Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի հռչակած հերթական շարժումը համաժողովրդական չէ. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 14,2014 13:08

Մարզային հանրահավաքներում հայտարարվում էր, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը շրջադարձային է լինելու կամ նման մի բան: Բայց բոլորը տեսան ու համոզվեցին, որ ոչ մի շրջադարձային բան էլ չկար: Նախկինների համեմատությամբ նույնիսկ ավելին, քան սովորական բազմամարդ հանրահավաք էր, հռետորների՝ չափավորից բոցաշունչ ելույթներով:

Եվս մեկ կարեւոր նրբերանգ: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Ընդդիմադիր խորհրդարանական ուժերի համագործակցությունն ինքնըստինքյան վերածվում է համաժողովրդական շարժման»: Տեր-Պետրոսյանը դեռ Հայոց համազգային շարժման սկզբնավորումից, այսպես ասենք՝ թուլություն ունի «համա»-ի ու շարժման նկատմամբ: Մի քանի տարի առաջ էլ նա խոսում էր համաժողովրդական շարժման մասին: Հիմա էլի նույնը: Եվ սա այն դեպքում, երբ հենց իրեն էլ ակնհայտ է. եթե նույնիսկ սա շարժում է, ապա հաստատ համաժողովրդական չէ:
Եվ այս դեպքում հարցն անգամ հանրահավաքի մասնակիցների քանակությունը չէ, մանավանդ որ շատերը հրապարակ էին գնացել միգուցե պարզ հետաքրքրասիրությունից դրդված (տեսնենք, թե այս անգամ ինչ են ասում տարբերակով):

Ամենից առաջ հարցն այն է, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի համագործակցության մեջ ընդգրկված էր նաեւ Դաշնակցությունը: Ու թեպետ հայտարարվել էր, թե ՀՅԴ-ն կոնկրետ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի պահով չի մասնակցում, իսկ քառյակը պահպանվում է, բայց տեսնում ենք, որ ՀՅԴ-ին այլեւս լիովին դուրս են դնում համագործակցության ձեւաչափից: Հետաքրքիր է, օրինակ, Դաշնակցության ներկայացուցիչների հետ քննարկվե՞լ է հընթացս «շարժման» վերածվելու մտահղացումը: Կարելի է չկասկածել, որ՝ ոչ:

Մինչդեռ ՀԱԿ առաջնորդը հրապարակավ հայտարարում է, թե խորհրդարանական ընդդիմադիր ուժերի համագործակցությունը վերածվում է շարժման, առանց հստակեցնելու, թե կոնկրետ ո՛ր ուժերի: Նկատենք, որ ե՛ւ Դաշնակցությունը, ե՛ւ ՕԵԿ-ը նույնպես խորհրդարանական ընդդիմադիր ուժեր են, որոնք, սակայն, փաստորեն շարժման մեջ չեն, ավելին՝ հանրահավաքում հատուկ շեշտվեց ՕԵԿ-ի հետ կապ չունենալը:
Ոչ պակաս էական պետք է դիտել այն, որ մի ամբողջ շարք ոչ խորհրդարանական ուժեր, այդ թվում՝ գործիչներ, որոնք նույն Տեր-Պետրոսյանի զինակիցն էին ու մեծապես նպաստել էին նրա քաղաքական «հարությանը» 2007-2008 թվականներին, ոչ թե պարզապես չեն միացել եռյակին, այլեւ բավական կոշտ քննադատական դիրքորոշում են դրսեւորում: Իսկ այդ ուժերն ու գործիչներն էլ իրենց համախոհների ու համակիրների որոշակի քանակություն ունեն:

Պարզ ասած, ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի հռչակած հերթական շարժումը համաժողովրդական չէ, ինչպես նա ներկայացնում կամ բնորոշում է: Նա ինքն էլ, իհարկե, դա գիտե, բայց ասում է, որովհետեւ, նախ, «համաժողովրդականը» հնչում է, եւ հետո՝ կեղծ տպավորություն է ստեղծում, թե «ժողովուրդն» իրենց հետ է, իսկ ով իրենց հետ չէ, հասկանալի է, «ժողովուրդ» չէ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031