«ԵՏՄ անդամակցությունը լայն դռներ կբացի Հայաստանի առջեւ տնտեսական եւ անվտանգության առումով: Ապրանքների ազատ տեղաշարժ կլինի: ԵՄ շատ երկրներ, օգտվելով Հայաստանին ընձեռնված առավելությունից, իրենց ապրանքների շարժը կարող են ապահովել Հայաստանի միջով, ինչը շահեկան կլինի Հայաստանի համար»,- այսօր «Հենարան» ակումբում ԵՏՄ անդամակցությանն այսպիսի գնահատական տվեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Հարցին՝ Նազարբաեւն ասաց, որ փոխզիջումներ են եղել, ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը՝ նա պատասխանեց. «Դեռեւս բանակցությունների ընթացքում, երբ Աստանայում Նազարբաեւը հնչեցրեց այն հարցը, թե Հայաստանն ինչ սահմաններով է անդամակցելու ԵՏՄ-ին եւ արդյոք Ղարաբաղը Հայաստանի մաս կազմո՞ւմ է, թե՞ ոչ՝ նման բանավոր խոսքերը որեւէ բանակցությունների ընթացքում վերջնական փաստաթղթում չեն արձանագրվել ընդհանրապես: Սա պետք է նկատի ունենանք եւ շարժվենք դրանից ելնելով: Նազարբաեւի բանավոր հայտարարություններն ընդունվել են որպես բանավոր ի գիտություն: Որ Նազարբաեւը ընդամենը իր նախկին հայտարարությունը հիմք ընդունելով՝ չէր կարող հայտարարություն չանել, որ ինչ-որ փոխզիջումներ են եղել: ԼՂՀ-ն անկախ, ազատ, ինքնիշխան պետություն է, որն ընդամենը միջազգային հանրության կողմից դեռեւս չի ճանաչվել: Կարծում եմ, առաջիկայում այդ հարցը եւս կլուծվի: Հայաստանը եւ Ղարաբաղը երբեւէ որպես միասնական պետություն չեն եղել: Ղարաբաղն անկախ, ինքնիշխան հանրապետություն է՝ իր Սահմանադրությամբ, պետական սիմվոլներով եւ իր սահմաններով: ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս չի կազմում եւ չի կարող կազմել: ԼՂՀ-ն եւ Հայաստանը մեկ տնտեսական միավոր են եւ չեն կարող առանձին լինել: Այս առումով ընդամենը Նազարբաեւի բանավոր հայտարարությունը ընդունենք որպես բանավոր հայտարարություն: Դա որեւէ փաստաթղթում որեւէ արձանագրված կետ իրենից չի ներկայացնում»:
Խոսելով Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ դնելու մասին՝ ՀՀԿ պատգամավորը վստահեցրեց, որ դա չի լինելու. «Բանավոր համաձայնություններով մաքսակետեր չեն դրվում երբեւէ եւ չեն դրվելու: Իրոք, ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցները լուրջ ազդեցություն են ունեցել ՌԴ-ի տնտեսության վրա: Սակայն այդ պատժամիջոցները ոչ պակաս լուրջ տնտեսական ազդեցություն են ունեցել նաեւ այն երկրների տնտեսությունների վրա, որոնք այդ պատժամիջոցները կիրառել են ՌԴ-ի նկատմամբ: Պատժամիջոցները սովորաբար երկակի ազդեցություն են ունենում կիրառողների եւ կիրառվողների վրա: Այո, իրոք, ՌԴ-ի տնտեսությունն անկում է ապրում, իրոք, այդ անկումը մեր տնտեսության վրա անպայման իր բացասական ազդեցությունը կունենա: Իրոք, տրանսֆերտների քանակությունը մեր երկիր նվազել են: Բայց դրանք ժամանակավոր բնույթ կարող են կրել: Առաջիկայում պատժամիջոցների կիրառումը ՌԴ-ի նկատմամբ պետք է որ նվազի: Համոզված եմ, որ առաջիկայում դրական քայլեր կլինեն այդ առումով»:
Գագիկ Մելիքյանն ասաց, որ անկախ այդ պատժամիջոցներից, համաշխարհային տնտեսությունը լճացում եւ անկում էր ապրում:
Հարցին՝ երբեւէ չի՞ դրվելու մաքսակետ Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, կարո՞ղ եք հստակ հայտարարել՝ պատգամավորը պատասխանեց, որ եթե ԼՂ անկախ, ազատ հանրապետությունը ցանկանա անդամակցել ԵՄ-ին, այդ պարագայում հնարավոր է, որ այդ հարցը բարձրանա: Իսկ եթե ցանկանա անդամակցել ԵՏՄ-ին, այդ դեպքում մաքսակետի անհրաժեշտություն ընդհանրապես չկա:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ