Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց արծիվները» Եռյակից ավելի շատ ժողովուրդ է հավաքում՝ իշխանափոխություն չի պահանջում». Գագիկ Մելիքյան

Հոկտեմբեր 14,2014 12:25

«ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրումը համընկել է Եռյակի հանրահավաքի հետ: Այն շփոթության մեջ դրեց հանրահավաքի մասնակիցներին, որոնք չկարողացան այդպես էլ ձեւակերպել իրենց նպատակները. Այդպիսով, մենք ունեցանք հուսախաբ եւ շփոթված ժողովրդի մի փոքր քանակություն, որն այդպես էլ չհասկացավ, թե ինչի համար է հավաքվել, որտեղ պետք է փնտրել իր խնդիրների լուծումը՝ հանրահավաքո՞ւմ, թե՞ իշխանությունների հետ»,- այսօր «Հենարան» ակումբում ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանն այսպիսի կարծիք հայտնեց Եռյակի հանրահավաքների մասին:

Նա վստահեցրեց, որ հանրահավաքում միասնական կոչեր այդպես էլ չհնչեցին. «Եթե Ժառանգությունը խոսում էր արտաքին քաղաքականության մասին, որը չընդունվեց Եռյակի մյուս անդամների կողմից: Եթե ԲՀԿ-ն ընդհանրապես որեւէ բան չասաց, ՀԱԿ-ը որոշակի առաջարկություններ արեց իշխանափոխության, որն ընդունելի չէր Ժառանգության կողմից եւ ընդունելի չէր նաեւ ԲՀԿ-ի կողմից: Այդպես էլ որեւէ մեկը հստակ չհասկացավ՝ վերջապես ժողովուրդը միասնական կարծիք այդ հանրահավաքում հայտնե՞ց, թե՞ չհայտնեց: Բոլորի համար ակնհայտ էր, որ միասնական կարծիք հանրահավաքում այդպես էլ չհնչեց: Իշխանությունների հասցեին որեւէ քննադատական խոսք միասնական չհնչեց: Քննադատական խոսք չհնչեց նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին, բացի «Ժառանգության» նախագահի խոսքը, որն ընդհատվեց ու այդպես էլ չշարունակվեց: Արտաքին քաղաքականության մասին եթե դրական ենք խոսում, ապա դա առանձնացնել ներքին քաղաքականությունից տարրական անգրագիտություն է: Ընդունում ենք դրական արտաքին քաղաքականությունը, ուրեմն ընդունում ենք նաեւ ներքին քաղաքականությունը: Դրանք իրարից անկախ չեն կարող լինել»:

Aravot.am-ի հարցին, որ ամբողջ հանրահավաքի ընթացքում կարմիր գծի նման հնչում էր այն միտքը, որ այս իշխանությունն ի վիճակի չէ լուծել իր առջեւ դրված խնդիրները եւ երկրին պետք է փոփոխություն, դա միասնական կարծիք չէ, չե՞ն ուզում իշխանություններից երեքն էլ ազատվել՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց.. «Ճիշտն ասած, ես այդպես էլ չհասկացա, Եռյակը Եռյակ էր, հետո քառյակ դարձավ, հետո էլի Եռյակ դարձավ երեկ: Ինչքան գիտեմ, ՀԺԿ-ն Եռյակի անդամ էր ու նրա միացումով Քառյակ չէր դառնալու: Երեկ Քառյակը Եռյակ դարձավ, միգուցե մի քանի օր հետո դուետ դառնա: Ամեն դեպքում միասնական պահանջ չհնչեցվեցին: Այդ պահանջների միասնական չձեւակերպումը հուսախաբ արեց ժողովրդին, եւ ժողովուրդը հասկացավ, որ Եռյակն իշխանություններին այլընտրանք չէ»:

Հարցին՝ եթե Եռյակը նպատակ ու ասելիք չուներ, ո՞րն էր նպատակը հանրահավաքի, չէ՞ որ այնուամենայնիվ, երեք ուժեր հավաքվեցին՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Իրոք, խնդիրներ գոյություն ունեն մեր երկրում եւ մենք դա երբեւէ չենք թաքցրել: Իրոք, ունենք աղքատություն, սոցիալական ծանիր վիճակ, ունենք արտագաղթ, կոռուպցիա: Ունենք բոլոր այն թերությունները, որոնք հնչում էին հանրահավաքի ընթացքում:

Իշխանությունները երբեք չեն թաքցրել, որ այդ խնդիրները գոյություն ունեն: Մենք ավելին ենք ասել, քան հանրահավաքում: Սակայն Եռյակն այդ խնդիրները շահարկելով՝ փորձում էին ստուգել իրենց ուժերը: Համոզվեցին, որ նույնիսկ սոցիալապես անապահով ժողովուրդը այնքան էլ լուրջ հավատով չի լցված Եռյակի հանդեպ: Եվս մեկ անգամ դա հիմնավորեցին Եռյակի անդամները՝ հենց հարթակում իրենց տարակարծություններով եւ անհստակ հայտարարություններով, որեւէ գործողության ծրագիր չունենալով: Եթե ժողովրդի այդպիսի փոքր քանակություն հավաքելով՝ փորձենք իշխանափոխություն պահանջել, կարող եմ ասել, որ «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավարը մի քանի անգամ ավելի շատ ժողովուրդ է հավաքում, մի քանի անգամ հավաքել է, բայց իշխանափոխության պահանջ չի դրել: Այնպես որ, ժողովրդի այդ քանակությունն էլ իշխանափոխության համար հիմք չի կարող հանդիսանալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031