Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Իշխանությունները փամփերսի խնդիր ունեն»

Հոկտեմբեր 14,2014 12:50

«Հանրահավաքը կայացավ՝ որպես մի երևույթ, որին սպասել է ժողովուրդը: Այն աննախադեպ էր, հստակ երևաց, որ եռյակը կատակ չի անում, և հասարակությունը հույսեր է կապում եռյակի հետ»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նա նկատում է, թե վերջին տարիներին նման մարդաշատ հանրահավաք չէր եղել:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, պարոն Հարությունյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանի մի քանի նախադասությամբ ամեն ինչ ասված է, որ ինքը ժողովրդի հետ է և պատրաստ է մինչև վերջ գնալ և հպարտ է, որ ինքն այդ հարթակի վրա է»:

Արամ Հարությունյանի կարծիքով՝ հանրահավաքն ունի իր ուղենիշը ու նշում. «Սա արդեն նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չհասցրեց. եթե 2012-ի աշնանը տարբեր կերպ ճնշելով ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, նաև գաղտնալսումներով ճնշեց, այս անգամ երևաց, որ Գագիկ Ծառուկյանը վճռական է: Իվանիշվիլիի հետ համեմատությունն անգամ այնքան էլ տեղին չէ, քանի որ եթե Իվանիշվիլին կորցնելու բան չուներ, ապա Գագիկ Ծառուկյանը բան ուներ կորցնելու, ինքն այդ քայլով ցույց տվեց, որ պատրաստ է ամեն ինչի: Բոլոր զուգահեռ ուղիղները, որ պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը, հանդիպելու են Բաղրամյան 26-ում: Սա նշանակում է, որ քաղաքական դաշտը համախմբվում է»:

Եռյակին քննադատողներին ի պատասխան Արամ Հարությունյանն ասաց. «Ազատ Արշակյանը, որ ներդրում ունի քաղաքական կյանքում, ցավոք, այսօր նման դերակատարություն է ստանձնել: Էլ չեմ խոսում այն մարդկանց մասին, որոնք Քաղաքացիական պայմանագիր նախաձեռնություն անվան ներքո եռյակին մեղադրում են իշխանության հետ սակարկումների գնալու մասին, մոռանում են, որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց այն քայլին, որ այդ տղաները հայտնվեն ազատության մեջ: Ակնհայտ է, որ դրանք ծղրտոցներ են»:

Արամ Հարությունյանը հայտարարեց, թե իր և իր համախոհները մասնակցելու են հոկտեմբերի 24-ի հանրահավաքին:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատի շատերի կողմից օլիգարխ համարվող Գագիկ Ծառուկյանի՝ նախագահ դառնալու շանսերը, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Բնական է, որ խորհրդարանում երկրորդ մեծամասնություն ունեցող ուժը կարող է ունենալ սեփական թեկնածուն: Գագիկ Ծառուկյանին իշխանություն պետք է չէ, գուցե ինքն այն առաքելությունը պիտի կատարի, որ կատարեց Իվանիշվիլին. եկավ, փոխեց իշխանությունը, բայց հետո դուրս եկավ»:

Մեր մյուս հարցին՝ շարժումն ի՞նչ հեռանկար ունի հատկապես այն պարագայում, որ շատերը, այդ թվում նաև եռյակ ներկայացող ուժերը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում են եռյակի օրակարգի բացակայության մասին, պարոն Հարությունյանն ասաց. «Ուխտ եմ արել, որ Սերժ Սարգսյանից բացի որևէ թթու խոսք չեմ ասելու որևէ մեկի, ուստի Րաֆֆի Հովհաննիսյանի ասածը ուղղակի ասելիք եմ համարում: Համոզված եմ, որ օրակարգը մինչև ամսի 24-ը կորոշի: Օրակարգը կա բոլորի աչքերում, այն մեկն է՝ իշխանափոխություն: Այնպես չէ, որ պիտի գյուտ անեն օրակարգի հետ կապված»:

Արամ Հարությունյանը կանխատեսում է, թե «հնարավոր է Սերժ Սարգսյանը ցայտնոտի մեջ ընկնի ու իրենից բացի որևէ մեկին զոհաբերելու ժամանակ չունենա»:

Այնուհետև նկատեց, թե մեր իշխանությունները «փամփերսի խնդիր ունեն», քանի որ որոշ ՀՀԿ-ականներ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելը արդարացնելու համար ասում են, թե իշխանություններին այդ հարցում մեղադրելը նման է այն երեխային մեղադրելուն, որ «տակը չիշիկ է անում»:

Հարցին՝ կմիանա՞ք քառյակին՝ հնգյակ դարձնելու իմաստով, պարոն Հարությունյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց ուղղակի նշելով, որ իրենք գործում են նույն դաշտում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031