշխանության լեգիտիմություն չկա: Եթե Նժդեհը կենդանի լիներ, առաջինը իշխանության գլխից ինքը կխփեր: Այսօր եթե ստորությունն անում են և ասում են, որ Հայաստանի համար է, ապա դա ամենամեծ մեղքն է»:
Կարդացեք նաև
Վերջում էլ եզրափակեց. «Քառյակը, եռյակը իշխանափոխություն երբեւէ չի կարողանա անել: Հանրահավաքով իշխանափոխության չեն հասնի, քանի որ այսօր ժողովրդի համար էական էլ չէ, թե ո՞վ կլինի հաջորդ նախագահը, որովհետեւ հիմա միայն ուզում են, որ Սերժ Սարգսյանը գնա, թե ով կգա՝ նշանակություն չունի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ