Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. Ընդդիմադիրները, որ իշխանության հետ համատեղ քննարկում են բոլոր սցենարները ՝ վերադառնում են ու ասում իշխանական թևն է մեղավոր ամեն ինչում. «Իրատես de facto»

Հոկտեմբեր 14,2014 12:10

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը

– ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին Հայաստանը մասնակցելո՞ւ է։

– Իհարկե։ Զեկույցը բոյկոտելու մեր հայտարարությունը մենք փաստարկել և ընդգծել ենք, որ խնդիրը արդեն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին չի վերաբերում, ոչ էլ Եվրոպա-Հայաստան։ Սա Եվրոպայի եւ Եվրոպայի խորհրդի հայեցակարգային զարգացումների խնդիր է։ Կարող եք մտածել, թե Հայաստանը իր խնդիրներով Եվրոպայի համար դարակազմիկ հարցադրումներ է անում։ Բայց խնդիրը փոքրի ու մեծի մեջ չէ։ Մենք հայտնվել ենք համաեվրոպական շահերի բախման կիզակետում։ Այո, ինչքան էլ կաշառվածության աղտը տարածված է, կան մարդիկ, ում համար անընդունելի է Ադրբեջանի նման պահվածքը, որը վարկաբեկում է ողջ Եվրոպայի խորհուրդը, ովքեր շահագրգիռ են նրա հեղինակության համար, և մեր ուղին նրանց հետ կոնսոլիդացված աշխատանքն է։

– Ի՞նչ հարաբերություններ են պատվիրակության ներսում, ընդդիմադիր պատգամավորները արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում միասնակա՞ն են, թե՞ ամեն մեկն իր ասեղն է թելում։

– Այսօրվա պատվիրակության կազմը իր տեսակարար կշռով հօգուտ ընդդիմության է՝ ութ անդամներից հինգը ընդդիմությունն են ներկայացնում։ Իսկ մեր ոչիշխանական քառյակը կամ եռյակը իր ներսում էլ առանձնապես միասնական չէ և քաղաքական դիրքորոշումների մեծ տարբերություններ ունի։ Նույն տարբերակն է, ինչը ոչիշխանությունը նախընտրում է բոլոր հարցերում՝ անձերը մեզ դուր չեն գալիս, դուք չպիտի լինեք, այլ մենք։ Իսկ թե հայեցակարգային ինչ փոփոխություններ, քաղաքականության ինչ տարբերություններ կլինեն, այդ մասին չխոսենք։ Տարբեր միջազգային հարթակներում, հատկապես ազգային-պետական խնդիրներում, մեր պատվիրակությունները, որպես կանոն, միասնական են հանդես գալիս։

Կարճ ժամանակում, որ ես եմ ղեկավարում ԵԽԽՎ պատվիրակությունը, խնդիր եմ դրել, որ պատվիրակությունը հնարավորինս միասնական լինի, որ ներսում տարակարծություններ չունենանք, իսկ դրա լավագույն ճանապարհը բոլոր խնդիրների համատեղ քննարկումն է։ Պատվիրակությունը վարչական մարմին չէ, որ կառավարվի ուղղահայաց ենթակայության կանոններով, հրամաններով, կարգադրություններով, որոնց կատարումը պարտադիր է բոլորի համար։ Տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորներն ունեն իրենց կուսակցական տեսակետները, խնդիրներն ու քայլերը։ Մինչ օրս միասնական ենք աշխատել, տարակարծությունները հիմնականում դետալներին են վերաբերել։ Քննարկումների ընթացքում եղել են նաև տարբեր մոտեցումներ, որոնք պայմանավորված են փորձի պակասով։

Իհարկե, ունենք առավել համախմբված աշխատանքի և պատվիրակության անդամների աշխատանքների արդյունավետության խնդիր, որը խիստ էական է հատկապես այս շրջանում։ Առանց այն էլ մենք փոքրաթիվ պատվիրակություն ենք, յուրաքանչյուրի մասնակցությունը և ներդրումը կարևոր են։

– Նախկինում ԵԽԽՎ-ին աշխատանքի բերումով առնչված լինելով՝ կարող եմ վկայել, որ պատվիրակության անդամները, որպես կանոն, Ստրասբուրգում մի վարքագիծ ունեն, Երևանում՝ այլ, ինչո՞ւ։

– Դա ժամանակի մեջ անփոփոխ սկզբունք է։ Ընդդիմության ներկայացուցիչները, որ իշխանության հետ համատեղ քննարկում են բոլոր սցենարները և զարգացումները, համատեղ որոշում ընդունում ու կայացնում, վերադառնում են ու ասում իշխանական թևն է մեղավոր ամեն ինչում, իսկ իրենք պարզապես շրջագայելու էին գնացել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031